Հայերեն   English   Русский  

​Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին


  
դիտումներ: 319

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես, ասվում է․

«Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։

Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:

Ալեքսեյ Լեոնովի անունը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինչպես պատմության մեջ մնաց Յուրի Գագարինը, ինչպես հիշում են մայրցամաքներ հայտնաբերած ճանապարհորդներին և մեծ գիտնականներին, որոնք դարակազմիկ գիտական բացահայտումներ են իրականացրել: Նմանօրինակ մարդկանց կենդանության օրոք կանգնեցնում են հուշարձաններ, նվիրում են փոստային նամականիշներ, նրանց անունը միլիոնների շուրթերին է, նրանք շրջապատված են փառքով և համընդհանուր հարգանքով: Հենց նման մեծություններից էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ Ալեքսեյ Լեոնովը, որը մշտապես մնաց իբրև համեստ, անկեղծ և շփվող մարդ:

Մենք աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ պատրաստվում էինք այցելել Ալեքսեյ Լեոնովին, սակայն չհասցրեցինք…

Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցություններն այս մեծ կորստի կապակցությամբ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: