Հայերեն   English   Русский  

​Կյանքից հեռացավ ականավոր մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին


  
դիտումներ: 2025

Հայաստանի գիտությունը մեծ կորուստ ունեցավ:

Կյանքից հեռացավ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի անդամ Իգոր Դմիտրիի Զասլավսկին:


Իգոր Զասլավսկին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀԳԱ հաշվողական կենտրոնի) հիմնադիր գիտնականներից էր: Նա մեծ ավանդ ունի Հայաստանում մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների տեսության և մաթեմատիկական կիբեռնետիկայի բնագավառի զարգացման գործում:

Իգոր Զասլավսկու գիտական աշխատանքները վերաբերել են մաթեմատիկական տրամաբանությանը և կոնստրուկտիվ մաթեմատիկային: Զասլավսկին Հայաստանում ստեղծել է Մաթեմատիկական տրամաբանության դպրոցը: Նրա աշակերտները զարգացրել են հանրապետության համար այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ալգորիթմների բարդություններ, արհեստական բանականություն և այլ ուղղություններ՝ ներգրավելով երիտասարդ կադրեր:

Պրոֆեսոր Իգոր Զասլավսկու ելույթները միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտաժողովներում միջազգային համագործակցության նոր հեռանկարներ են բացել հայ գիտական կազմակերպությունների համար:

Իգոր Զասլավսկին ծնվել է 1932 թվականին՝ Լենինգրադում: 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: Նրա ուսուցիչներն են եղել հայտնի մաթեմատիկոսներ Ա. Ա. Մարկովը և Ն.Ա. Շանինը: 1959 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ բաժնի վարիչ, գիտության գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկական տրամաբանության և ավտոմատացված տրամաբանական արտածման լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող: 1961 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հետագայում նաև Հայ-Ռուսական համալսարանում և դաստիարակել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ:

Պրոֆեսոր. Իգոր Զասլավսկին եղել է տարբեր գիտական հանդեսների խմբագրությունների և մասնագիտացված խորհուրդների անդամ:

Զասլավսկին մեծ մտավորական էր, համեստ և բարոյական բարձր արժեքների տեր անձնավորություն: Ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ՝ մաթեմատիկայի հիմունքների փիլիսոփայական հարցեր, մեքենայական թարգմանություն, մաթեմատիկական լեզվաբանություն, երաժշտություն:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում պրոֆեսոր Իգոր Զասլավսկու ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

14.10.2019թ.

-- 
Հարգանքով՝

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: