Հայերեն   English   Русский  

Եթե ՍԴ-ում ԱԺ դիմումը մերժվի, ես իմ մտքում շատ քայլեր ունեմ. ԱԺ նախագահ


  
դիտումներ: 74

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ

պատրաստ են ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ-ի ցանկացած որոշում։

Շրջանառվող այն կարծիքին, թե իշխող քաղաքական ուժը մտադրություն ունի չեզոքացնելու իրենց համար անցանկալի մարդկանց դատական համակարգից, Միրզոյանն ասաց.

«Կարող եմ ամբողջ քաղաքական ուժի անունից ասել, որևէ մտադրություն չունի և չի ունեցել իր համար ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից։ Ճիշտ հակառակը, մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, և եթե մենք նման մտադրություն ունենայինք, ապա այս ամիսների ընթացքում այս կամ այն կերպ դրսևորված կլիներ։ Ես իմ երեկվա ելույթն ավարտեցի այսպես, նա ուներ այդ շանսը, և նա այդ շանսը բաց է թողել։ Ի՞նչ շանսի մասին է խոսքը, գլխավորել ՍԴ նախագահ, գլխավորեր անաչառ, օբյեկտիվ, արդար դատական համակարգը։ Իմ խորին համոզմամբ, նա այս ընթացքում արել է բաներ, որոնք պայմանավորված են եղել ոչ թե այդ արդար դատական համակարգն ապահովելուն, այլ բոլորովին այլ, այն է շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը։ Ես պնդում եմ, որ նա ունի շատ նեղ ներքաղաքական դիրքորոշում»։

Ճշտող հարցին՝ արդյոք ինքը նկատի ունի Հանրապետական կուսակցությանը, Արարատ Միրզոյանն ասաց. «Այո, ես հենց այդպես էլ ասացի։ Եվ հիմա էլ եմ ասում, նա արդար դատական համակարգի տեսանկյունից հանդես չի գալիս։

Եթե որոշումը մերժվի ՍԴ-ում, ես իմ մտքում շատ քայլեր ունեմ, բայց պիտի հասկանանք՝ հիմա պրոցեսն ինչ պետք է լինի»։

Անդրադառնալով ՍԴ նախագահի հարցազրույցներից մեկում արած այն հայտարարությանը, որ ինքը նման է սահմանին կանգնած զինվորի, Միրզոյանն ասաց. «Դա ի՞նչ բան էր, ստացվում է, որ Հրայր Թովմասյանը հայն էր և այս նախաձեռնության հեղինակներն էլ ադրբեջանցինե՞ր, սա ընդհանրապես մի հատ ուրիշ քննարկելու թեմա է, որին չեմ էլ ուզում անդրադառնալ»։

Միրզոյանը պատմեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատշաճ կերպով հրավիրել էր Հրայր Թովմասյանին՝ ներկա գտնվելու նիստին, պաշտպանել իր դիրքորոշումը, պատասխանել պատգամավորների հարցերին, եղել է և՛ հեռախոսազանգով, և՛ էլեկտրոնային տարբերակով, սակայն նա մերժել է, այնուհետև ներողություն խնդրել միայն ԲՀԿ-ից, որն ըստ ԱԺ նախագահի՝ անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ։

«Ինչպես տեսաք, նա չեկավ՝ ներողություն խնդրելով ԲՀԿ-ից, սա ԱԺ-ն որպես ինստիտուտի եւ ԱԺ-ի մնացած քաղաքական ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, եւ հերթական անգամ գալիս է ապացուցելու, այն ինչի վրա ես շեշտադրում էի կատարում, մասնավորապես, որ շատ հստակ քաղաքական դիրքորոշման, քաղաքական մոտիվացիայի եւ քաղաքական պատճառաբանության տարրեր կան, եթե ոչ՝ ամբողջովին դրա վրա են հիմնված։ Հրայր Թովմասյանի գործողություններում պարբերաբար եւ այդ շարժառիթներն իրենց արտացոլումն են գտել բոլոր այն դրվագներում, որոնցով, որ հիմնավորվում էր ԱԺ-ի որոշումը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: