Հայերեն   English   Русский  

«Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում». Արա Բաբլոյան


  
դիտումներ: 271

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ,լրագրողների հետ զրույցում ասել է Ա.Բաբլոյանը:

Պատմելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելուն՝ Ա. Բաբլոյանը հայտարարեց. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. Այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Նա նշեց. «Եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ պաշտոնի ժամանակ»:

«Արդյո՞ք սա համարում է քաղաքական հետապնդում» հարցին նրա պատասխանը եղավ հակիրճ. «Ես ավելի բարձր եմ համարում ինձ այդ ամեն ինչից»:

Անդրադառնալով վիրահատության ընթացքից իրեն հարցաքննության տանելու մասին տեղեկությանը՝ Արա Բաբլոյանը նշեց.

«Ինքը՝ երևույթը, տհաճ էր, որովհետև ես հատուկ նշեցի, որ սրան մենք պատրաստվել ենք 20 տարի, և սա առաջին անգամ է, և ես կարծում եմ, որ իրավապահները պետք է ունենան նույն մոտեցումը, ինչ բժիշկները. եթե որևիցե մեկին պետք է բժշկի օգնությունը, չի կարելի բժշկին խանգարել»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին, որ առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսից ժամանած բժիշկների հետ համատեղ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: