Հայերեն   English   Русский  

​Թունիսի քաղաքացիները նախապատվությունը տվեցին իրավագետին


  
դիտումներ: 136

Անկախ թեկնածու Կաիս Սաիդը, որը քվեարկության երկրորդ փուլում ստացել է ձայների ավելի քան 72 տոկոսը, ընտրվել է Թունիսի նախագահ։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թունիսի ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովին (ԸԲԱՀ)։

«Նախագահական ընտրություններում հաղթել է Կաիս Սաիդը, որը ստացել է ընտրողների ձայների 72,71 տոկոսը»,- ասել է ԸԲԱՀ ներկայացուցիչը մամլո ասուլիսում։

Պետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին քվեարկության առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները՝ Կաիս Սաիդը և «Թունիսի սիրտը» կուսակցության առաջնորդ, մեդիամագնատ Նաբիլ Քարուին, որը քվեարկության նախօրեին ազատվել էր բանտից: Նա անազատության մեջ էր հայտնվել կոռուպցիայի և ֆինանսական խարդախությունների մեղադրանքներով։

Սաիդի հաջողությունը նախագահական ընտրություններում քաղաքագետները բացատրում են նրանով, որ նա կապ չունի քաղաքական վերնախավի հետ։ Սաիդը հրաժարվել է բյուջեի միջոցներով իր քարոզարշավի ֆինանսավորումից, իսկ նրա շտաբն ընդամենը 15 մարդ ուներ։ Նա հանրային հանրահավաքներ չի կազմակերպել, քարոզչությունը վարել է սրճարաններում և քաղաքի շուկաներում, ինչպես նաև սոցցանցերում։

Սաիդը հանդես է գալիս իշխանության ապակենտրոնացման, քաղաքական ինստիտուտների ազատականացման և խորհրդարանի ձևավորման կարգի փոփոխության օգտին։ Միաժամանակ կողմնակից է 2015 թ. ընդունված ահաբեկիչների նկատմամբ մահապատժի մասին օրենքին, միասեռականների քրեական հետապնդմանը և դեմ է ժառանգության հարցում տղամարդու և կնոջ իրավունքների հավասարեցմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: