Հայերեն   English   Русский  

​Հայկական բարեգործական ընդհանուր միության հայտարարությունը Սիրիայում ընթացող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ


  
դիտումներ: 337

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը և մեր աշխարհասփյուռ անդամները տագնապով հետևում են Սիրիայում ընթացող զարգացումներին և մասնավորապես այդ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։

Մեր տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։ Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների կողմից։

Մենք ի գիտություն ենք ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունները, որտեղ կոչ է արվում միջազգային հանրությանը անհապաղ գործել տարածաշրջանում խաթարված միջազգային խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ։

Իբրև ներկայիս Թուրքիայի վարչախմբի նախորդների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ` մենք քաջ գիտենք, թե որքան մարդկանց կյանքեր կարող է խլել այսպիսի ագրեսիան։ ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անմիջապես վերջ դնել ներխուժմանը և ագրեսիային Սիրիայի ժողովրդի նկատմամբ, որը զարհուրելիորեն նման է Օսմանյան կայսրության կողմից գրեթե մեկ դար առաջ իրականացված որոշ գործողություններին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար` համարելով, որ նման քայլը 1915-ին կարող էր զգալիորեն փոխել հայ ժողովրդի պատմության ընթացքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: