Հայերեն   English   Русский  

Թրամփը ենթարկվում է Էրդողանի պահանջներին․Հարութ Սասունյան


  
դիտումներ: 241

Ամեն անգամ, երբ Թրամփը հեռախոսազրույց է ունենում մեկ այլ պետության ղեկավարի հետ, կարող ենք աղետալի արդյունք ակնկալել։

Թրամփը չի գիտակցում իր որոշումների հետևանքները Միացյալ Նահանգների և աշխարհի վրա: Նա իր գլխավոր օգնականներից պատշաճ տեղեկություններ չի խնդրում և չի հետևում նրանց խորհուրդներին:

Հոկտեմբերի 6-ին Թրամփի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բացառություն չէր: Մինչ Սպիտակ տունը դժկամորեն հրապարակեց Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազանգի ամփոփագիրը, որին հաջորդեց բացահայտողի զեկույցը, Էրդողանի հետ Թրամփի զրույցը դեռևս հրապարակված չէ, և ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչ է ասվել այդ հեռախոսազանգի ընթացքում: Այն ամենը, ինչ մենք գիտենք՝ Էրդողանը Թրամփին խնդրել է հեռացնել ԱՄՆ զորքերը Հյուսիսային Սիրիայից՝ թույլ տալով Թուրքիային ներխուժել Սիրիա, վռնդել հարյուր հազարավոր քուրդ քաղաքացիական անձանց 20 մղոն տարածքից Սիրիայի սահմանից ներս և սպանել հարյուրավոր քրդերի՝ ԱՄՆ դաշնակիցներին, որոնք տեղում պայքարի մեջ են ԻԼԻՀ-ի ահաբեկիչների դեմ։ Թուրքական զորքերը պատերազմական հանցագործություններ են կատարում, իսկ նախագահ Թրամփը թույլ է տվել նրանց դա անել․․․

Ամբողջ աշխարհն անմիջապես հասկացավ, որ սա Թրամփի թույլ տված կոպիտ սխալն էր: Նույնիսկ հանրապետական կոնգրեսականները, որոնք կուրորեն սատարում էին նրան ու անտեսում նրա բազմաթիվ անօրինականություններն ու անբարոյականությունները, բարձրաձայն քննադատում էին իրենց «սիրելի» Նախագահին: ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունումը, ինչը ստիպեց Թրամփին նույնն անել։

Հոկտեմբերի 9-ին, Թրամփի հետ Էրդողանի հեռախոսազրույցից երեք օր անց, թուրքական ուժերը ներխուժեցին Սիրիա։ Նույն օրը Թրամփը Էրդողանին ուղարկեց մի մանկամիտ նամակ՝ սպառնալով «կործանել Թուրքիայի տնտեսությունը, և ես դա կանեմ»։ Թրամփը նաև նախազգուշացրեց Էրդողանին, որ «եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը Ձեզ հավերժ հիշելու է որպես սատանա»։ Թրամփն ավարտեց իր նամակն ասելով Էրդողանին «Ձեզ մի՛ երևակայեք ուժեղ տղա, հիմար մի՛ եղեք ․․․ Ավելի ուշ Ձեզ կզանգահարեմ»։ Սա բացառիկ տխմար նախագահական նամակ էր՝ դիվանագիտական նամակագրության տարեգրության մեջ: Էրդողանի գրասենյակը հայտարարեց, որ նա Թրամփի նամակն անմիջապես նետել է աղբարկղը՝ իր արժանի տեղը․․․

Միևնույն ժամանակ, ի պատասխան գրեթե բոլորի խիստ քննադատությանն ամբողջ աշխարհում՝ բացառությամբ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի, Թրամփն սկսեց դուրս տալ իր սովորական անհեթեթությունները։ Նախ, նա քրդերին անվանեց Միացյալ Նահանգների դաշնակիցներ։ Այնուհետև փոխեց իր կարծիքը և նրանց անվանեց «կոմունիստներ», «ահաբեկիչներ» և «ոչ հրեշտակներ»: Թրամփն այնքան հեռու գնաց, որ մեղադրեց քրդերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում, (Ֆրանսիա) ԱՄՆ բանակին չաջակցելու համար՝ մոռանալով, որ քրդերը ոչ երկիր ունեին, ոչ բանակ․․․ Ըստ «Վաշինգտոն փոստի»՝ նախագահ Թրամփն իր պաշտոնավարման 1000 օրերի ընթացքում թույլ է տվել 13 435 կեղծ և ապակոմնորոշիչ հայտարարություններ։ Դա միջին հաշվով կազմում է օրական 13 սուտ՝ աննախադեպ ռեկորդ որևէ մեկի, առավել ևս Միացյալ Նահանգների նախագահի համար․․․

Իր հայտարարություններում քրդերին վարկաբեկելուց հետո, Թրամփն իր փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղարկեց Անկարա՝ ենթադրաբար զսպելու Էրդողանի դաժան վերաբերմունքը քրդերի նկատմամբ Սիրիայի հյուսիսում:

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո երկու կողմերը հակասական հայտարարություններ արեցին իրենց պայմանավորվածության մասին: Ամերիկյան կողմը համաձայնագիրն անվանեց «հրադադար», իսկ թուրքական կողմն այն անվանեց հնգօրյա «դադար»: Այնուամենայնիվ, Թրամփն արագորեն հայտարարեց, որ խոշոր հաղթանակ է տարել, ինչպես դա անում է բոլոր առիթներով, սովորաբար առանց որևէ արժանիքի: Համենայն դեպս, դա հաղթանակ էր թուրքերի համար, որոնք ձեռք բերեցին այն ամենը, ինչ ցանկանում էին Միացյալ Նահանգներից՝ կանաչ լույս շարունակելու իրենց ներխուժումը Հյուսիսային Սիրիա, զանգվածային տեղահանություններ և քրդերի դաժան սպանություններ։ Խիստ մտահոգիչ է թուրքական հարձակման ժամանակ ԻԼԻՊ-ի հարյուրավոր ահաբեկիչների փախուստը ճամբարներից։ Հրադադարը կամ դադարը նույնիսկ 24 ժամ չտևեց․․․ Թուրքական ուժերը և նրանց ջիհադական գործընկերները այն խախտեցին առաջին իսկ օրը։ Միայն հիմարը կվստահեր Էրդողանի խոստումներին կամ պայմանավորվածություններին: Զարմանալիորեն, Թրամփը համաձայնեց վերացնել Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, նախքան դրանք նույնիսկ կյանքի կոչելը:

ԱՄՆ պատժամիջոցների վերացումը հաստատվեց ՄԱԿ-ում Թուրքիայի և ԱՄՆ պատվիրակների ստորագրած ծավալուն նամակում՝ «Թուրք-ամերիկյան համատեղ հայտարարություն հյուսիսարևելյան Սիրիայի վերաբերյալ», որը հոկտեմբերին 17-ին ներկայացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

Այս նամակում ԱՄՆ-ը անամոթաբար անձնատուր եղավ Թուրքիայի պահանջներին․

- «․․․ԱՄՆ-ը հասկանում է Թուրքիայի վավերական անվտանգության մտահոգությունները Թուրքիայի հարավային սահմանի ուղղությամբ»:

- «Թուրքական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ապահովելու բոլոր բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ու բարեկեցությունը, որոնք գտնվում են թուրքական ուժերի կողմից վերահսկվող անվտանգության գոտում և վերահաստատեց, որ կձեռնարկվեն առավելագույն նախազգուշական միջոցներ, որպեսզի չվնասեն քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին»:

- «Երկու կողմերը պայմանավորվեցին անվտանգ գոտու շարունակական կարևորության և գործնականության շուրջ՝ Թուրքիայի ազգային անվտանգության հիմնախնդիրների լուծման համար ներառել Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ծանր զենքերի հավաքումը և դրանց ամրությունների ու բոլոր այլ մարտական դիրքերի ոչնչացումը»։

- «Թուրքական կողմը կդադարեցնի «Խաղաղության աղբյուր գործողությունը»՝ թույլ տալով YPG-ին 120 ժամվա ընթացքում հեռանալ անվտանգության գոտուց։ Նրանց հեռանալուց հետո «Խաղաղության աղբյուր գործողությունը» դադարեցվելու է»։

- «Խաղաղության աղբյուր գործողության» դադարից հետո ԱՄՆ-ը համաձայնում է հետամուտ չլինել պատժամիջոցների հետագա կիրառմանը՝ համաձայն նախագահի 2019 թ․ հոկտեմբերի 14-ի ՝ «Սիրիայում իրավիճակի զարգացմանը նպաստող որոշ անձանց ունեցվածքի արգելափկման և մուտքի դադարեցման» հրամանի և անհրաժեշտության դեպքում կաշխատի ու կխորհրդակցի Կոնգրեսի հետ՝ ընդգծելու համար Սիրիայում խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ ձեռնարկվելիք առաջընթացը` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի։ 11-րդ կետի համաձայն՝ «Խաղաղության աղբյուր գործողության» դադարից հետո, վերոնշյալ հրամանով սահմանված պատժամիջոցները կհանվեն»։

Հետաքրքիր է, որ թուրք-ամերիկյան համաձայնագրի տեքստում երբեք չի հիշատակվում քրդերի անունը, մինչդեռ ամբողջ թուրքական ներխուժումն իրականացվում էր Սիրիայի հյուսիսից քրդերին վերացնելու նպատակով։

Միացյալ Նահանգների զինված ուժերը տեղակայվել էին Սիրիայում միջազգային օրենսդրության խախտմամբ և հակառակ Սիրիայի կառավարության ցանկությունների։ Նույնը վերաբերում է նաև թուրքական ուժերին: ԱՄՆ ուժերի հեռանալը սխալ չէ․ սխալ էր նրանց ժամանումը։ Եվ Թրամփի պնդումը, թե ցանկանում է ԱՄՆ ուժերը դուրս բերել Մերձավոր Արևելքից, աղաղակող սուտ է, քանի որ նույն օրը, երբ նա որոշեց ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից, հայտարարվեց, որ այդ զինվորների մեծ մասը կտեղափոխվի Իրաք, և նա 3000 ԱՄՆ թարմ ուժեր է ուղարկելու Սաուդյան Արաբիա: Սա ևս Թրամփի հերթական ստերից մեկն է, որը պետք է ավելացվի նրա 13 հազարից ավելի ստերի շարքին․․․

Հարութ Սասունյան՝ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր






Մեկնաբանություններ - 1

agob.k     23.10.2019 amerqajiner anparoyaqan u martasbanner yn koryayen minjev sirya voj mi deg hagtanan jen unjer miyayn yrqirnnr qorjanelov u pnaqjutyun jegaspanutyun anelov
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: