Հայերեն   English   Русский  

ՄԻՊ-ն արձանագրել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը


  
դիտումներ: 284

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը։

NEWS.am–ին հայտնել է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ դեռեւս ամիսներ առաջ Արմեն Գևորգյանը ցանկացել էր աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն նրան թույլ չէին տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում նրա ելքի վրա արգելանք էր դրված, չնայած այն հանգամանքին, որ մեկնելու համար Գևորգյանն ունեցել է դատարանի համապատասխան գրություն: Ոստիկանությունն էլ պարզաբանել էր, որ իրենք կատարում են վարույթն իրականացնող մարմնի պահանջները։ Այս կապակցությամբ պաշտպանը մայիսի 19–ին դիմում-բողոք էր հասցեագրել ՄԻՊ-ին։

Ստացած պատասխանում ՄԻՊ-ը արձանագրել է, որ ոստիկանության պարզաբանումը այն մասին, թե իրենք կատարում են վարույթն իրականացնող մարմնի պահանջները, հակասում է հենց ոստիկանության պրակտիկային։

«ՄԻՊ-ը որոշել է հաստատված համարել, որ տեղի է ունեցել Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, եւ արձանագրել, որ ոստիկանությունում այլեւս նման պրակտիկա չի կարող գործել եւ ոստիկանությունն առանց որեւէ խոչընդոտի պետք է ի կատար ածի դատարանի որոշումը»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ նախկինում ոստիկանությունը երբեք նման խոչընդոտներ չի ստեղծել.

«Մենք այդ ժամանակ ՄԻՊ–ին ներկայացրել էինք այլ գործով դատարանի համապատասխան գրությունը, որով թույլատրվել էր մեղադրյալին մեկնել ՀՀ–ից եւ ոստիկանությունը որեւէ խոչընդոտ չէր ստեղծել։ Մենք ցույց տվեցինք, որ առկա է նման միասնական պրակտիկա, հետեւաբար այս գործով ստացվում է, որ ոստիկանությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերել»,–ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս որոշման հիմքով այսուհետ նմանատիպ խոչընդոտներ չեն ստեղծվելու եւ չպետք է ստեղծվեն։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա եւ եւս 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: