Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայի նահանգապետը ստորագրում է Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման օրինագիծը


  
դիտումներ: 360

Սակրամենտո, Կալիֆոռնիա – Հոկտեմբերի 3-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսըմը ստորագրեց Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման AB 1320 ակտը՝ հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Կալիֆոռնիան արդարության կողմնակից է և հիշում է Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված 1,5 միլիոն հոգիները»,- հայտարարեց նահանգապետ Նյուսըմը: «Այսօր և ամեն օր եկեք վերահաստատենք մեր պատրաստակամությունն՝ երաշխավորել, որ մենք երբեք չենք մոռանա և միշտ կարտահայտվենք ատելության և վայրագությունների դեմ, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: Ես հպարտ եմ կանգնել իմ բարեկանմների կողքին և ստորագրել AB 1320 օրինագիծը»:

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանը (Դեմոկրատ, 46-րդ շրջան) հեղինակեց նախագիծը և առաջնորդեց այն Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի երկու պալատներում, որտեղ այն ընդունվեց գրեթե միաձայն՝ չնայած սաստիկ ընդդիմության Կալիֆոռնիայի հանրային կենսաթոշակային գործակալություններ CalPERS-ի և CalSTRS-ի կողմից, որոնք ներդրել են հարյուր միլիոնավոր դոլարներ Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող և թողարկվող պարտքային արժեթղթերում և պարտատոմսերում:

«Կալիֆոռնիան` աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը, այս կերպ պարզապես ասաց Թուրքիային, որ վերջ դնի ցեղասպանության ժխտման իր նենգ քարոզարշավին»,- հայտարարեց նահանգային խորհրդարանի անդամ Նազարյանը: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, նահանգապետ Նյուսըմին և բոլոր նրանց, ովքեր պայքարել են ինձ հետ այս երկար ճանապարհին՝ ցեղասպանության հետևանքով զոհ գնացած 1,5 միլիոն հայ հոգիները ճանաչելու համար»:

«Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի հայկական համագումարին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանին, Հայ երիտասարդաց դաշնակցությանը և Հայ ուսանողների ասոցիացիներին Կալիֆոռնիայի համալսարանում ու Կալիֆոռնիայի նահանգային համալսարանային համակարգերում և բոլոր այլ համալսարաններում՝ AB 1320 օրինագծի քարոզչությանն օգնելու համար»,- հավելեց նահանգային խորհրդարանի անդամ Նազարյանը:

Հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգը նահանգապետ Նյուսըմի և օրենսդիր մարմնի անդամ Նազարյանի հետ օրենքի ստորագրման արարողության ժամանակ

Հայկական համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանը և Հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ ու Կալիֆոռնիայի երջանկահիշատակ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Հելեն Հայգը անցյալ երկու տարիների ընթացքում տարբեր առիթներով Սակրամենտոյում միացել էին նահանգային խորհրդարանի անդամ Նազարյանին՝ վկայություն ներկայացնելու Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանում և Նահանգային Սենատի մշտական հանձնաժողովներում AB 1320 օրինագծի բարոյական և տնտեսական արժանիքների վերաբերյալ: Հելեն Հայգը հպարտությամբ ականատես եղավ նահանգապետի ստորգրման արարողությանը Սակրամենտոյում:

«Այսօր Կալիֆոռնիայի ամերիկահայերի համար հիշարժան օր է: Ինձ համար հաճելի է միանալ հազարավոր ամերիկահայերի ու մարդու իրավունքների աջակիցների և Ամերիկայի հայկական համագումարի երախտագիտությունը հայտնել նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանին՝ AB 1320 օրինագիծը հեղինակելու և առաջ մղելու համար, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսըմին՝ օրինագիծը ստորագրելու քաջություն և բարոյական ուժ ունենալու համար, Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնում օրինագծի համահեղինակներին և երկկուսակցական կողմնակիցներին, ինչպես նաև այն ակտիվիստներին ու կազմակերպություններին, որոնք համառորեն պայքարել են օրենսդիրներին կրթելու և այս օրինագծի ընդունումն ապահովելու համար՝ չնայած սաստիկ ընդդիմության Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև հատուկ շահագրգռվածություն ունեցող խմբերի կողմից»,- հայտարարեց Համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգը:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: