Հայերեն   English   Русский  

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը


  
դիտումներ: 221

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Սակայն ՍԴ-ն այսօր որոշել է մերժել գործի քննությունը։

«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»,- ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ:

Քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածները վերաբերվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: