Հայերեն   English   Русский  

​Մեր նախարարը կառուցողական դաշտ չի գալիս. Գյումրիում ստեղծվել է աշխատողների իրավունքների պաշտպանության կոմիտե


  
դիտումներ: 159

Գյումրու տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի լուծարման մասին լուրը շարունակում է անհանգստացնող մնալ:

ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց շատ հարցերի պատասխաններ այդպես էլ մինչև հիմա չեն ստացել: Հոկտեմբերի 17-ին էլ պաշտոնապես ծանուցվել են, որ դեկտեմբերի 31-ից լուծարվում են նրանց աշխատանքային պայմանագրերը, սակայն բոլորը հրաժարվել են ստորագրել ծանուցագրերը, դա համարելով բողոքի ձև, որով հրավիրում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրությունը:

Չի լուծարվելու հաստատությունը, մեկնաբանում է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այլ կառավարությունը ծառայությունը մատուցելու է հասարակական կազմակերպության միջոցով: Սա իր հերթին բերում է աշխատակիցների որոշակի կրճատումներ:

- Մինչ որոշում կայացնելը կարելի էր քննարկել, բացատրել, ներկայացնել, լսել նաև դեմ կողմերին, թեկուզև դրանից հետո դարձյալ այս նույն որոշումն ընդունեին, - ասում է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը: Նաև նշում է, թե ամռանը այս մասին բանավոր խոսակցություններ եղել են, բայց թե ինչ է լինելու և ինչպես, մինչև վերջերս անհայտ է եղել. - Հուլիս ամսվա խորհրդակցության ժամանակ ասվեց, որ ծերանոցի հետ կապված պատվիրակված ծառայություն մատուցելու ծրագիր կա, օգոստոսին ասացին, թե մինչև հունվար դա տեղի կունենա, բայց թե ինչի մասին է խոսքը, ինչ պայմաններով՝ ոչինչ չգիտեի: Սեպտեմբերին արդեն ասացին, թե այդ երևույթը պարտադիր կլինի և կունենաք հաստիքային հնարավոր կրճատումներ: Սա է եղել մեր ունեցած ամբողջ ինֆորմացիան:

Հոկտեմբերի 16-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն է հանդիպել Գյումրու տուն-ինտերնատի աշխատակազմին և իրազեկել արդեն պատրաստի որոշման ու փոփոխությունների մասին: Տուն-ինտերնատն ունի 157 շահառու և 72 աշխատակից, որից 21-ը կենսաթոշակային տարիքի են, և կրճատման ենթակա են հենց նրանք, մյուս աշխատակիցներին առաջնահերթություն կտրվի աշխատանքային թիմ ձևավորելիս, ըստ նախարարության, այսպիսի պահանջ է դրվելու պատվիրակված կազմակերպության առաջ:

Տուն-ինտերնատի աշխատակիցները շահերի պաշտպանության կոմիտե են ստեղծել, մտածում են նաև աշխատակիցնրով հասարակական կազմակերպություն հիմնելու մասին, որպեսզի հենց իրենք կարողանան մրցույթին մասնակցել, սակայն նախարարության ներկայացուցիչները նշել են, թե արդեն ուշ է:

- Առաջարկով ենք դիմելու, որպեսզի իրատեսական ժամանակ տրվի և կարողանանք հասարակական կազմակերպություն ստեղծել ու մասնակցել մրցույթին, - ասում է շահերի պաշտպանության կոմիտեի անդամ Գևորգ Սուլուկյանը: Օրինակ է բերում, թե կառավարությունը մշտապես խոսում է ներառական սոցիալական ծրագրերի մասին, բայց հենց նույն կառավարությունն է իր ժողովրդավարությունը ռումբներով հաստատում. - տարեցներին աշխատանքից ազատում են՝ ստեղծելով նոր սոցիալապես խոցելի խումբ:
Շահերի պաշտպանության կոմիտեի մեկ այլ անդամ՝ Արսեն Սարգսյանն էլ անդրադառնում է նախարար Բաթոյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Գյումրու տուն-ինտերնատում մանիպուլյացիա են անում.

- Այսինքն, երբ խնամվողը հայտարարում է, թե ինքը հացադուլ է անում, որովհետև չի ուզում բաժանվել ամեն օր իրեն հաց տվող, լողացնող, տակը փոխողից, դա մանիպուլյացիա՞ է: Գիտե՞ք, մեր ամենացավոտ կողմերից մեկն էլ այն է, որ ուղիղ կապ չունենք նախարարության հետ և նախարարին միգուցե էդպես է ամեն ինչ ներկայացվում:

- Շատ վատ է, որ մեր նախարարը չի գալիս կառուցողական դաշտ, որը թույլ է տալիս եզրակացնել իր ֆեյսբուքյան գրառումը, կամ իրեն հասնում է խեղաթյուրված ինֆորմացիա: Այս պահին համագործակցության որևէ ակնարկ չենք տեսնում, - ասում է Գևորգ Սուլուկյանը:

Մոտ երկու օր հացադուլ հայտարարած բնակիչն էլ նշում է՝ ՛՛ես չեմ ուզում բաժանվել իմ սանիտարից, էսքան տարի կապված եմ հետը, հենց իր խաթեր էլ հացադուլից դուրս եմ եկել, որովհետև ինքն է խնդրել՛՛:
Գյումրու տուն-ինտերնատի մեկ այլ բնակիչ էլ նշեց, եթե աշխատակիցները փոխվեն, ապա ինքը կփախնի հաստատությունից:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: