Հայերեն   English   Русский  

​Իսկ Տիգրանն այլևս չկա, իսկ դուք ուրախացեք, շարունակեք ձեր խրախճանքը` «հաղթանակած բարի լույսով ու թագերով»


Ալբերտ Ունուսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 138

Այսօր սպանվեց մեր գործընկերը` մեր ծառայակից ընկերը: Մյուսը` վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

Այսօր սպանվեց, ժամեր անց դեպքը բացահայտվեց: Ոմանք անկեղծ վշտացան ու ցավակցեցին, ոմանք ուրախացան և հպարտացան (չեմ ցանկանում նմաններին անդրադառնալ և դրանց իրական անուններ տալ` արժանի պիտակներ), ոմանց համար լրիվ մեկ էր, ոմանք առհասարակ չանդրադարձան, որովհետև նրանց հետաքրքիր չէ, նրանց տանից չէ, նրանց կորուստը չէ, ոմանք շարունակեցին փիառվել, ու այդպես շարունակ «ոմանքներ»:

Բայց դա այսօր էր, այսօր «օրվա լուր» է. այսօր խոսացին, գրեցին, ջնջեցին, վրդովվեցին, ուրախացան, տարակուսեցին, քննարկեցին... Անցավ-գնաց:

Վաղն արդեն մոռացան, վաղն արդեն այդ «լուրն» ակտուալ չէ. Չէ, որ արդեն օր է անցել` օր փոխվել... Իսկ սպանված ոստիկանի ընտանիքն ամեն օր այդ «լուրով» է շարունակելու իր կյանքը.

Ամեն առավոտ արթնանալու և զգալու են հոր, եղբոր, որդու և ամուսնու պակասը, հիշելու, որ նրանց հարստությունը 16 կամ 18 տարեկան մի դեռահաս խլեց: Ինչո՞ւ... Որովհետև այսօր մեկ օրով` 24 ժամով ապրելը «մոդայիկ» է: Որովհետև իրավագիտակցության ու պետության առջև պատասխանատվությունն ակտուալ չեն: Որովհետև դաստիարակության մեջ «Խելոք մնա, թե չէ այ տես` ոստիկանին կասեմ»: Որովհետև, երբ ոմանց բակով համազգեստով անցնում ես, երեխան հատուկ սկսում է «Вот какая доля воровская» երգել, իսկ մեծերը նրա փոխարեն, որ բարկանան ու դիտողություն անեն` քթի տակ ծիծաղում են:

Որովհետև «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունգը խեղաթյուրված է, այն պարզապես գեղեցիկ նախադասություն է, այլ ոչ թե` մտածելակերպ, ապրելակերպ ու գաղափար, որովհետև այդ ճշմարիտ ու գեղեցիկ նախադասությունը տարիներ շարունակ ակտիվորեն ու տարբեր գործիքների արդյունքում խեղվել է... Եվ շատ են այդ որովհետևները... Իսկ Տիգրանն այլևս չկա, իսկ դուք ուրախացեք, շարունակեք ձեր խրախճանքը` «հաղթանակած բարի լույսով ու թագերով»:
Բայց դա էլ է անցողիկ... Իսկ մնայուն են Տիգրան Առաքելյանները, Գագիկ Մկրտչյանները, Յուրա Տեփանոսյանները, Արթուր Վանոյանները, Արա Շախգուլյանները, Մոնթեներն ու Դուշմանները... Աստված բարձունքում մնացած տղերքի հոգիները միշտ լույսի մեջ պահի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: