Հայերեն   English   Русский  

​Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը. անաչառության համար մտահոգությո՞ւն, թե՞ թաքնված քաղաքական համակրանք


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 249

Աչքովս ընկավ մի քանի լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման վերաբերյալ, որն առաջին հայացքից թվում է թե դատապարտում է հարձակումը, սակայն մի պարբերություն տարակուսանք է առաջացնում։

Ասվում է. «ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով»։

Նախ բարդ, փիլիսոփայության վերածված խնդիր է այն թե ի՞նչ է չեզոք լրատվամիջոց հասկացությունը, և արդյո՞ք կա այդպիսին աշխարհում։ Փոխարենը կան բազմաթիվ ուսումանսիրություններ, որոնք բացահայտում են ամենաչեզոք ու անաչառ համարվող լրատվամիջոցների լուրերում քարոզչական ենթատեքստերը։
Սակայն, ընդունենք, որ կարող են լինել այդպիսիք, բայց ե՞րբ են Հայաստանում եղել անաչառ լրատվամիջոցներ, և այդ ո՞ր պահից հանկարծ նրանք վերածվեցին քարոզչամիջոցի։

Այսպես, Հայաստանի ամենահին օրաթերթերը ստեղծել են կուսակցություններ ու կուսակցական գործիչներ, «Առավոտ» օրաթերթը ստեղծել է ՀՀՇ֊ի նախագահ Վանո Սիրադեղյանը, իսկ «Հայկական ժամանակը» ստեղծել է ՀՀՇ֊ի մեկ այլ առաջնորդ ապա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Էդուարդ Եգորյանը։

Ուրեմն, 25 տարուց ավել Հայաստանում ԶԼՄները բևեռացված են ըստ քաղաքական֊ֆինանսական ճամբարների, լցված ֆեյք լուրերով(թե հետաքրքիր է, կարելի է ներկայացնել մինչֆեյսբուքյան ժամանակները «Հայկական ժամանակի» և այլ լրատվամիջոցների կեղծանուններով, այսինքն ֆեյքերով սուտ լուրերը), այդ ինչո՞ւ մինչև հիմա այս կազմակերպությունները չէին անհանգստանում, որ լրատվամիջոցները վերածվել են քարոզչամիջոցի, ավելին ոչ թե վերածվել էին, այլ ստեղծվել էին որպես քարոզչամիջոց՝ ուղեղների լվացման ու փաստերը խեղաթյուրելու համար, նրանց ստեղծել էին հենց քաղաքական ճամբարները, որ սպասարկեն իրենց շահերը, և հիմա երբ հարձակվել են «Հայելի» ակումբի վրա, ընդ որում, մի ակումբ, որը չի ստեղծել քաղաքական որևէ ճամբար, հանկարծ նրանք «հիշեցին» այդ մասին։

Արդյո՞ք այս պարբերության ենթատեքստում վանդալիստների արարքն է արդարացվում, և այս կազմակերպությունների քաղաքական համակրանքը բացահայտում(կարծես ասեն՝ տղաներ, դուք ճիշտ եք, բայց ձվեր նետելը ծայրահեղ քայլ է), քանի որ այս կազմակերպություններից գոնե մեկի ղեկավարը հետևողականորեն և վիրավորական արտահայտություններով քաղաքական քարոզչություն է անում, այն նույնը ինչ վանդալիստներն են նպատակ դրել՝ հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։ Խնդրեմ, եթե կուզեն այս հարցին կարող են պատասխանել իրենք, հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան, Լրագրողների «ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» հկ, Գորիսի մամուլի ակումբ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ»:
(Հայտարարությունը մեկնաբանության մեջ)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: