Հայերեն   English   Русский  

​Յոթ փաստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էսթեր Դյուֆլոյի մասին


  
դիտումներ: 156

46-ամյա Էսթեր Դյուֆլոն տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած երկրորդ կինն է պատմության մեջ և ամենաերիտասարդ դափնեկիրը:

Լինելով 4-րդ կուրսի ուսանող՝ նա աշխատել է բարեփոխումների «շոկային թերապիայի» ճարտարապետ Եգոր Գայդարի թիմում, իսկ 29 տարեկանում դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հաստիքային դասախոս:

«Համընդհանուր աղքատության մակարդակի նվազեցման փորձարարական մոտեցման համար». այս ձևակերպմամբ է տնտեսագիտության Նոբելյան մրցանակ շնորհվել ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոյին, նրա ամուսնուն՝ Աբհիջիտ Բեներջիին և նրանց գործընկեր Մայքլ Կրեմերին:

«2019 թվականի դափնեկիրների կատարած հետազոտությունը շոշափելիորեն բարձրացրել է մեր հնարավորությունները համաշխարհային աղքատության դեմ պայքարում: Ընդամենը երկու տասնամյակում նրանց փորձարարական մոտեցումը փոխել է զարգացող տնտեսությունները, որոնք այժմ իրենցից ներկայացնում են բարենպաստ դաշտ հետազոտությունների համար»,- ասվում է Նոբելյան մրցանակի կայքում:

Մրցանակի ողջ պատմության մեջ միանգամից երեք գիտնական է մրցանակը ստանում յոթերորդ անգամ, իսկ կին՝ երկրորդ անգամ: 10 տարի առաջ այն ստացել է ամերիկացի քաղաքագետ և տնտեսագետ Էլինոր Օստրոմը: Էսթեր Դյուֆլոն մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է. հոկտեմբերի 25-ին նա կդառնա 47 տարեկան: Մինչ օրս ռեկորդը պատկանում էր 51-ամյա ամերիկացի Քեննեթ Էրրոուին, որը Նոբել է ստացել 1972 թ.:

Մինչ մրցանակը ստանալը Դյուֆլոն հասցրել է աշխատել Ռուսաստանում և ամուսնու հետ գիրք գրել տնտեսագիտության մասին, որը թարգմանվել է 17 լեզուներով: Forbes Woman-ն ընտրել է ամենաուշագրավ փաստերը նրա մասին:

1. Էսթեր Դյուֆլոն ծնվել է 1972 թ. Փարիզում, բազմազավակ ընտանիքում: Պրոֆեսոր հորից նա ժառանգել է մաթեմատիկայի սերը, իսկ մանկաբույժ մորից՝ սոցիալական արդարության զգացումը: «Իմ մի մասը միշտ ցանկացել է օգուտ տալ աշխարհին: Դա մորիցս է իմ մեջ: Նա մանկաբույժ է և ակտիվ աշխատում էր ոչ մեծ հասարակական կազմակերպությունում, որը զբաղվում էր պատերազմի զոհ երեխաներով: Նա մեկնում էր պատերազմական երկրներ, իսկ վերադառնալիս ցույց էր տալիս մեզ լուսանկարներ, որպեսզի մենք իմանայինք այդ մասին»,- պատմել է Դյուֆլոն Financial Times-ի հետ հարցազրույցում:

2. Դյուֆլոն տիրապետում է ռուսաց լեզվին, 1993 թ. նա եղել է Մոսկվայում 10 ամիս, դասավանդել է ֆրանսերեն և զուգահեռ աշխատել է հանրահայտ տնտեսագետ Ջեֆրի Սաքսի օգնական, որն այն ժամանակ եղել է բարեփոխումների «շոկային թերապիայի» ճարտարապետ Եգոր Գայդարի խորհրդատուն: Financial Times-ի հետ հարցազրույցում Դյուֆլոն ասել է, որ Ռուսաստանում անմիջապես հասկացել է, որ որպես տնտեսագետ կարող է հասնել ամեն ինչի և միանգամից:

3. 1994 թվականին Դյուֆլոն Փարիզում՝ Բարձրագույն նորմալ դպրոցում՝ այդ էլիտար ուսումնական հաստատությունում, որը մեծ թվով ապագա գիտնական ու քաղաքական գործիչ շրջանավարտներ է տվել, պաշտպանել է մագիստրոսական թեզը առաջին խորհրդային հնգամյակի մասին: 1995 թ. նա գնացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որպեսզի ստանա PhD աստիճան: Իր տպավորությունները ԱՄՆ-ից նա այսպես է նկարագրել. «Դու ժամանում ես Ֆրանսիայից, որտեղ սովոր ես եղել, որ քեզ լիովին անտեսում են: Դու ժամանում ես մի տեղ, որտեղ մարդիկ բացարձակապես չեն մտածում հիերարխիայի մասին: Այստեղ կարևոր չէ, որ դու ուսանող ես, որ հենց երեկ ես եկել Ֆրանսիայից: Եթե ասելու բան ունես, եթե գաղափար ունես, մարդիկ լսում են քեզ»: 29 տարեկանում նա հաստիքային դասախոս է դարձել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:

4. Դյուֆլոն կարիերայի զգալի մասն անցկացրել է ուղևորություններով Հնդկաստան և Աֆրիկա, ուր փորձել է հասկանալ, թե աղքատության դեմ պայքարի ինչպիսի ծրագրեր են արդյունավետ, և հանգել է անսպասելի եզրակացությունների: Փոխանակ կառչելու այն պարզունակ կարծիքին, թե նյութական օգնությունն օգտակար է (կամ, ինչպես պնդում են ազատ շուկայի որոշ քննադատներ, անօգուտ է) նրանց համար, ովքեր ջանում են դուրս պրծնել «աղքատության թակարդից», Դյուֆլոն սևեռվում է մանրուքների վրա: Մոծակների դեմ ցանցերը պետք է ձրի բաժանե՞լ, թե վաճառել: Ի՞նչը հնարավորություն կտա գրավելու երեխաներին, որ դպրոց գնան, և համոզվելու, որ այնտեղ իրոք սովորում են: Արժի արդյոք բժիշկներին գյուղեր ուղարկել, որ պատվաստումներ անեն տեղի բնակիչներին, արժի՞ արդյոք պարկով բրինձ բաժանել: Թե՞ և՛ մեկը, և՛ մյուսը: Թե՞ ոչինչ:

5. Դյուֆլոն ուսումնասիրել է կնոջ դերը զարգացող տնտեսություններում: Մի քանի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ եթե կանանց որոշումներ ընդունելու հնարավորություն տաս, օրինակ՝ Հնդկաստանի գյուղական խորհուրդներում, մեծ է հավանականությունը, որ երեխաները լավ կսնվեն և լավ կսովորեն: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ աղքատությունը կանհետանա, եթե աշխարհը կանայք կառավարեն: Դյուֆլոն կարծում է, որ դա կարող է բարելավել իրավիճակը, բայց դա բավարար չէ: «Ընդունված կարծիք է՝ Աֆրիկայում կանանց պատասխանատվությունն է, որ սեղանին կերակուր լինի, ահա ինչու են երեխաները հայտնվում բարենպաստ դրության մեջ, երբ ռեսուրսներն անցնում են կանանց ձեռքը: Բայց չի կարելի հուսալ, որ կանանց անկախությունը մեզ բոլորիս հարուստ ու առողջ կդարձնի… Կանայք ավելի շատ ռեսուրսներ կստանան նաև տղամարդկանց հաշվին: Երբեմն մարդիկ փորձում են անտեսել դա ՝ պնդելով, թե մենք այնքան լրացուցիչ ռեսուրսներ կստեղծենք, որ բոլորը կշահեն: Չեմ կարծում, թե դա ճիշտ է»,- ասել է նա:

6. 2011 թվականին Դյուֆլոն իր ամուսին և գործընկեր Աբհիջիտ Բեներջիի հետ գրել է Poor Economics: A Radical Rethinking of the Way to Fight Global Poverty գիրքը, որը թարգմանվել է 17 լեզուներով:

7. Դյուֆլոն 37 տարեկանում ստացել է Ջոն Բեյթս Քլարկի մեդալ՝ այսպես կոչված «մինի Նոբելյան մրցանակ», որ շնորհում է Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիան երիտասարդ տնտեսագետներին: Այդ մրցանակը ստացածների մեկ երրորդից ավելին հետագայում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել:

Անաստասյա Միտկևիչ, Նատալյա Բալաբանցևա

Forbes





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: