Հայերեն   English   Русский  

Անդրե Աղասիի ինքնակենսագրական «Անկեղծորեն» գիրքը՝ արդեն նաև հայերեն թարգմանությամբ


  
դիտումներ: 2583

Հայազգի աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասին 2009թ.-ին հրատարակել էր իր ինքնակենսագրական գիրքը, որում նա անդրադարձել է իր կյանքի մանրամասներին` պատմելով նույնիսկ թմրադեղերի օգտագործման մասին:

Բացի այդ, աշխարհի նախկին առաջին թենիսիստը պատմել է, որ խաբել է ATP-ի ղեկավարությանը, երբ բացահայտվել է, որ իր օրգանիզմում մետամֆետամին կա: Նա վստահեցրել է, որ արգելված խթանիչն իր օրգանիզմում պատահաբար է հայտնվել: Այդ կերպ Աղասիին հաջողվել է խուսափել պատժից:

Շատ թենիսիստներ արդեն քննադատել են Աղասիին: Նրանց թվում են Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Մարատ Սաֆինը, Մարտին Նավրատիլովը և ուրիշներ:

«Բոլորը, ովքեր իրենց խոսքն սկսում են «Ես չեմ կարդացել, բայց…» խոսքերով, նախ պետք է ընթերցեն գիրքը, ապա արտահայտվեն: Խոսքը, մասնավորապես, Ռոջեր Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի և Մարտին Նավրատիլովի մասին է: Եթե նրանք կարդան և շարունակեն պահպանել իրենց կարծիքը, ես շատ կտխրեմ»,- Աղասիի խոսքերը մեջբերել է «Tennistalk»-ը:

Ամերիկահայ թենիսիստը խոստովանել է, որ այդ գրքով մտադիր է եղել օգնել ուրիշներին, որպեսզի իր սխալները չկրկնեն: «Խնդիրների, ցավերի ու դեպրեսիաների մեջ սարսափելի ոչինչ չկա: Մենք բոլորս էլ նման խնդիրներ ունենք, անկախ նվաճած մրցանակներից և վաստակած գումարներից»,- հայտարարել է Աղասին:

Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին, որը դասախոսությունով հանդես է եկել Լոնդոնի համալսարանում, տեղի թերթերից մեկին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ է ցանկացել ասել իր ինքնակենսագրական գրքում:

«Ես ցանկանում էի մարդկանց պատմել իմ իրական կյանքի մասին, ինչը լրիվ այլ կերպ էին պատկերացնում իմ երկրպագուները: Երեք տարի շարունակ տանը նստած գրում էի իմ ինքնակենսագրականը, որի ընթացքում միշտ մտածել եմ մեկ բանի մասին` գտնել ճշմարտությունը»:

Աղասին նաեւ խոստովանել է, որ մինչեւ 1997 թ չէր սիրում թենիսը եւ իրեն զգում էր «անիվը պտտեցնող դաշտամկան» նման. «Ես երբեք չեմ եղել թենիսի աշխարհի մասնիկը, որի անքակտելի մասերն են եղել թմրանյութերը, ալկոհոլը, գեղեցիկ աղջիկները: Իմ գործընկերները մշտապես խոստովանում էին, որ շատ են սիրում թենիսը եւ կորտերում տիրող մրցակցությունը, բայց դրանք կեղծ էին հնչում»:

Այդ գրքի վաճառքից Աղասին նվազագույնը 5 մլն դոլար եկամուտ ստացավ:

Ընդ որում` առաջին անգամ այն հրապարակվել է 500 հազար տպաքանակով:

Օրերս Երևանում լույս տեսավ աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիի ինքնակենսագրական գրքի հայկական տարբերակը։ Գիրքը կոչվում է «Անկեղծորեն»։

Թենիսի աստղն այն հրապարակել է ԱՄՆ-ում 2009 թվականին։ Գիրքը հենց նույն տարում թարգմանվել է ռուսերեն ու իսպաներեն, իսկ ահա հայերեն թարգմանությունը ընթերցողին է հանձնվում տասը տարի անց։

Գրքի առանցքային թեմաներից է Աղասիի հավերժ կոնֆլիկտը հոր՝ Էմանուիլ Աղասիի հետ, որը Իրանից գաղթած հայ է։ Ավագ Աղասին բռնցքամարտիկ էր ու որդու ծննդյան օրվանից երազում էր, որ նա հաջողակ սպորտային կարիերա ունենա։

Նա որդու համար ընտրել էր մեծ թենիսն ու երեք տարեկանից ստիպում էր Անդրեին օրական չորս ժամ պարապել։

14 տարեկանում Անդրե Աղասին նվաճել է իր առաջին ազգային տիտղոսն ու պատանիների շարքում դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն։ Սակայն հայրը չէր դադարում որդուց ավելին պահանջել ու ընդհանրապես բուռն խառնվածք ուներ, որը և ժառանգել է նրանից կրտսեր Աղասին։

«Մամ, - ասում են նրան, նայելով խանութի ցուցափեղկից՝ ինչպես է զայրացած հայրը մեկ հարվածում սեղանին, մեկ թափահարում ձեռքերը, - ինչպե՞ս ես դիմանում այս ամենին այսքան տարի։

- Էհ, չգիտեմ, չգիտեմ։ Մեր բախտը բերել է, որ նրան մի տեղ չեն սպանել։ Կամ բանտ չեն նստացրել։

Նայում եմ մորս ու մտածում․ կուզենայի հորս ջղայինության հետ մի փոքր մորս հանգստությունից ժառանգել»։

Աղասիի պապը՝ Դավիթ Աղասին, ծնվել է Կիևում, հետո գաղթել է Իրան՝ վախենալով թուրքական ջարդերից, փոխել է ազգանունն ու ավելի աննկատ Աղասի դարձել։ Թենիսիստի տատը՝ Նունիան, Թուրքիայի հայուհի էր։ Անդրե Աղասիի միջին անունը Քըրք է՝ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի պատվին։

Աղասին երբեք Հայաստանում չի եղել, սակայն Twitter-ի իր էջում բազմիցս աջակցել է Հայաստանի օգտին աշխատող բարեգործական ընկերություններին, նաև միացել է ամբողջ աշխարհի հայերի ֆլեշմոբին, որոնք պահանջում են, որ Թուրքիան, ԱՄՆ-ն և այլ երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Աղասին հայտնի բարեգործ է, Լաս Վեգասում կրթական հիմնադրամ ու սպորտային ակումբ է ստեղծել, որտեղ ավելի քան երկու հազար տղաներ և աղջիկներ անվճար թենիս են պարապում։

Հաշվի առնելով Աղասիի բարեգործ լինելը, նրա գիրքը լույս է տեսել «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում։ Իսկ դրանից ստացած եկամուտը բարեգործության է ուղղվելու։






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     21.10.2019 Անդրե Աղասիի հայկական ծագման մասին առաջին անգամ եմ այսպես մանրամասն տեղեկանում, թեեվ ժամանակին նրա կինը` Steffi Graf-ը Անդրե-ից լսել էր նրա հայկական ծագման մասին: Ի դեպ Ասորիներն էլ նրան համարում են իրենց ազգակիցը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: