Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հայտարարեց իր գահակալման մասին


  
դիտումներ: 138

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, համաձայն երկրի սահմանադրության և կայսերական տան մասին օրենքի, պաշտոնապես հայտարարեց իր գահակալման մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նրա ուղերձը հնչել է գահակալման արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում:

«Ես գահ բարձրացա սահմանադրության և կայսերական տան մասին օրենքի համաձայն: Անցկացնելով գահակալման արարողությունը՝ մենք այս մասին հայտարարում ենք երկրին և ամբողջ աշխարհին»,- ասել է միապետը:

Նա ընդգծել է, որ իր հայր Ակիհիտոն գահին է եղել ավելի քան 30 տարի և կիսել է ժողովրդի հետ ցավն ու ուրախությունը: «Ես անկեղծ հավատում եմ, որ Ճապոնիան իր իմաստնության և իր ժողովրդի ջանքերի շնորհիվ կհասնի հետագա զարգացման և իր ավանդը կունենա միջազգային հանրությունում բարեկամության և խաղաղության հաստատման գործում»,- ասել է կայսրը: Դրանից հետո վարչապետ Սինձո Աբեն շնորհավորել է Նարուհիտոյին գահակալության առթիվ:

Արարողությունն ընթացել է կայսերական պալատի ամենապատվավոր «Սոճիների դահլիճում»: Այնտեղ տեղադրված է հսկա գահ՝ 6,5 մետր բարձրությամբ և 8 տոննա քաշով: 59-ամյա կայսրն իր ելույթն ընթերցել է այս տախտակամածից: Նա հագել է Հեյան շրջանի (794-1185 թվականներ) հագուստ, ինչը թույլատրված է միայն միապետին: Կողքին չափերով ավելի փոքր թագն է 55-ամյա կայսրուհի Մասակոյի համար, որը նույնպես հագել է բազմաշերտ կիմանո՝ կարված վաղ միջնադարի ոճով:

Արարողությանը մասնակցելու համար Ճապոնիա են ժամանել 174 երկրների և տարածքների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետներ և պետությունների ղեկավարներ: Կայսրին շնորհավորելու համար հրավիրված են նաև ճապոնական հասարակության բոլոր խավերի 1,6 հազար ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական թևերի ղեկավարներ, կառավարության անդամներ և նախկին վարչապետներ, պրեֆեկտուրաների նահանգապետներ, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, բիզնեսմեններ:

Նարուհիտոն կայսեր լիազորությունները ստացել է մայիսի 1-ից հետո, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ հայրը՝ 85-ամյա Ակիհիտոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: