Հայերեն   English   Русский  

​ՔԱՔ-ը և ՔՊ-ն


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 149

Ցանկացած հեղափոխություն ունենում է իր նախերգանքը՝ առաջին արարը։

Հայկական իշխանափոխության-հեղափոխության խորքային բովանդակությունն ու դրդապատճառները մենք այդպես էլ չկարողացանք գնահատել, իսկ դրա համար արժի հիշել 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ՔԱՔ (Քաղաքացիական Ակտիվ Քայլ) չկայացած կուսակցության ֆենոմենը։

Դեռևս չգրանցված, ընդամենը օրերի ընթացքում, այդ "կուսակցությունն" արդեն տասնյակ հազարավոր համակիրներ ձեռք բերեց։ Գրանցման ու ընտրություններում մասնակցելու դեպքում ամենայն հավանականությամբ ՔԱՔ-ը հաղթելու էր, իշխող կուսակցությանն անգամ ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները չէին փրկի։ ՔԱՔ-ը հզոր շարժման էր վերածվում։

Ո՞րն էր ՔԱՔ-ի հիմնական գաղափարը։ Հիմնական գաղափարը սպառված, արժեքազրկված, հոգևարքի մեջ գտնվող քաղաքական համակարգի մերժումն էր։ Մերժումն անխուսափելի էր, ոչ ոք չէր վստահում կուսակցություններին, չէր վստահում ընտրական համակարգին, մնում էր մերժումը։

ՔԱՔ-ի հոգևոր աշակերտ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նույնպես "քաղաքացիական" կուսակցություն է, նույնպես "իզմեր" չի ընդունում, և նույնպես նիհիլիզմի և մերժման գաղափարի վրա է ձևավորվել։

ՔԱՔ-ն իր անվանումով գտավ մերժման եղանակը ու ՔԱՔ-ը կհաղթեր, սակայն ՔԱՔ-ի դեմ գործեցին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր համարվող, ընտրություններին նախապատրաստվող կուսակցությունները, որովհետև ՔԱՔ-ը կործանելու էր ոչ միայն իշխող ուժին, այլև առաջին հերթին ընդդիմադիրներին։ ՔԱՔ-ի ֆոնին ԵԼՔ դաշինքը դառնում էր իշխանությունների հետ համագործակցող, գործող խաղի կանոնները ընդունող և դրանց մասնակցող քաղաքական դաշինք և պատահական չէր, որ ԵԼՔ-ի անդամներն էին ամենակատաղի կերպով վարկաբեկում ՔԱՔ-ի գաղափարը։

ՔԱՔ-ը տապալվեց, չգրանցվեց, սակայն իր գործը մնաց։

Պատահական չէր, որ ՔԱՔ-ի հանդեպ, հենց դրա մասին հայտարարման պահից սկսած, միջազգային փորձագիտական շրջաններում հետաքրքրություն առաջացավ։ Դա քաղաքական տեխնոլոգիայի առումով հետաքրքիր քեյս էր։ Բոլորը սպասում էին հաջորդ քայլին, իսկ այդ քայլը տեղի չունեցավ, ՔԱՔ-ը ճնշումներին տեղի տվեց։

Ինչևէ, ՔԱՔ-ը տապալվեց, սակայն հաջորդ փուլում նրա գործը շարունակեց ՔՊ-ն, որի հիմքում նույնպես մերժումն էր, իսկ բովանդակությունը՝ քաղաքական նիհիլիզմը։

Նիհիլիզմը և մերժումը, հարմար պատմական պահին, իշխանափոխության համար աշխատող տեխնոլոգիա է, սակայն բովանդակային հեղափոխության համար ոչ պիտանի։

ՔՊ-ն չի կարողանում ձերնազատվել ուրս նիհիլիզմից և վերածվել հասարակության համար բաց, ստեղծագործ, օրենականության վրա հիմնված քաղաքական ուժի։

Իրոք, դժվար է հրաժարվել հաջողության բերած մեթոդոլոգիայից, բայց որպես հետևանք անհաջողության տանող մտածողությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: