Հայերեն   English   Русский  

Ինեսա Վարդանյան. «Հպարտ եմ, որ Վանաձորի պատմության մեջ առաջին մարզուհին դարձա` հանդես գալով մարաթոնյան վազքում»


  
դիտումներ: 1116

Հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքում 5-րդ անգամ անընդմեջ կազմակերպվեց և անցկացվեց Երևան մարաթոնը, որին վանաձորցի մարզիկները տարբեր մրցատարածություններում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին:

Վանաձորի աթլետիկայի պատմության մեջ առաջին անգամ աղջիկ մարզուհին` Ինեսա Վարդանյանը, մրցաշարի ժամանակ հանդես եկավ մարաթոնյան վազքում (42կմ 195մ)` եզրագիծը հատելով 4.10,49 արդյունքով։

Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով, խոսում գրանցած արդյունքների, մարզաձևի ընտրության և աթլետիկայով զբաղվելու կարևորության մասին:


-Շնորհավորում եմ մարաթոնյան վազքատարածությունը հաջողությամբ հաղթահարելու և վանաձորյան աթլետիկայի հարուստ պատմության մեջ ևս մեկ հաջողված էջ կերտելու համար:


-Շնորհակալ եմ: 2015-ից` առաջին իսկ կազմակերպման տարեթվից, մասնակցում եմ Երևան կիսամարաթոնին: Նաև Վանաձորի մարզադպրոցի մարզիկների մեջ առաջին մարզուհին էի, որ մասնակցեցի Երևան Մարաթոնին, այնուհետև 2017-ից ինձ միացան նաև իմ թիմակից ընկերները:

Ինեսա Վարդանյան

Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևան Մարաթոնի կազմակերպիչներին նման միջոցառման համար, որտեղ անգամ ծանրաբեռնվածությունն է հաճելի թվում:
2015-ին 21,1կմ մրցատարածությունում գրավել եմ 6-րդ տեղը 139 մասնակիցների մեջ: 2016-ին որոշեցի փոխել վազքատարածությունս և մասնակցեցի 10կմ վազքին` գրավելով 2-րդ տեղը: 2017-ին կրկին վազեցի 21.1կմ՝ 150 մասնակիցների մեջ գրավելով 8-րդ տեղը: 2018-ին 6-րդն էի 11.5կմ մրցատարածույթունում: Նշեմ, որ այդ արդյունքները գրանցվել են ընդհանուր տարիքային խմբերով. իմ տարիքային խմբում ես ճանաչվել եմ թե՛ հաղթող, թե՛ մրցանակակիր:
Անդրադառնալով այս տարվա Մարաթոնին` նշեմ, որ, գնալով ռիսկի, որոշեցի ուժերս փորձել բոլորի համար այդքան սարսափելի 42կմ 195մ` մարաթոնյան մրցատարածությունում: Հաշվի առնելով իմ 1-ամսյա մարզումային պատրաստվածությունը, քանի որ ժամանակ չունեի երկար պատրաստվելու` ես գոհ եմ արդյունքիցս և շնորհակալ եմ իմ մարզիչ Գոհար Նազարյանին, որ այդ կարճ

Ինեսա Վարդանյան

ժամանակահատվածում ինձ թե՛ մարզելով, թե ՛ ոգևորելով հասցրեց այսպիսի բարձր արդյունքի: Մյուս անգամ ավելի երկար կպատրաստվեմ, և իմ արդյունքը կբարելավեմ: Ուրախ եմ նաև իմ ընկերուհի Լիլիթ Հարությունյանի համար, որը 5կմ մրցատարածությունում 1-ին տեղը գրավեց:
Ես հպարտ եմ, որ Վանաձորի պատմության մեջ առաջին մարզուհին դարձա, որը հանդես եկավ աթլետիկայի ամենադժվար մրցաձևերից մեկում՝ մարաթոնյան վազքում:


-Տեղյակ եմ, որ պարբերաբար մասնակցում եք նաև Թբիլիսիում անցկացվող մարաթոններին` բարձր արդյունքներ գրանցելով:

-Թբիլիսյան կիսամարաթոնին մասնակցությունս սկսել եմ 2016-ից` 10կմ մրցատարածությունում գրավելով 2-րդ տեղ: 2018-ին նորից 10կմ մրցատարածությունում դարձել եմ 2-րդը: 2019-ին մասնակցեցի 21,1կմ մրցատարածությանը, գրավեցի 4-րդ տեղը: Նշեմ նաև, որ Tbilisi Marathon-֊ի ժամանակ ևս մեկ Վանաձորյան ռեկորդ էլ եմ սահմանել կիսամարաթոնից (Half Marathon). 21.1կմ`1.33,04 արդյունքով։ Ինչպես Երևան Մարաթոնից, այնպես էլ Թբիլիսի Մարաթոնից շատ գոհ եմ և տպավորություններով լի:


-Նմանատիպ միջոցառումների անկացումը որքանո՞վ է կարևոր ապորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման գործում:


-Առաջին հերթին առողջ ապրելակերպի մեծ գրավական է, այնուհետ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական մարզիկների հաճելի պայքար, որի արդյունքում առաջ է գալիս աթլետիկայի կարևորությունը, թե՛ աճող սերնդի, և՛ թե

Ինեսա Վարդանյան

հասարակության համար:
-Աթլետիկայով զբաղվելու ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:


-Աթլետիկայով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից: Դպրոցական մրցումներին ակտիվ մասնակցեցի, ինչը չվրիպեց իմ սիրելի մարզիչ Գոհար Նազարյանի աչքից: Աթլետիկան հետաքրքիր է նրանով, որ ունի բազմաթիվ ձևեր, և ընտրության հնարավորությունը մեծ է:
Նշեմ, որ սպորտն իմ կյանքի իմաստն է դարձել: Այն ձևավորում է կամային որակներ, նպատակասլացություն և կանոնավոր ապրելակերպ: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հասնել հաջողության, եթե ունենա մեծ ձգտում և նպատակից հետ չկանգնելու ունակություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: