Հայերեն   English   Русский  

​Բրեքսիտի նոր հետաձգման կարիք չի լինի. Ժան-Կլոդ Յունկեր


  
դիտումներ: 188

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն այսօր Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (բրեքսիտ) ժամկետի երկարաձգման կարիք չի լինի:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ունենք պայմանագիրը: Նշանակում է որևէ կերպ բրեքսիտի երկարաձգման կարիք չի լինի,- ասել է նա:- Այս համաձայնագիրը վստահություն է ապահովում այնտեղ, որտեղ բրեքսիտը անվստահություն և անկայունություն է ստեղծում: Իհարկե, այժմ այս փաստաթուղթը պետք է հաստատեն Եվրամիության և Մեծ Բրիտանիայի խորհրդարանները»:

Նա խոստացել է՝ «հենց որ համաձայնագիրը հաստատվի, կողմերը կսկսեն բանակցություններն ապագա հարաբերությունների մասին»: «Մենք դա կանենք անմիջապես նոյեմբերի 1-ին»,- հայտարարել է Յունկերը:

Ջոնսոնը և Յունկերը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին՝ սահմանափակվելով հակիրճ հայտարարություններով: Նույնիսկ Յունկերը ստիպված է եղել ձայնը բարձրացնել, երբ Ջոնսոնի խոսքի ժամանակ տասնյակ լրագրողներ սկսել են հարցեր բղավել: Էհեհե՝ գոռացել է Յունկերը, և երբ աղմուկը մարել է, ավելացրել է. «Ես տխրում եմ, երբ մտածում եմ բրեքսիտի մասին»: Որից հետո երկու առաջնորդները հեռացել են դահլիճից՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: