Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ԱԱԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստը


  
դիտումներ: 204

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԱԾ պաշտոնատար անձանց կողմից Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստը։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի նախկին պետ Էդիկ Ափոյանը, նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանը և Գոռ Մարտիրոսյանը, որոնց լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Էդիկ Ափոյանը հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով նույն ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի՝ Գևորգ Գաբրիելյանի հետ, շորթմամբ, ինչպես նաև՝ Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ, պահանջել և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Ըստ քննության տվյելների՝ հիշյալ անձինք 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, արդյունքում շորթել են առանձնապես խոշոր չափերով՝ 17.700 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 ԱՄՆ դոլար։

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: