Հայերեն   English   Русский  

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը


  
դիտումներ: 338

Հայաստանից արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Դրանք թեև ծավալներով շատ մեծ չեն, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` Հայաստանից տարեկան ընդհանուր արտահանման աճը կգտնվի 7 տոկոսի միջակայքում: Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ապրանքների արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 4.6 տոկոսով: Ուզում եմ երկու հանգամանք առանձնացնել: Առաջինը` այս ցուցանիշն ավելի ցածր է, քան հատկապես նախորդ երկու տարիներին, սակայն ուրախալին այն է, որ առաջին ամիսներին նախորդ տարիների համեմատ ունեինք նվազում, սակայն վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է վերականգնում: Ընդ որում, նախարարությունը նախատեսում է, որ տարին կավարտենք մոտ 7 տոկոս արտահանման աճով»,-ասաց Խաչատրյանը:

Եղել են ապրանքախմբեր, որոնք նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել են, դրանք 8 ամիսների արդյունքով կրճատված են եղել 145 մլն դոլար ընդհանուր արժեքով: Դրանք են չզտված պղինձը, ադամանդե քարերը, էլեկտրաէներգիան և հագուստը: Բայց միաժամանակ կան ապրանքախմբեր, որոնց արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ էականորեն աճել են: Այդ աճը կազմել է մոտ 218 մլն դոլար: «Այսինքն՝ մենք արտահանման մեջ ունենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, որոնք արտացոլված են թվերով»,-ասաց նախարարը:

Արտահանման աճ են արձանագրել կոնյակը, ծխախոտը, անմշակ ոսկին և երկաթամիահալվածքները (ֆերոմոլիբդեն): Նախարարն ուրախալի համարեց, որ արտահանման մեջ առանձնացել են երկու խումբ, որոնք փոքր են արժեքով, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: «Դրանք շոկոլադե արտադրանքի և մրգային գինիների արտահանումն են: Առաջինը դուրս է եկել նոր շուկաներ, հուսով ենք, և արտադրողներն էլ լավատես են, որ այդ շուկաներում զգալի ընդլայնման հնարավորություններ ունենք: Ութ ամիսներին շոկոլադի արտահանումը կազմել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2.7 մլն դոլարով: Իսկ մրգային գինիների արտահանումը կազմել է 7.5 մլն դոլար` նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճելով 2.6 մլն դոլարով»,-ասաց Խաչատրյանը:

Աճել է նաև ոսկերչական իրերի, կոնյակի, ծխախոտի, երկաթամիահալվածքի արտահանումը:

Այս տարվա առաջին 8 ամիսներին նվազել էր չզտված պղնձի արտահանումը: Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում չի գործել Ալավերդու պղնձաձուլարանը` բնապահպանական պահանջների առնչությամբ: Սակայն Խաչատրյանը նշեց, որ դրա փոխարեն այն խտանյութը, որը վերամշակվում էր Ալավերդու պղնձաձուլարանում, արտահանվում է որպես խտանյութ: «Այսինքն՝ 50 մլն դոլարի չափով չի եղել իր բացասական ազդեցությունն արտահանման վրա»,-նշեց նա:

Որոշ չափով նվազել է նաև ալյումինե փայլաթիթեղների արտահանումը, սակայն վերջին ամիսներին նկատվում է աճ: Խաչատրյանը խնդրահարույց համարեց ադամանդե քարերի գծով արտահանումը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողները հումքի կանոնավոր մատակարարների հետ խնդիրներ ունեն: «Մենք հիմա միջոցներ ենք փնտրում այլ շուկաներում մեր ադամանդ վերամշակող կազմակերպությունների համար հումքային այլընտրանքային աղբյուրներ հասանելի դարձնելու համար»,-նշեց նա:

Բուսական ծագման արտադրատեսակից ամենամեծ արտահանման աճ են ունեցել վարունգն ու ելակը, որոնք համապատասխանաբար աճել են 4.3 և 2.3 մլն դոլարով: Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը 2019 թ. հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարով կամ 3.6%-ով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: