Հայերեն   English   Русский  

Ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին


  
դիտումներ: 88

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը, ասել է.

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»:

Այն հարցին, որ հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ, Նաղդալյանը նշել է.

«Այն, որ հայերը Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: