Հայերեն   English   Русский  

​Արցախյան բերքի տոնին հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը


  
դիտումներ: 135

Արցախում հոկտեմբերի 13-ին անցկացվել է ամենամյա հերթական բերքի տոնը։ Այս միջոցառումն Արցախում անցկացվում է հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը՝

խորհրդանշելով գյուղատնտեսության աշխատողի օրը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հարակից տարածքներում կազմակերպվում է գյուղատնտեսական մթերքների տաղավարային ցուցահանդես-վաճառք։ Հանրապետության բոլոր շրջանների հարյուրավոր համայնքներից ներկայացած մենատնտես գյուղացիները հնարավորություն են ստանում իրենց արտադրանքը մեկ օրվա մեջ ներկայացնելու մի քանի հազար գնորդի։

Արցախյան բերքի տոնին հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը

Այս տարի ևս միջոցառումն ունեցել է պատվավոր հյուրեր՝ հանձինս նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի, ՌԴ Պետական դումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և այլն։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ տաղավարներով ներկայացված է եղել Քաշաթաղի շրջանը։ Չնայած շրջանը բնակչության թվով Արցախում նախավերջինն է, սակայն տարածքի մեծությամբ առաջինն է, ինչը, մեկտեղվելով Արցախյան պատերազմից հետո այստեղ հաստատված վերաբնակիչների նախանձախնդրության և բազմամշակութայնության հետ, թույլ է տվել քանակական և որակական առումով մշտապես առաջատար լինել։ Քաշաթաղին է բաժին հասնում Արցախի գյուղատնտեսական արտադրանքի ≈1/3-ը, շրջանում մշակվում են նաև մերձարևադարձային մշակաբույսեր, մեծանում են այգեգործության համար հատկացված հողատարածքները։ Սրանից զատ՝ Սյունիքի մարզին և Իրանի Իսլամական Հանրապետությանն ունեցած աշխարհագրական մերձավորությունն իրացումային հավելյալ խթան կարող է լինել շրջանում գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման համար։ Հենց վերոնշյալի հաշվառմամբ էլ շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հետևողականությամբ և «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» աջակցությամբ շրջկենտրոն Բերձորում նախաձեռնվել է գյուղատնտեսական քոլեջի ստեղծում, որը թույլ կտա մարդկային ենթակառուցվածքի և գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում հասնել սիներգետիկ էֆեկտի։

Այս տարի ևս արցախյան բերքի տոնին հերթական անգամ անընդմեջ «լավագույն շրջան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը։ Մեկ այլ՝ «ցածր գին» անվանակարգում հաղթության է արժանացել շրջանի հարավային թևում գտնվող Սարատակ գյուղական համայնքը։ Ընդհանուր առմամբ շրջանի համայնքներն զբաղեցրել են ≈450 տաղավար, կատարել ≈480.000.000 դրամի առևտուր։ Քաշաթաղի շրջանի ցուցադրական տաղավարը կահավորված և ձևավորված է եղել ժողովրդական արվեստի տարրերով, իսկ մասնակցության խորագիրը եղել է «Ուժեղ Քաշաթաղ» նշանաբանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: