Հայերեն   English   Русский  

Լիլիթ Հարությունյան. «Երազանքս է, որ ես և աղջիկս մրցենք ու նրա հաղթանակով թողնեմ ակտիվ սպորտը»


  
դիտումներ: 1374

Արդեն 5-րդ տարին անընդմեջ հոկտեմբերին Երևանում անցկացվում է ամենավառ, գունեղ և հույզերով լի միջոցառումներից մեկը՝ Երևան մարաթոնը:

Վազքուղին անցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ ներառելով քաղաքի տեսարժան վայրերը:

Մարաթոնին տարբեր երկրներից, Հայաստանի մարզերից մասնակցում են բոլոր ցանկացողները՝ երեխաներն ու մեծահասակները, պրոֆեսիոնալ վազորդներն ու մարզասերները: Վազքուղու երկարությունը 1 կմ-ից մինչև 42,2 կմ: Մասնակցությունը վճարովի է. ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով:

Արդեն 3-րդ տարին անընդմեջ մարաթոնին մասնակցում է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանը: Այս տարի առանձնհատուկ էր նրանով, որ մրցմանը մասնակցեց նաև Լիլիթի գեղեցկուհի դուստրը՝ Վիկտորիա Ղազարյանը: Մայր և դուստր հաղթող ճանաչավեցին իրենց մրցատարածություններում:

Անկախի հետ զրույցում Լիլիթը խոսում է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորության և անհրաժեշտության, Վիկտորիայի գրանցած հաջողությունների և իր մայրական երազանքի մասին:

-Լիլիթ ջան, արդեն ավանդական դարձած երևանյան մարաթոնն իրական տոն է քաղաքի, վազքասերների և բոլոր մարզասերների համար համար. նմանատիպ միջոցառումների անցկացումը որքանո՞վ է կարևորվում:

Լիլիթ Հարությունյան 2019

- «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և Triclub Yerevan սպորտային ակումբի կողմից արդեն 5֊րդ տարին անընդմեջ Երևանի կենտրոնում անցկացվում է սկզբից Half Marathon (կիսամարաթոն) միջազգային բարեգործական մրցաշարը, ծրագրում նախատեսված մանկական 1կմ, մեծահասկների համար 5կմ, 12կմ, 21,1կմ և վերջին 2 տարում՝ նաև մարաթոնյան վազք 42կմ 195մ, որից հետո էլ մրցման անունը վերանվանվեց Yerevan Marathon։

Նշեմ նաև, որ այս մրցաշարի կազմակերպիչները նմանատիպ միջոցառումներ են անցկացնում նաև Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և այլն։

Մրցումներին մասնակցելու համար մասնակիցները գրանցվում են՝ վճարելով գումար: Կազմակերպիչները հավաքված գումարով բարեգործություն են անում։

Աշխարհի շատ երկրներում են անցկացվում նմանատիպ բարեգործական վազքարշավներ. թերևս կարելի է առանձնացնել ամենահեղինակավոր բարեգործական մարաթոններից մեկը` Berlini Marathon@ (այս մարաթոնին վերջին 2 տարում բարձր արդյունքներ են գրանցվում)։

Հազարավոր սիրողական վազորդների հետ մրցում են նաև բազմաթիվ երկրներից ժամանած պրոֆեսիոնալ վազորդներ։

Շնորհակալ ենք Yerevan Marathon մրցաշարի կազմակերպիչներին, որ նաև մեզ `ՀՀ հավաքականի անդամներին, հնարավորություն են տալիս ևս մեկ լրացուցիչ մրցման մասնակցելու։

Նմանատիպ միջոցառումները սերմանում են սեր՝ դեպի վազք, նպաստում են մասսայական սպորտի և տուրիզմի զարգացմանը։

-Վանաձորցի մարզիկները Ձեր ամուսնու՝ մարզիչ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ հրաշալի ելույթներ ունեցան՝ աչքի ընկնելով իրենց ձեռքբերումներով: Շնորհավորում ենք:

ԼԻլիթ Հարությունյան 2019

-Շնորհակալ եմ: Արդեն 3-րդ տարին անընդմեջ մարզիչ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ մասնակցեցինք այս գեղեցիկ մրցաշարին։

2017թ. հանդես էի եկել 11,5կմ և գրավել 2-րդ տեղը։

2018թ. հանդես եկա 5կմ և դարձա հաղթող։

Այս տարի նորից հանդես եկա 5կմ մրցատարածությունում և լարված պայքարում դարձա հաղթող։

Մրցակիցս Ռուսաստանի ներկայացուցիչ Քրիստինա Շրապինան 4,5կմ լուրջ դիմադրություն ցույց տվեց և միայն վերջին՝ 500 մետրում հաջողվեց նրան շրջանցել (19:46)։ Այս տարի հատուկ չէի պատրաստվել այս մրցման համար, ակտիվ հանգստի մեջ էի։ Գոհ եմ ելույթիցս։

Վանաձորցի մեր մյուս պատանի հեռանկարային մարզիկները` Ռաիսա Սիմոնյանը, Անժելիկա Հովհաննիսյանը և Գեորգի Առաքելյանը, իրենց լավ կողմերով դրսևորեցին մեծահասակների պայքարում։

Վանաձորցի մյուս մարզուհին` Ինեսա Վարդանյանը, դարձավ Վանաձորից առաջին աղջիկ վազորդը, որը հաջողությամբ հաղթահարեց մարաթոնյան վազքը։

Նշեմ նաև, որ ՀՀ հավաքականի անդամներից հաղթողներ դարձան նաև Երվանդ Մկրտչյանը(Գյումրի) և Վանյա Սարգսյանը(Գյումրի)։

-Պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը լրացուցիչ գրավչություն հաղորդու՞մ է մարաթոնին:

-Մրցման մեկնարկից սկսված արդեն պարզ է դառնում, որոնք են պրոֆեսիոնալ վազողները։ Իրենք գիտեն իրենց գործը, և սկզբից մինչև վերջ գնում է դիտարժան և լարված պայքար յուրաքանչյուր տեղի համար։

Իսկ սիրողական վազողները վազում են իրենց հաճույքի, առողջության համար, ինչպես նաև իրենց առջև նպատակ են դնում ամեն գնով հաղթահարելու երկար և դժվար տարածությունն ու հասնելու եզրագծին ։

Հաճելի է, երբ վազում ես հարյուրավոր սիրողական և պրոֆեսիոնալ վազորդների հետ։

Իսկ ֆինիշից հետո ուրախանում ես,հատկապես երբ առաջատար շարքերում ես տեսնում ես հարյուրավոր, ինչու չէ, հազարավոր վազորդների։

-Խոսենք նաև անչափ կարևոր իրադարձության մասին: Ձեր դուստրը՝ Վիկտորիա Ղազարյանը, առաջին անգամ դուրս եկավ պաշտոնական մեկնարկի՝ 6 տարեկանների խմբում 53 մասնակիցների պայքարում 1000մ վազքում 1-ին տեղը գրավելով 4:34 արդյունքով: Վիկան գնու՞մ է ծնորղների ճանապարհով:

Լիլիթ Հարությունյան 2019

-Փոքրիկ Վիկտորիային ծնվելուծ հետո, 15 օրականից սկսած, ամեն օր ես և ամուսինս, մեծ դժվարություններ հաղթահարելով (օրական 20կմ հասարակական տրանսպորտով), տարել ենք իմ մարզումներին։

Շատ խոչընդոտներ ենք հաղթահարել։

Վիկտորիան շատ է սիրում աթլետիկան, վազքը, մարզումների ժամանակ չենք կարողանում կանգնեցնել։

Իհարկե դեռ շատ փոքր է աթլետիկայով մարզվելու համար։

Մեծ անհանբերությամբ էր սպասում այս մրցմանը, որը դարձավ Վիկտորիայի առաջին, այսպես ասած, պաշտոնական մրցումը և այն հաղթական ավարտ ունեցավ (մինչև 6 տարեկանների 53 մասնակիցների մեջ 1-ին, իսկ մինչ 12տարեկանների պայքարում 388 մասնակիցների մեջ 12֊րդ տեղ)։

Ցույց տված 1կմ 4 րոպե 34վրկ. արդյունքը շատ բարձր է 6 տարեկանի համար։

Անկեղծ, նման արդյունք չէինք սպասում։ Մեր պատկերացմամբ 5.30-6.00 րոպե պետք է վազած լիներ։

2016թ. Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ Mediamax-ին տված հարցազրույցում արտահայտել էի ցանկությունս, որ սպորտը կթողնեմ այն ժամանակ, երբ աղջիկս ինձ կհաղթի: Կարծես թե երազանքս կիրականանա մի քանի տարի հետո։ Երազանքս է, որ ես և աղջիկս գոնե մեկ անգամ հավասարը հավասարի նման վազքուղում իրար հետ մրցենք։

-Լավագույն օրինակ եք ոչ միայն մարզուհիների, այլև բոլոր կանանց համար, որ կինն ընտանիք կազմելով, մայրանալով կարող է մնալ ակտիվ սպորտում, զբաղվել սիրած գործով և հաջողություններ գրանցել, ձեռքբերումներ ունենալ:

-Միշտ իմ օրինակով ցանկացել եմ բոլորին ցույց տալ, որ սպորտը աղջիկների համար տարիքային սահմափակում չի ճանաչում, սպորտը չի ավարտվում 17-18 տարեկանում կամ ամուսնությամբ։

Լիլիթ Հարությունյան 2019

Հպարտ եմ, որ Հայաստանի այն եզակի մարզուհիներից եմ, որ ամուսնությունից և մայրանալուց հետո կարողացել եմ հաջողությունների հասնել։

Հայաստանում իմ նման 2 մարզուհու գիտեմ, որ մայրանալուց հետո շարունակել են սպորտով զբաղվել` մեր անվանի ծանրորդուհիներ Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը։

Այս վերջին աթլետիկայի աշխարհի առաջնությանն էլ ականատես եղանք օլիմպիական չեմպիոններ Յամայկացի 32-ամյա Shelly-Ann Fraser-Pryce (100մ) և ամերիկացիներ 34-ամյա Alyson Felix(4×400մ) և 31-ամյա Nia Ali(100մ արգելավազք) ելույթներին, որոնք մայրանալուց հետո կարճ ժամանակում կարողացան կրկին փայլել և չեմպիոնի կոչումը կրկին նվաճել աշխարհի առաջնությունում՝ այս անգամ հաղթանակը նշելով երեխան գրկին։ ՀԵՐՈՍ ՄԱՅՐԻԿՆԵՐ ԵՆ։

Ոչ բոլորն են հասկանում այն դժվարությունները, թե մայրանալուց հետո երեխայի հետ որքան դժվար է վերադառնալ սպորտ և հաջողության հասնել։

Ես էլ ինչ-որ չափով վայելել եմ այդ հաճույքը: Շատ անգամ պարգևատրվելիս երեխայիս հետ եմ պատվանդան բարձրանում։

Հիմա մյուս երազանքս է, որ ես և աղջիկս մրցենք ու աղջկաս հաղթանակով ավարտեմ սպորտը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: