Հայերեն   English   Русский  

​«Հացը հիմնականում այն է, ինչի մասին խոսում է ձեր մշակույթը». CNN-ի անդրադարձը հայկական լավաշին


  
դիտումներ: 527

Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացերի շարքում: CNN-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:

«Ի՞նչ է հացը: Այս հարցի հետ կապված ամենայն հավանականությամբ դուք կարիք չունեք երկար մտածելու: Դուք ցանկանում եք մի կտոր հաց համտեսել, և այդ ընթացքում այն, ինչ դուք պատկերացնում եք, շատ բան է պատմում ձեր ծագման մասին»,-նշել է հոդվածագիրը: Հեղինակը հոդվածում հիշեցնում է մասնագետների այն խոսքը, որ «հացը հիմնականում այն է, ինչի մասին խոսում է ձեր մշակույթը»:

CNN-ն առանձին-առանձին ներկայացրել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի, ինչպես նաև Հայաստանի և շատ այլ երկրների ազգային հացերը:

«Գերմանիայի Վեսթֆալիա շրջանում հացթուխները մի քանի հաց են թխում 24 ժամվա ընթացքում, իսկ ահա ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ տեսք է ստանում 30 վայրկյանում թոնրի ներսում»,-նշել է հոդվածագիրը:

Հոդվածում հեղինակը ներկայացնում է լավաշը թխելու գործընթացը և նշում, որ դրանում անհրաժեշտ է ընկերների օգնությունը:

«Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է հացը ձեռքին, մի զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որը խորհրդանշում է առատություն ու բարեկեցություն: Լավաշը պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, համապատասխան բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում են նախապես տաքացված թոնրի մեջ»,-նշել է հոդվածի հեղինակն՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ վարպետություն է պահանջվում:

Լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից է, այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Հացը հայերիս համար սրբություն է, աստվածային պարգեւ: Հայկական հնագույն հացատեսակներից է լավաշը՝ մեր անուշաբույր, անկրկնելի, հնում մեր ամենօրյա կյանքի անբաժան ուղեկիցը: Այն հարսն ու փեսայի ուսին դնելով' առատություն ու օրհնություն էին ակնկալում երկնավորից: Լավաշը հայի փրկությունն էր ձմռան երկար ու ձիգ ամիսներին: Բառն ունի հայկական ծագում եւ չպետք է այն որոնել պարսկական ու հնդկական բառարաններում:

Մեր նախնիները իրենց հարուստ ժառանգության հետ լավաշն էլ տարան Իրան ու Հնդկաստան: Բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաեւ մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին:

ՎԱՀԱԳՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԸ

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ: Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևո





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: