Հայերեն   English   Русский  

Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գերավճար ապահովել. պետք է տնտեսությունն աճի. Դավիթ Անանյան


  
դիտումներ: 61

Այս տարի 62 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարման տակ կային որոշակի գնահատականներ. նաեւ կար հետհեղափոխական շրջանում հարկ վճարողների վարքագծի փոփոխման ակնկալիք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ամեն տարի նման վարքագիծ ապահովելը դժվար է: Եթե մարդը որոշել է, որ պետք է կանգնի ճիշտ ճանապարհի, ինքը մեկ անգամ է դա անում, այնպես չի, որ ամեն տարի պետք է ճիշտ ճանապարհի կանգնի: Հետեւաբար հետհեղափոխական շրջանում ստվերից բերված հարկերի ծավալները հետագա տարիներին չենք կարող ապահովել: Շատ կարեւոր է, որ տնտեսությունն աճի: Մենք հիմքում դրել ենք, որ 2020 թվականին կունենանք 7 տրլն դրամի ՀՆԱ: Եթե դա մենք ունենանք, ապա կարծում եմ՝ կունենանք այն հարկային եկամուտները, որը կանխատեսել ենք: Տնտեսությունը պետք է աճի, որ հարկեր գեներացնի»,-ասաց Անանյանը:

Նա նաև հավելեց, որ անընդհատ վարչարարությամբ և ստվերից չեն կարող նման ցուցանիշներ ունենալ, կամ դա կլինի «կառավարելի» ստվեր. «Արդյունաբերություն, առեւտուր եւ հանքարդյունաբերություն. Այս երեքը կլինեն դոմինանտ ճյուղերը, որ կապահովեն տնտեսության զարգացումը եւ հարկային եկամուտներ: Իսկ օրինակ, ավտոմեքենաների ներկրման բումը հաջորդ տարիներին հաստատ այդ ծավալներով չի լինելու: Մեր գնահատմամբ, մոտ 50-55 մլրդ դրամ մենք հաջորդ տարի չենք ունենալու»,-ասաց ՊԵԿ նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: