Հայերեն   English   Русский  

Ապօրինությունները շատ ճչացող են. Լևոն Քոչարյան


  
դիտումներ: 50

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ ի պաշտպանություն Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի, որոնք դեռ սեպտեմբերի 29-ին էին կալանավորվել՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալկից վերաբերմունք դրսևորելու համար::

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին, ասաց, որ եկել է աջակցելու կալանավորված երիտասարդներին. «Այն ինչ կատարվում է, շատ պարզ է, սա անօրինականություն է, քանի որ քաղաքական հայացքների համար են կալանավորել նրանց։ Առնվազն այս դեպքով, մենք տեսնում ենք երկակի ստանդարտը, որը կիրառվեց։ Ասում են՝ արդարադատությանը խոչընդոտել են, դա աբսուրդ է։ Ի՞նչ արդարադատության խոչընդոտելու մասին կարող է խոսք լինել, եթե մոտենում են, հարց են տալիս, ամեն ինչը լայվ նկարվում է, չեն վիրավում, այլ վարչապետի խոսքն են կիրառում։ Մյուս կողմից արդարադատության խոչընդոտում չի որակվում այն, որ երբ սեպտեմբերի 16-ին դատավորը խորհրդակցական սենյակում էր, եւ պետք է հաջորդ օրը որոշում կայացներ՝ հորս խափանման միջոցը փոխելու՝ ՍԴ-ի որոշման հիման վրա, փաստորեն, դատավորը լինելով խորհրդակցական սենյակում՝ երկրի առաջին դեմքերը, ի դեմս՝ վարչապետի, ԱԺ նախագահի որակում են տալիս ՍԴ-ի որոշմանը՝ որն ապօրինի է, դա էր արդարադատության խոչընդոտումը, եթե այդ ամեն ինչին որակում չի տրվում, չհաշված նաեւ մնացած դեպքերը, երբ դատարաններ էին արգելափակում հորս ազատ արձակելուց հետո»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում դատավորների 2 տեսակ կա, որն ակնհայտ երեւում է.

«Պարզ տեսնում ենք, որ կոնկրետ նպատակ կա, այն դատավորը, ով իրենց հաճո է, իրենց համար լավ որոշում է կայացնում, իրեն ասել են՝ բոլոր ապօրինություններին կարող ես դիմել, ամեն ինչ անել, մենք քո մեջքին կկանգնենք։ Մյուս դատավորները, ովքեր չեն ենթարկվում իրենց, եւ իրենց ուզած որոշումը չեն կայացնում, իրենց հանդեպ ամեն ինչ թույլատրվում է, նրանց լիազորությունները կասեցնում են։ Այդ ապօրինությունները ինչ-որ մարդկանց սրտով է։ Ապօրինությունները շատ ճչացող են»։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը այսօր հետաձգվեց, այն կքննվի հոկտեմբերի 23-ին։

Ակցիայի մասնակիցները նստել էին դատարանի աստիճաններին, իսկ ոստիկանները հորդորում էին ակցիա իրականացնողներին ազատել տարածքը, քանի որ նրանք փակում են մուտքը, որն անօրինական է։ Սակայն քաղաքացիները իրենց ակցիան շարունակեցին աստիճաններին նստած՝ պնդելով, որ որեւէ անօրինական քայլ չկա իրենց գործողություններում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: