Հայերեն   English   Русский  

Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին


  
դիտումներ: 130

Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու նպատակով:

Նախարարությունից հայտնում են, որ DAIS-ը համաշխարհային մակարդակի միջոցառում է, որը կառավարությունների եւ սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերությունների ու ասոցիացիաների ղեկավարներ, գործարարներ, մարզական ֆեդերացիաների եւ ասոցիացիաների ղեկավարներ,արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ներդրողներ, սպորտային արդյունաբերության ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների եւ հնարավոր ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում իրականացվող եւ մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված է նաեւ հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ:

Դուբայի թագաժառանգ եւ Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հովանավորության ներքո անցկացվող այս համաժողովի շրջանակներում կբացվի նաեւ թեմատիկ ցուցահանդես։ DSC-ը, որն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից, սպորտային եւ առողջապահական ոլորտներում ուսումնասիրում եւ իրականացնում է տեխնոլոգիական լուծումների առավելագույն նպաստավոր եւ արդյունավետ կիրառման հնարավորությունները։ Արհեստական բանականության օգտագործումը՝ DSC-ի գործունեության հաջորդ տրամաբանական քայլն է՝ նորարարական լուծումների շնորհիվ նշված ոլորտներում նոր զարգացումներ ու առաջընթաց ապահովելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: