Հայերեն   English   Русский  

​Գյումրիում ամենադժվար ու ամենաչապրվելու տարիներն եմ ապրել. Ռոբերտ Մլքեյան


  
դիտումներ: 199

՛՛Սա գերագույն պատիվ է: Ես խոնարհվում եմ Գյումրիի առաջ՛՛.

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն այսպես արտահայտվեց, երբ Գյումրու քաղաքապետը նրան հանձնեց ՛՛Գյումրու պատվավոր քաղաքացի՛՛ կոչման վկայականն ու կրծքանշանը:

Մաեստրոն ցավում է, որ ինքը Գյումրիում չի ծնվել, բայց և նշում՝ պարտադիր չէ Գյումրիում ծնվել, որպեսզի լինես այս քաղաքի նվիրյալը, նրա համար կյանք ներդրողը, և որ ինքը հոգով-սրտով գյումրեցի է:

- Հաղորդումներից մեկում հաղորդավարը հարցրեց՝ մաեստրո, դուք որտե՞ղ կուզեիք կյանքում ապրել: Ասացի՝ Գյումրիում: Ասաց՝ ամբողջ աշխարհը պտտվել եք, բայց Գյումրիու՞մ: Ասի՝ եթե, հանկարծ, մի պահ պատկերացնենք, որ Գյումրին չկա, ուրեմն՝ Հռոմում, բայց քանի Գյումրին կա ո՞նց կարելի է գնալ ուրիշ տեղ ապրել, - պատմում է Ռոբերտ Մլքեյանը:

Նա Գյումրի է տեղափոխվել 30 տարեկանում, աշխատել, ստեղծագործել, հետո երգչախումբ ստեղծելու համար տեղափոխվել է Երևան, բայց նորից ճակատագիրը նրան կապել է Գյումրուն, վերադարձրել ավելի լավ նախաձեռնության համար.

- Այս անգամ արդեն երեխաներին էր պետք կրթել: Մեր Գյումրու երեխաները, որոնք երգում են Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի մեջ, ուր պատարագիչն է Հռոմի Պապը, այնտեղ բարձրաձայն ասվում է՝ Գյումրիի Տիրամայր Հայաստանի երգչախումբ: Գյումրի բառը հնչում է աշխարհի տարբեր բեմերից և հնչում է ամենագեղեցիկ, ամենամաքուր՝ երեխաների բերանով: Սա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է:

Մաեստրոն իր խոսքում միշտ շեշտում է՝ մեր Գյումրի, և մեկնաբանում ՛՛մեր՛՛-ը շատ առանձնահատուկ է: Ամբողջ աշխարհն իրեն դիմում է Մաեստրո, ասում է, միայն Գյումրիում է դիմելաձևը տարբեր, այստեղ ասում են՝ ՛՛Մեր Մաեստրոն՛՛:
- Սա սուրբ քաղաք է, որի զավակն եմ համարում ինձ այսօր և սրանից հետո: Կյանքիս ամենադժվար ու կարևոր օրերը ապրել եմ այստեղ, և ձեզ հետ միասին ամենադժվար ու ամենաչապրվելու տարիներն եմ ապրել: Դա 90-ականներն էին, ես ապրել եմ ամենաերջանիկ կյանքով, հենց՝ ծանրության մեջ. երբ, ծանրության մեջ ընկերներ ունես, որոնք նվիրվում են քեզ, դու պարտավոր ես իրենց նվիրվել մինչև կյանքիդ վերջը, - ասում է արդեն Գյումրու պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մլքեյանը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: