Հայերեն   English   Русский  

Ցոլակ Խաչատրյանը Վերաքննիչ դատարանում ևս հաղթեց Պաշտպանության նախարարությանը


  
դիտումներ: 280

Երկար տարիներ զինված ուժերում ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանն արդեն մի քանի տարի է պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու և իրեն հասանելիք գումարները ստանալու համար:

Նա փորձում է Պաշտպանության նախարարությունից ստանալ իրեն չվճարված ծառայության ընթացքում հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։

Խաչատրյանի խնդրի մասին բազմիցս ենք բարձրաձայնել: Արդեն տեղեկացրել էինք, որ ամենամյա արձակուրդների գումարների տրամադրման համար Խաչատրյանը դիմել է Առաջին ատյանի դատարան ու հաղթել, սակայն Պաշտպանության նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում:

Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՆ-ի ու երրորդ կողմ հանդիսացող Ֆինանսների նախարարության բողոքն ու որոշում կայացրել, որ Ցոլակ Խաչատրյանին ոչ թե պետք է վճարվի 277 օր փոխհատուցման ենթակա ամենամյա արձակուրդների քանակով գումար, ինչպես որոշել էր Առաջին ատյանի դատարանը, այլ՝ 288 օրվա:

«Ընդհանուր թիվն արդեն դարձել է 288.6 օր, բացի այդ հասանելիք հաշվարկվող 0.15% տուգանքի առումով էլ է բավարարել դատարանը, սակայն օրենքով տուգանքի չափը չի կարող գերազանցել մայր գումարի չափին։ Այն գումարը, որ տրամադրվելու է 288 օրվա համար, նույնքան գումար էլ վճարվելու է, որպես տույժ և տուգանք»,– ասում է Խաչատրյանը։

Նախկին զինվորականը կկարողանա հաջորդ շաբաթ ստանալ հասանելիք գումարները, եթե ՊՆ-ն որոշումը չբողոքարկի Վճռաբեկ դատարանում, սակայն Խաչատրյանը վստահ է, որ անգամ այդ դեպքում Վճռաբեկ դատարանը ևս իր օգտին է վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ Ցոլակ Խաչատրայնը դեռ 2016 թվականից է սկսել պայքարել: Այդ ժամանակ նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը և տույժերը։

Նշենք նաև, որ Խաչատրյանը Կառավարության շենքի առաջ արդեն մի քանի անգամ հացադուլ է արել: Նա ասում է, որ պայքարում է ոչ միայն իր իրավունքների վերականգնման, այլ բոլոր այն զինվորականների, որոնք չեն ստանում իրենց հասանելիք ֆինանսական միջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: