Հայերեն   English   Русский  

Սարհատ Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական էր գնահատում, բայց նրա հայտարարությունն ինձ համար էլ էր անհասկանալի. Ավինյան


  
դիտումներ: 85

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ

ինքը խոսել է Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ մինչև հրաժարականի դիմումը հրապարակելը:

«Նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որը հանդիսանում է իմ խորհրդականը, նաև ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Ընդհանուր առմամբ, ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,-նշեց նա։

Ավինյանը նաև նշեց՝ ինչ վերաբերում է նրան, որ իր պաշտոնը թույլ չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել, ենթադրում է, որ Սարհատ Պետրոսյանը մի փոքր այդ հարցից էր հիասթափված, «իսկ թայֆայաբազության և կոռումպացվածության մասին իր հայտարարությունների մասով կխնդրեմ հենց պարոն Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետև սա ինձ համար էլ էր նորություն»։

Դիտարկմանը, որ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ կար նաև իր անունը, Տիգրան Ավինյանն ասաց․ «Հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն իմ խորհրդականն է, իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում, կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել»։

Հարցին՝ իր մեղքի բաժինը տեսնո՞ւմ է, Ավինյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, սակայն իր համար էլ այս հայտարարությունը ինքնին անհասկանալի էր։

Ավինյանը նշեց՝ Սարհատ Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական էր գնահատում։

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ Սարհատ Պետրոսյանին այլ պաշտոնի նշանակելու հարց չի քննարկվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: