Հայերեն   English   Русский  

30 տարի անց Գյումրիում զբոսայգու վերակառուցման սկիզբն է ազդարարվել


  
դիտումներ: 244

Գյումրու <Բարեկամության այգին>, որ 30 տարի է վերածվել է տնակային ավանի, վերջապես հնարավորություն կունենա ծառայել իր կոչմանը:

<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ> հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրերի շրջանակներում այգին վերակառուցվելու է: <Ավրորա> ֆորումի շրջանակներում Գյումրիում տրվեց նաև այգու վերակառուցման ծրագրի մեկնարկը:

- Այսօր ներկա է ճարտարապետ Սևակ Պետրոսյանը Ամերիկայից, նա այստեղ յուրահատուկ ծրագիր է անում և մենք հույս ունենք, որ այն կլինի շատ ունիկալ ծրագիր և Գյումրին տարբերությունը կզգա, - ասում է <Ավրորա> ֆորումի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Եվ շարունակում է, - Մենք ուզում ենք, որ Գյումրին, որը 20-ական թվականներին 20 հազար որբ է մեծացրել, նորից իր մեծությունը ցույց տա:

Ողջունելով նախաձեռնությունը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, թե այս այգու վերակառուցումը մեծ խորհուրդ ունի. <Ինձ համար բարեկամությունը հենց մարդասիրությունն է՝ գործողության մեջ, նաև խիստ կարևորում ենք այն, որ այս ամենը տեղի է ունենում մեծ մարդասերի՝ Շառ Ազնավուրի արձանի ներքո, իսկ այս միջոցառմանը ներկա է նաև նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Մեզ համար մեծ պատիվ է>:

Այս նախագծով IDeA-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ հզորացնելու տեղի համայնքը, զարկ տալու սոցիալական և տնտեսական փոփոխություններին և նպաստելու Գյումրիի կայուն զարգացմանը: Մի քանի տարի տևած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1988թ.-ից ի վեր Գյումրին բաժանված է եղել միմյանցից անջատ գոտիների: <Բարեկամության> այգին, ըստ հիմնադրամի, կապող օղակ կդառնա պատմական կենտրոնի, արդյունաբերական և բնակելի գոտիների միջև:

Այգին զբաղեցնում է շուրջ 7.2 հա տարածք, վերակառուցումից հետո Գյումրիում բարեկարգք կլինի ճիշտ այդքան մակերես նույնպես: Այն կդառնա Գյումրիում ևս մեկ զբոսաշրջային վայր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: