Հայերեն   English   Русский  

​Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին


  
դիտումներ: 181

Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է Բելգիայի դատախազի գրասենյակ, քանի որ Իսպանիայի գերագույն դատարանն այս շաբաթ հրապարակել էր իր ձերբակալության երրորդ միջազգային օրդերը: Նա դատախազություն է գնացել փաստաբանի հետ:

Այդ մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով Catalan News գործակալությանը:

Քաղաքական գործչին տարել են դատարան: Այնտեղ նա հիշեցրել է, որ օգտվում է իմունիտետից որպես Եվրախորհրդարանի պատգամավոր:

Բելգիայի դատարանը որոշել է չձերբակալել Պուչդեմոնին, քանի դեռ չի որոշվել նրան Իսպանիա արտահանձնելու հարցը: Քաղաքական գործիչը իրավունք է ստացել հեռանալ Բելգիայից դատարանի թույլտվությամբ: Այդ կերպ, ի դեպ, նրան չեն ձերբակալել նաև Մադրիդի նախորդ երկու պահանջների դեպքում:

Պուչդեմոնը լքել է Իսպանիան Կատալոնիայի անկախության քաղաքական ուղղության ձախողումից և իշխանությունից հեռացվելուց հետո: Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվեից հետո, որը Մադրիդը անօրինական ճանաչեց, Իսպանիան Պուչդեմոնին և Կատալոնիայի մյուս առաջնորդներին սեպարատիզմի, ապստամբության սադրանքի և ֆինանսական մեքենայությունների մեղադրանք ներկայացրեց:

Հոկտեմբերի 14-ին Իսպանիայի գերագույն դատարանը կատալոնյան ինը գործիչների վերաբերյալ վճիռ կայացրեց, նրանք 9-13 տարվա բանտարկության դատապարտվեցին: Այդ որոշումը Կատալոնիայում անկախության կողմնակիցների ընդվզման ալիք բարձրացրեց: Միաժամանակ դատարանը Պուչդեմոնի ձերբակալման հերթական՝ երրորդ օրդերը տվեց:

2019 թ. գարնանը Ժեներալիտետի նախկին նախագահը, չնայած Իսպանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի արգելքին, ընտրվեց Եվրախորհրդարանի պատգամավոր:

Հոկտեմբերի 17-ին Ժեներալիտետի գործող նախագահ Կիմ Տորրան առաջարկեց շարունակել անկախության ուղղությունը և նոր հանրաքվե անցկացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: