Հայերեն   English   Русский  

​Կատալոնիայի անկախության կողմնակիցների ցույցի ընթացքում գրեթե 80 մարդ է տուժել


  
դիտումներ: 174

Առնվազն 78 մարդ է տուժել երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Կատալոնիայի կողմնակիցների ցույցերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով El Pais թերթին:

Բարսելոնայի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում, որտեղ մեծ հանրահավաք էր տեղի ունենում անջատողական շարժման առաջնորդների դատավճռից հետո, տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել: Օդանավակայանում ոստիկանությունը ստիպված էր մի քանի անգամ ուժ կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ: Տարածաշրջանի անկախության համար պայքարող կազմակերպություններից մեկը կոչ արեց կաթվածահար անել օդանավակայանի առաջին տերմինալի աշխատանքը: Դրա հետևանքով Կատալոնիայի օդային նավահանգիստը մասնակիորեն անհասանելի դարձավ, ինչը հանգեցրեց ավելի քան 100 չվերթի չեղարկմանը:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Կատալոնիայի բոլոր խոշոր քաղաքներում, որոնք բազմիցս հանգեցրել են ցուցարարների և իրավապահների բախումների: Տեղեկացնում են երեք ձերբակալվածների մասին: Այժմ ընդհատված է երկաթուղային կապը Ժիրոնայի և Ֆիգերայսի միջև:

Անկախության կողմնակիցները խոստացել են, որ ցույցերը կշարունակվեն նաև այսօր:

Իսպանիայի գերագույն դատարանը երեկ վճիռ կայացրեց այն կատալոնյան քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք անկախության հանրաքվեի կազմակերպման մասնակից են: Նրանց դատապարտել են մինչև 13 տարվա բանտարկության: Մի քանիսը մեղավոր են ճանաչվել խռովության հրահրման մեջ: Բանտարկության առավելագույն ժամկետը վիճակվել է ինքնավար մարզի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասին:

2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորությունից դուրս գալու հարցով քվերակություն անցկացվեց, Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն որակեց անօրինական և հրաժարվեց դրա արդյունքներն ընդունելուց: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման մասին բանաձևը: Ի պատասխան երկրի իշխանությունները կիրառեցին սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չէր կիրառվել և թույլ է տալիս սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: