Հայերեն   English   Русский  

​Ի վերջո կկառուցվի՞ օլիմպիական չեմպիոնի մարզադպրոցը


  
դիտումներ: 554

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հաստատվեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման նպատակով գումարի հատկացումը:

Շուրջ 24 մլն դրամ է նախատեսվել այս նպատակի համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ankakh.com-ի հետ զրույցում նշեց նոր մարզադպրոց կառուցելու համար արդեն երկու քայլ կատարվել է՝ ստեղծվել է էսքիզային նախագիծը, և արդեն գումար է հատկացվել նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:

- Նոր մարզադպրոց կառուցելու երկու պատճառ կա. նախ հին մասնաշենքի աշխարհագրական դիրքը՝ քաղաքի ծայրամասում, և հետո, այդ շենքի շատ վատ ֆիզիկական վիճակը: Հետո այն բավականին փոքր է համեմատած իրական կարիքների հետ: Եվ ի վերջո, սա մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցն է, ու մեր պետությունը պարտավորություն ունի մեծարել Արթուրին և հավերժացնել նրա անունը կոնկրետ այս մարզադպրոցով, - ասում է Գևորգ Լոռեցյանը:

Մարզադպրոցի նոր շենքի համար արդեն իսկ Գյումրու քաղաքապետարանը տարածք է հատկացրել, փոխնախարարը փակագծերը չի բացում, բայց նշում է՝ լավագույն տեղանքն է այս նախաձեռնության համար:

- Ամենակարևորը՝ Գյումրին ունենալու է մեծ համալիր. լինելու է ոչ միայն ըմբշամարտի մարզումային դպրոց, այլև այնտեղ լինելու է մրցումային դահլիճ՝ նստատեղերով, և Գյումրին հնարավորություն կունենա ապագայում ընդունել խոշոր մրցաշարեր: Կլինի շատ գեղեցիկ արտաքին ձևավորում, կանաչապատում:

Երբևէ չի էլ քննարկվել մարզադպրոցի պատկանելիության հարցը, նշում է Գևորգ Լոռեցյանը, քանի որ մարզադպրոցը քաղաքապատկան է և գործում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ:
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շենքային պայմանների բարելվման մասին խոսվում է Արթուրի առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց ի վեր: Ամեն տարի նոր խոստում է հնչում, յուրաքանչյուր կառավարություն իր նախահաշիվն է կազմել տալիս, բյուջեից միջոցներ հատկացնում և դրանով ամեն ինչ ավարտվում է:

- Եթե չեմ սխալվում նախագծահաշվային փաստաթղթեր են կազմվել 2017 թվականին, բայց դա ներկայումս գործող մարզադպրոցի շենքին է վերաբերում, ուստի մեզ հարկավոր էր նոր շենքի համար հաշվարկներ կատարել: Էսքիզային նախագիծը կազմվել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից, փորձել ենք ներգրավել մեր գիտական պոտենցյալը, նաև ուսանողական ռեսուրսը, այսինքն, փորձել ենք հնարավորինս այս նախագծին համ ու հոտ հաղորդել, - ասում է փոխնախարարը:
Շինարարությունը մեկնարկելու է 2020 թվականի գարնանը, իսկ թե երբ է ավարտվելու, այս պահին փոխնախարարն ասել չի կարող, դեռ պետք է նախագծողները առաջարկվող 2-3 տարբերակից ընտրեն, թե մարզադպրոցն ինչ նյութերից է կառուցվելու, ըստ այդմ էլ կսահմանվեն աշխատանքների ժամկետները: Իսկ բազմաթիվ անգամներ այսօրինակ խոստումներ լսող գյումրեցիներին Գևորգ Լոռեցյանը վստահեցնում է՝ <արագացված տեմպերով է լինելու մարզադպրոցի կառուցումը>:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: