Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 187

Անցնող շաբաթը նշանավորվեց մի շարք երկրների առաջնորդների ու ականավոր անձանց այցերով և քաղաքական մշակույթի աննախադեպ անկման ու արտաքին քաղաքականության լուրջ ձախողումների փաստերով, ինչպես նաև, ավաղ, սահմանում ունեցած զոհով և վիրավորներով:

Նոյեմբերյանում ադրբեջական կողմի կրակոցներից երկու հոգի վիրավորվեց՝ պայմանագրային զինծառայող և քաղաքացի՝ տրակտորի վարորդ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հաջորդ օրը՝ հինգշաբթի երեկոյան, գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից 28-ամյա պայմանագրային զինծառայող զոհվեց՝ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը Կողբ գյուղից։

Փոքր-ինչ հուսադրող լուր ստացվեց հայրենակցի հետ ծեծկռտուքի հետևանքով կյանքի և մահու կռիվ տվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակից: Բժիշկները հայտնեցին, որ նա բացել է աչքերը:

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի առաջնորդները:

Հիշում ենք՝ մինչ այս Հայաստանում երկար ժամանակ քննարկվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունն այդ նիստին, ենթադրություններ էին արվում, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան են աղճատվել, որ նա չցանկանա գալ և իր փոխարեն ուղարկի վարչապետին: Վերջապես հայտնի դարձավ, որ նա ժամանելու է հենց նիստի օրը և նույն օրն էլ մեկնելու է: Թվում էր՝ որոշ սուր անկյուններ հարթելու հնարավորությունը կորած չէ: Սակայն հայաստանյան կողմը գիտակցաբար թե միտումնավոր արարողակարգի այնպիսի կոպիտ սխալներ թույլ տվեց, որ կասկած չկա՝ հարաբերությունների ճգնաժամն էլ ավելի է խորացել:

Հայաստանի վարչապետը նրան չդիմավորեց ոչ միայն օդանավակայանում, այլև նախագահական նստավայրի բակում՝ աստիճանների մոտ: Պուտինը շենք մտավ միայնակ: Արարողակարգի մյուս կոպիտ խախտումը Վրաստանի հանրահայտ «Ռուսթավի 2» հեռուստատեսության լրագրողի առեղծվածային ներկայությունն էր նախագահականի բակում, որը կարողացավ հարցեր տալ դեպի նախագահական քայլող Պուտինին:

Քննարկման, ավելի ճիշտ ծաղրի առարկա դարձավ (և ոչ միայն մեր, այլև ադրբեջանական ու օտարերկրյա հարթակներում) Նիկոլ Փաշինյանի սելֆին միկրոավտոբուսում երկրների առաջնորդների հետ:

Ի լրումն՝ Պուտինի և մյուս առաջնորդների այցն ուղեկցվեց արևմտամետ խմբերի թույլատրված ցույցերով: Բաղրամյան 26-ի առաջ շենք մտնող ղեկավարներից նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Մի խումբ էլ հավաքվել էր կառավարության շենքի առաջ և հայտարարում էր, որ ԵԱՏՄ-ն ենիչերիական անապատատափաստանային մղձավանջ է, որից պետք է ազատել Հայաստանը և անդամակցել Եվրամիությանը: Որ այս ցույցերի առկայությունը ոչ թե անփութության հետևանք էին, այլ թույլատրված քաղաքական վերնախավի կողմից, ցույց է տալիս թեկուզ այն փաստը, որ հակասորոսական «Վետո» շարժման ցուցարարները հնարավորություն չունեցան անգամ Բաղրամյան պողոտա հասնելու և անսալով ոստիկանների հորդորներին՝ ստիպված եղան հեռանալ:

ԵԱՏՄ առաջնորդները նախ հանդիպեցին նեղ կազմով: Հայաստանի վարչապետը, Ռուսատանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկեցին ընդհանուր տնտեսական օրակարգը: Ընդլայնված նիստին արդեն մասնակցում էին հյուր ղեկավարները՝ Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը և դիտորդ պետության՝ Մոլդովայի նախագահը։ Նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Քննարկվեց նաև միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգը: ԵԱՏՄ-ն Սինգապուրի հետ կնքեց ազատ առևտրի համաձայնագիր, ինչպես նաև համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպեց Իրանի, Ղազախստանի և Մոլդովայի նախագահների հետ: Կայացավ նաև Պուտին-Ռոհանի հանդիպումը։ Գագաթնաժողովի մասնակիցները հասցրեցին լինել Թումո կենտրոնում։ Իսկ Վլադիմիր Պուտինը հասցրեց Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բալլա Քոչարյանի հետ և մոտ մեկժամյա առանձնազրույց ունենալ նրա հետ:

Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հարկ չէր համարել օդանավակայանում դիմավորել Վլադիմիր Պուտինին, շտապեց օդանավակայան հրաժեշտ տալու նրան և ապա հայտարարեց, որ մեկուկես ժամ առանձնազրույց են ունեցել և քննարկել են երկու երկների հարաբերությունների ողջ ծավալը:

Հայաստանի սովորական քաղաքացիները այս հանդիպմանը սպասում էին հատկապես մի հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով՝ կթանկանա արդյոք գազի գինը: Եվ այդպես էլ պատասխան չստացան, գազի գնի հարցն առայսօր մնացել է առկախ, բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել:

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ երևանյան նիստին հաջորդեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի բավական մտահոգիչ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին. «Քաղաքական գործընթացն արգելակված է, և առայժմ այդ արգելակը հաղթահարել չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են անում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է: Ինչպես Ալբանիայի վարչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման մթնոլորտի ստեղծմանը»:

Սոչիում՝ «Վալդայ» համաժողովում, Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը արձագանքեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարելով. «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։ Ի լրումն՝ անդրադարձավ Փաշինյանի այն թեզին, թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար. «Չկա այդպիսի գաղափար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը կազմված էր ադրբեջանցիներից և հայերից, որոնք ունեին հավասար իրավունքներ»։

«Վալդայ» վեհաժողովից առաջ տեղի էր ունեցել Ալիև-Պուտին հանդիպումը, որից մանրամասներ չկան, սակայն համաժողովի ելույթում Ալիևը հայտարարեց, որ Բաքուն և Մոսկվան պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ընդ որում Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը։

Այդ ընթացքում մեր երկրի օրենսդիր մարմինը զբաղված էր իր համար շատ ավելի կարևոր խնդրով: Ազգային ժողովի անցնող շաբաթի քառօրյայի օրակարգում էր «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծը, որի հեղինակը իշխող «Իմ քայլ» խմբակցությունն է:

Մինչ քննարկումը կալանավորվեց Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հիշեցնենք, որ քրեական հետապնդման է ենթարկվում Հրայր Թովմասյանի ևս մեկ սանիկ:

Մինչ քննարկումը հարցին անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և հայտարարեց, որ չի մասնակցի այդ քննարկմանը, քանի որ այդ գործընթացը քաղաքական է և հետապնդում է մեկ նպատակ. քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետև այն հակասում է սահմանադրությանը։ «Ինձ համար սա սահմանագիծ է: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր դա մեր սահմանին ինձ վստահված տարածքն է։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ ունի այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը»:

Հինգշաբթի Ազգային ժողովը սկսեց «Իմ քայլի» նախաձեռնած քննարկումը, որն անցավ իմքայլականների քննադատական ելույթներով։ «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել էր, որ սատարում է իշխանության նախաձեռնությանը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ «Իմ քայլի» ներկայացրած փաստաթղթի իրավական հիմքերը թույլ են:

Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցեց 101-ը: Նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: Հայտարարվեց, որԱժ-ն իր այս որոշումը կուղարկի Սահմանադրական դատարան, իսկ մերժման դեպքում հնարավոր են այլ սցենարներ: Այս առումով բավական ուշագրավ էր ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի թափանցիկ կամ հեռուն գնացող ենթադրությունների տեղիք տվող ակնարկը, թե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր մնալու շանս ունեցել է, սակայն բաց է թողել այդ շանսը:

Նշենք, որ շաբաթ օրը իմքայլական չորս հայտնի ակտիվիստներ հարձակում գործեցին «Հայելի» ակումբի վրա, որի ղեկավար, լրագրող Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է: Հարձակվողները ձվեր շպրտեցին գրասենյակի վրա և պահանջեցին, որ «Հայելի» կայքը փակվի: Ոչ իշխանական քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները սա որակեցին որպես ճնշում Հրայր Թովմասյանի վրա, միաժամանակ ոտնձգություն խոսքի ազատությանը: Իսկ իշխանական այրերն ու տիկնայք ոչ միայն չդատապարտեցին այս երևույթը, այլև առիթն օգտագործեցին դարձյալ նախկիններին հիշատակելու և ոչ իշխանամետ լրատվամիջոցներին քննադատելու համար:

Հինգշաբթի կառավարությունը հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը, ըստ որի՝ 2021 թվականից կգործի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը միավորելու է մի շարք քննչական վարչություններ և զբաղվելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով։ Այս կոմիտեին են փաստացի պատվիրակվելու ոստիկանության և ԱԱԾ-ի քննչական որոշ գործառույթներ:

Հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երևանի առաջին ատյանի դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել:

Ինչպես գիտենք, նախորդ կիրակի՝ սեպտեմբերի 29-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվել 7 մարզերի 19 համայնքներում, որոնցից 6-ում՝ արտահերթ: Մամուլի ուշադրության և ասուլիսների առարկա դարաձավ Նորաշեն համայնքը, որտեղ գյուղապետ Նորայր Գրիգորյանը արձակուրդի ժամանակ պահակից իմացել էր, որ այլևս գյուղապետ չէ, սակայն իր պաշտոնանկության մասին ոչ մի գրություն չէր ստացել։ Եվ սկսվեց հերթական իրարանացումը. ցույցեր, համայնքապետարանի շրջափակում և այլն, որը, ըստ ամենայնի, դեռ երկար կշարունակվի, քանի որ գյուղապետի պաշտոնանկության գործընթացի հիմքում անօրինականություններ են ընկած: Համենայն դեպս նախկին գյուղապետը հայտարարեց, որ ավագանին պատշաճ ձևով նիստ չի արել, արձանագրությունը կազմել են ծիրանի ծառի տակ, 5 ստորագրությամբ, մեկն էլ՝ կեղծ, մարզպետն էլ, իր հետ հին հաշիվներ ունի, քանի որ ժամանակին առաջարկել է ՔՊ-ական դառնալ, ինքը մերժել է:

Շաբաթվա ամենամեծ սկանդալը թերևս Անդրանիկ Քոչարյան-Արփինե Հովհաննսիյան հեռակա բանակռիվն էր: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձավ արդարադատության նախկին նախարար և ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը և օրինակի համար նշել էր պայմանական անուններ: «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Այս արտահայտությունը ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ, դրան հետևեցին հասարակության չափազանց խիստ և զգացմունքային արձագանքներն առ այն, որ կնոջ հասցեին անձնական բնույթի վիրավորանքը ո՛չ քաղաքական գործչին է վայել, ո՛չ էլ, առավել ևս, տղամարդուն: Բոլորն էլ ներողություն էին խնդրում Արփինե Հովհաննիսյանից Քոչարյանի փոխարեն: Արձագանքեց նաև մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարելով՝ «մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս, եթե խոսքը կնոջ մասին է»։ Ֆրանսիայի դեսպանը նույնպես աջակցություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին՝ հղում անելով Թաթոյանի հայտարարությանը: Սակայն ամենատպավորիչը իր՝ Արփինե Հովհաննիսյանի պատասխանն էր՝ շատ զուսպ, բայց ոչնչացնող:

Նկատենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն խնդրեց միայն Սասուն Միքայելյանը: Իսկ մյուսները դարձյալ հիշեցրին նախկինների մեղքերը: Այս պատմությունը շատ բան ցույց տվեց՝ և՛ ներկայիս իշխանությունների իրական բարոյական դեմքը, և՛ արդի քաղաքական մշակույթի խայտառակ անկումը:

Կարծես թե շոշափելի քայլ կատարվեց Երևանի աղբահանության թնջուկի լուծման ճանապարհին. «Սանիթեքի» հետ պայմանագիրը պաշտոնապես խզվեց։ Երևանի քաղաքապետը հրապարակեց պայմանագիրը լուծելու հիմքերը, մասնավորապես՝ «Սանիթեքը» չի կատարել իր պարտավորությունները՝ ո՛չ աղբն է նորմալ հավաքել, ո՛չ էլ այնքան տեխնիկա է դուրս բերել փողոցներ, որքան պարտավոր էր պայմանագրով: Խնդիրը, ամենայն հավանականությամբ, դեռ կքննարկվի դատական ատյաններում:

Շաբաթն ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) մասնակիցների ժամանումներով և դրա տոնական բացումով՝ էլեկտրոնային երաժշտության համերգով Հանրապետության հրապարակում, որը վարում էր «Գրեմմիի» մրցանակակիր, համաշխարհային ճանաչում վայելող հոլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: