Հայերեն   English   Русский  

​Անուղղելի երազողները...


  
դիտումներ: 2077

Հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցչի տոն, արդեն տարիներ շարունակ բավական մեծ խանդավառությամբ է նշվում մեր երկրում:

Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Թեմայի շրջանակներում իմ զրուցակիցն է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը: Մեր զրույցն այս անգամ ծավալվեց ոչ միայն օրվա խորհրդի, այլև դպրոցի առանձնահատկությունների շուրջ՝ ցույց տալու համար այն շոշափելի ձեռքբերումները, որոնց հնարավոր է հասնել նաև մարզերում անձնվեր աշխատանքի ու մեծ ցանկության շնորհիվ:

«Ուսուցիչը պիտի մինչև վերջ նվիրվի իր առաքելությանը, սիրի իր աշխատանքը՝ անկախ բոլոր դժվարություններից. անգամ ֆինանսական ցածր վարձատրությունը նրա համար պիտի նշանակություն չունենա դասարան մտնելիս, և նա երբեք ժամավաճառությամբ չպիտի զբաղվի: Սովորաբար հաջողության է հասնում աշակերտի հետ անկեղծ եղող ուսուցիչը, որովհետև երեխան, առավել քան որևէ մեկը դպրոցում, կարողանում է տեսնել ուսուցչի լավագույն որակները:

Աշակերտը պիտի զգա, որ ուսուցիչն ապրում է իր աշխատանքով, հասկանում է իրեն, իր կողքին է ցանկացած հարցում, իսկ դասերից հետո նաև իր ընկերն է: Որքան էլ ուսուցչի մասնագիտության համար կապ չունի՝ քաղաքում ես աշխատում, թե գյուղում, ամեն դեպքում պիտի ասեմ՝ գյուղական համայնքներում մի փոքր դժվար է այն առումով, որ գյուղացին, գտնվելով սոցիալական դժվարին պայմաններում, հաճախ զգում է իր երեխայի կարիքը, հատկապես սեզոնային աշխատանքների ժամանակ: Եվ այստեղ է, որ դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները փորձում են ըմբռնումով մոտենալ խնդրին՝ երբեմն անտեսելով մի քանի օրվա բացակայությունները: Նաև ուսուցիչը միշտ պիտի հիշի, որ յուրաքանչյուր ընտանիքի մթնոլորտն ուղղակիորեն անդրադառնում է երեխայի հոգեվիճակի վրա: Ուստի նա պիտի այնքան հզոր լինի, որ դպրոց մտնելու առաջին իսկ վայկյանից կարողանա աշակերտին մոռացնել տալ բոլոր հոգսերն ու մտածմունքները և նրան բերել գիտելիքի լրիվ ուրիշ աշխարհ:

Այստեղ է, որ մանկավարժը նաև հոգեբան պիտի լինի: Ի դեպ, մարզերի դպրոցի տնօրենն էլ այս նույն խնդրին բախվում է արդեն ուսուցիչների հետ կապված: Որքան էլ որպես տնօրեն լինես քո դերում, մարդկային որակներդ չպիտի զիջեն պաշտոնին: Ես ապրում եմ յուրաքանչյուր ուսուցչիս ցավով ու հոգսով: Եվ երբ լավ գիտես, թե նա ինչ կարիքներ ունի, արդեն ինքնաբերաբար գիտակցումով ես մոտենում՝ օգտակար լինելով հնարավորություններիդ սահմաններում: Դրա համար է երևի, որ մեր դպրոցում հենց մուտքի մոտից կարելի է հանդիպել անկեղծ, մաքուր ժպիտների, պայծառ, փայլող աչքերի»,-այսպես խանդավառությամբ սկսեց իր զրույցը տիկին Մկրտչյանը:

Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Հաջորդիվ անդրադարձանք ժամանակակից ուսուցչի առանձնահատկություններին: Ըստ զրուցակցիս՝ այսօր ցանկացած ուսուցիչ պիտի ոչ միայն փայլուն տիրապետի իր առարկային, այլև ժամանակակից մեթոդներով հագեցած վարի իր դասը, լինի բազմակողմանիորեն պատրաստված, ունենա կյանքի հմտություններ, կարողանա ցանկացած իրավիճակում աշակերտի համար գտնել լավագույն լուծումը, որ վերջինս լիարժեք բավարարած դուրս գա դասարանից:

Տաթևիկ Մկրտչյանը ցավով նկատեց, որ կրթական համակարգում կան բազում ծրագրային բարդություններ, լուծվելիք շատ խնդիրներ, որոնց առկայությունը խանգարում է ուսուցչի աշխատանքին: Այդ աշխատանքն այսօր բարդանում է նաև ուսուցչի կերպարի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխությամբ: Եվ ցավալի է, որ պարբերաբար այս կամ այն ուսուցչի կողմից ջրի երես դուրս եկող բացթողումները հաճախ ընդհանրացվում են, և տրվում է մի ընդհանուր պիտակավորում, ինչն այնքան վիրավորական է նվիրյալ ուսուցիչների համար:

«Մեր դպրոցում ամեն ինչ անում ենք, որ նման խնդիրներ չլինեն: Բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ենք կազմակերպում թե´ աշակերտների (հատկապես վարքային վատ դրսևորում ունեցող), թե´ ծնողների հետ: Վերջինների համար կազմակերպում ենք նաև սեմինարներ՝ քննարկելով ծնողավարման հմտություններին վերաբերող շատ հարցեր ու խնդիրներ: Բարեբախտաբար, դեռևս չենք ունեցել մի դեպք, որ ուսուցչին քարկոծեն կամ նա այնպիսի իրավիճակում հայտնվի, որ պաշտպանության կարիք ունենա: Ծագած յուրաքանչյուր խնդիր շատ սահուն ենք լուծում: Համոզված եմ՝ պատճառը մեր թիմային աշխատանքի արդյունավետությունն է: Տիրող փոխվստահության պայմաններում ծնողը գիտակցում է՝ դպրոցն ամեն ինչ անում է հանուն իր երեխայի»,-ներկայացնում է տիկին Մկրտչյանը և անցնում աշակերտների կերպարի բնութագրմանը:

Ըստ նրա՝ վերջիններս լուսավոր են, պայծառ, պրպտող, հետաքրքրասեր, միևնույն ժամանակ՝ անհամբեր: Ուստի կրկին կարևորվում են ուսուցչի մանկավարժական ու հոգեբանական հմտությունները, որ նա կարողանա յուրաքանչյուր աշակերտի ընձեռել իրեն լիարժեք զգալու հնարավորություն: Ուսուցիչն աշակերտին պիտի սովորեցնի մարդ լինելու ամենակարևոր դասը:

Տիկին Մկրտչյանը նկատում է՝ ներկայիս դժվար պայմաններում ուսուցչին պիտի միշտ ոգևորել անգամ կատարած փոքրիկ աշխատանքների համար, ինչը նրան ավելին անելու թևեր կտա. «Ինքս եմ զգացել՝ ինչպես են գովեստի խոսքերը մեծ ուժ ու էներգիա փոխանցում: Ամեն ինչ անում եմ, որ դպրոց ոտք դնող յուրաքանչյու ոք զգա այն հետաքրքիր էներգետիկան, որ կա մեր հարազատ կրթօջախում: Ցանկացած մեկը, որ մռայլված է դուրս եկել տանից, դպրոց մտնելիս, հանդիպելով իրեն դիմավորող տնօրենի ժպիտներին, ինքն էլ պիտի ժպտա, ու այդ ժպիտը վարակի պես պիտի տարածվի ողջ դպրոցում: Տնօրինությանս երեք տարիների ընթացքում իմ առջև դրված բազմաթիվ նպատակների իրականացմանը զուգահեռ այս ժպիտներն ու ջերմությունը իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, ինչը նաև մեզ այցելող շատ հյուրեր են խոստովանել»:

Հաջորդիվ զրուցեցինք դպրոցում գործող խմբակներից, որոնք նպաստում են դպրոցի դերի մեծացմանը երեխայի կյանքում: «Մեր մեծագույն ձեռքբերումն է «Նուռիկներ» տիկնիկային թատերախումբը, որի հիմքը դրվեց տիկնիկագործության խմբակով:

Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ջանքերով ստեղծված տիկնիկագործության խմբակի կողքին մենք կանգնեցինք հենց առաջին օրվանից՝ օգնելով կայանալ: Խմբակի գերնպատակն էր երեխաների մեջ արմատավորել, որ անկախ ապրելու վայրից և ունեցած աննշան հնարավորություններից՝ նրանք կարող են մեծ ցանկության դեպքում հասնել հաջողության՝ սեփական ձեռքի աշխատանքը դարձնելով ապրուստի միջոց: Տիկնիկային թատերախմբի հիմնադրումն ու հետագա գործունեությունը հենց դրա վառ ապացույցն է: Երեխան տեսավ և շարունակում է տեսնել՝ ինչպես հասարակ պենոպլաստից ստեղծվում են տիկնիկներ, ինչպես իրենց մաշված շորերը տիկնիկի համար դառնում են հրաշալի հագուստ: Տիկնիկագործութան խմբակից սկիզբ առած մեծ հետաքրքրությունը թատերական խմբակ է բերել տարբեր տարիքի երեխաների: Նրանք մասնակցում են թատերական փառատոների, շփվում են դերասանների հետ, հյուրախաղերով լինում այլ մարզերում և օրեցօր ավելի ինքնահաստատվում:

Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Նույն հաջողությունները դպրոցում ունեն նաև կարպետագործության, ասեղնագործության խմբակները, որոնց դասերին մասնակցում են ոչ միայն աշակերտները, այլև նրանց մայրերն ու տատիկները, դպրոցն ավարտած օրորդները, անգամ ես և իմ ուսուցիչներ, ինչպես նաև հարևան համայնքների դպրոցների մանկավարժները: Այս խմբակները մեծ մոտիվացիա էին գյուղում, որտեղ կանայք հատկապես ձմռան ամիսներին հողագործական աշխատանքներից հետո մատնվում են անգործության: Նրանք հասկացան՝ նման արհեստների տիրապետումով կկարողանան թեթևացնել իրենց ընտանիքի որոշ հոգսեր:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և Ամերիկյան դեսպանատան հետ համատեղ դպրոցում բացել ենք նաև անգլերենի խմբակ, քանի որ դպրոցի առաջին օտար լեզուն գերմաներենն է:

Դպրոցում գործում է «Բանավեճի ակումբ» (աշակերտներին ծանոթացնում են բանավիճելու նուրբ ու բարդ արվեստին՝ նրանց մեջ ձևավորելով ցանկացած հարցի համակողմանի մոտենալու հմտություններ), «Հույզերի ակումբ» (աշակերտներին սովորեցնում են կառավարել իրենց հույզերն ու զգացմունքները), ինչպես նաև բասկետբոլի և առողջ ապրելակերպի խմբակներ:

Ինձ համար շատ կարևոր է, որ թվարկված բոլոր խմբակները գործում են անվճար հիմունքներով, և երեխան հաճախում է դրանք առանց ծնողի պարտադրանքի: Դրա համար էլ վերջնարդյունքը միշտ էլ գոհացուցիչ է լինում թե´ մասնագետի համար, թե´ ծնողի ու աշակերտի:

Այս ամենին զուգահեռ դպրոցում շատ բարձր հիմքերի վրա է դրված աշակերտների ազգային-հայրենասիրական դաստիարակության հարցը, որն այնքան կարևոր է պատերազմական գոտում ապրող երկրի համար: Ուսուցիչը պիտի երեխաներին դաստիարակի այս հասարակության պիտանի քաղաքացիներ՝ ազգային-հայրենասիրական բարձ արժեքներով: Աշակերտը, լինի աղջիկ, թե տղա, պիտի գիտակցի իր երկրի կարևորությունը ու իր պարտականությունը այս երկրի հանդեպ: Այս ամենին նպաստում են մեր դպրոցում կազմակերպվող տարատեսակ միջոցառումները, որոնք ևս մի կարևոր հատկանիշ ունեն. նպաստում են աշակերտ-ուսուցիչ կապի սերտացմանը, ինչը դրականորեն է անդրադառնում ուսումնական գործընթացի վրա», - մեծ ոգևորվածությամբ պատմում ու ներկայացնում է Տաթևիկ Մկրտչյանը՝ խոսելով նաև դպրոցի աշակերտական և ծնողական խորհուրդներից, որտեղ յուրաքանչյուրը գիտի՝ իր բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չի մնալու և ստանալու է համապատասխան լուծում:

Դպրոցի կյանքում տնօրենը կարևորեց նաև նախակրթարանի դերը, քանի որ Հացիկի համայնքը չունի մանկապարտեզ, և այս նախակրթարանը գյուղի երեխաների նախադպրոցական ուսուցումն իրականացնող միակ կառույցն է:

Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Զրուցակիցս հպարտությամբ է հավելում, որ, ի շնորհիվ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, դպրոցն ունի ժամանակակից լուծումներով հրաշալի շենքային պայմաններ: Նաև վերջին տարիներին դպրոցում մեծ թափով քայլեր են իրականացվել նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ: Առաջիկայում քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաների համար նախատեսվում է ունենալ գերհագեցած լաբորատորիաներ: Նմանատիպ աշխատանքների մեծ մասն իրագործվել և իրագործվում է ամերիկահայ բարերար Ջեք Յուրեջյանի շնորհիվ, որը 2017-ին առաջին անգամ դպրոց ոտք դնելուց և դպրոցի համար նվիրատվություններ անելու որոշումն ընդունելուց հետո մինչ օրս շարունակում է մնալ դպրոցի կողքին:

Տիկին Մկրտչյանը մեր զրույցն ամփոփեց այսպես. «Ուսուցիչը պիտի անուղղելի երազող լինի և ոչ մի պարագայում չկորցնի այդ ունակությունը, որովհետև միայն այդ դեպքում նա կկարողանա իր աշակերտների հետ միասին իրագործել թեկուզ ամենախենթ գաղափարները: Նա նաև երբեք չպիտի դադարի սովորել: Արդեն իսկ ավարտած լինելով ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետն ու Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը՝ այժմ սովորում եմ Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կրթության գնահատում և թեստավորում բաժնում՝ չնայած խիստ ծանրաբեռնված գրաֆիկիս: Պարզապես ես հասկանում եմ, որ այս նոր ոլորտն ինձ կօգնի ավելի խորությամբ մոտենալ իմ գործին: Այս ամենին զուգահեռ ես միշտ մասնակցում եմ տարբեր վերապատրաստումների և համագործակցում շատ տարբեր մարզերի տնօրենների հետ՝ իմ փորձառության ունեցած լավը նրանց փոխանցելու և նրանց լավագույնը դպրոց բերելու համար: Դպրոցի հաջողությունները կարևոր խթան են Հացիկի ողջ համայնքի համար: Ուսուցիչների տոնի առթիվ բոլորին մաղթում եմ արևշատություն, հոգու կամք և անսահման մեծ ուժ, որ կարողանան անձնվեր ծառայել իրենց սուրբ առաքելությանը»:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: