Հայերեն   English   Русский  

«Բարձրագույն կրթությունն ու գիտությունը մեկ օրենքի մեջ ներառելը սխալ է, փաստաթուղթը պետք է փոխվի». Աիդա Թոփուզյան


  
դիտումներ: 1494

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը նախօրեին քննարկման է դրվել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում։

Քննարկման ընթացքում մի շարք մտահոգություններ են հնչել, մասնավորապես սխալ է համարվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները մեկ միասնական օրենքով կարգավորելու որոշումը, քանի որ այդ դեպքում ոլորտներից մեկը, տվյալ դեպքում՝ գիտությունը, կարող է տուժել։

«Օրենքի նախագծում իշխում է բարձրագույն կրթությունը, գիտությունը կարծես մնացել է հետին պլանում, կամ մեխանիկորեն, կույրաղիքի նման վերցրել ու մտցրել են բարձրագույն կրթության մեջ: Ես չեմ հասկանում, այն, ինչ մենք ունենք, պիտի կորցնե՞նք: Միջազգային հազարավոր չափանիշներ կան, որոնք երկրի առաջընթացն ու ներուժը չափում են գիտության մակարդակով, գիտությունը մեր բրենդը կարող է դառնալ, մենք ո՞նց կարող ենք համաձայնվել նման օրենքի և նման անվան հետ»,-Անկախ-ի հետ զրույցում ասում է Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, վաստակավոր մանկավարժ Աիդա Թոփուզյանը:

Նա գտնում է, որ պետք է ունենալ առանձին օրենք բարձրագույն կրթության մասին և առանձին օրենք գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին՝ միաժամանակ բուհերում ուժեղացնելով գիտահետազոտական բաղադրիչը:

«Առհասարակ, օրենքի նախագծում անհաջող են ձևակերպված պետական քաղաքականության բովանդակությունն ու սկզբունքները, անհասկանալի է՝ գիտությունն ու բարձրագույն կրթությունը ի՞նչ դեր ու նշանակություն ունեն մեր երկրի համար, ի՞նչ երաշխիքներ է տալիս պետությունը այդ ինտեգրված ոլորտը պահելու և զարգացնելու համար, ո՞րն է նոր ոլորտի կազմակերպական հիմքը, և ինչ է սպասում պետությունը դրանից: Փաստաթուղթը չի համապատասխանում նույնիսկ նշված նպատակներին ու խնդիրներին»:

Աիդա Թոփուզյանը հայտնում է, որ Հանրային խորհրդում հանձնաժողովի քննարկման ժամանակ գրեթե բոլորը համակարծիք են եղել, որ միասնական օրենք ընդունելը ճիշտ չէ:

«Փաստաթղթի հեղինակները, ըստ երևույթին, լավ չեն պատկերացնում հանրապետության առկա վիճակը և առանձնահատկությունները: Զգացվում է, որ նրանց մոտ բացակայում է այս երկու ոլորտների նշանակության ընկալման և զարգացման տեսլականը հանրապետության անվտանգության և առաջընթացի ապահովման տեսանկյունից: Անհասկանալի է, թե ինչ հետազոտությունների հիման վրա են ձևակերպված հոդվածները, ինչ է փոխելու օրենքը այդ երկու ոլորտներում, ինչ ենք շահելու և ինչ ենք կորցնելու, արդյո՞ք ուսումնասիրվել է այն երկրների փորձը, որտեղ արդեն 4-5 տարի է, ինչ գիտության մեջ գործում է նմանատիպ համակարգ: Մինչև չտրվի այս հարցերի պատասխանը, աններելի է նման բովանդակությամբ և մեխանիզմներով օրենք ընդունել: Մի խոսքով, ես կարծում եմ, որ վերոնշյալ երկու ոլորտների ինտեգրումը փաստաթղթում չի հաջողվել»:

Հանձնաժողովի քննարկման ժամանակ հատուկ անդրադարձ է եղել Գիտություների ազգային ակադեմիային վերաբերող դրույթներին: Հոդված 25-ում նշվում է, որ Գիտությունների ազգային ակադեմիան դառնում է խորհրդատվություն տրամադրող ինքնակառավարվող միավորում: Հանձնաժողովի անդամները սա մտահոգիչ են համարել՝ նշելով, որ դրանով ակադեմիան կորցնում է իր դիրքն ու կարևորությունը:

«Սա ճանապարհ է, որը գիտությունը ոտնատակ է տալիս: Փաստորեն, այդ հսկա գիտական ներուժը, որը ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում, չի մասնակցում մեր երկրի գիտության քաղաքականության մշակմանը, գիտական ճյուղերի առաջնայնությունների որոշման գործընթացին, գիտական դպրոցների զարգացմանը և այլն: Ես կարծում եմ, որ նման մոտեցումը գալիս է հեղինակների արժեքային համակարգից և գիտության ընկալման մակարդակից»:

Թոփուզյանի կարծիքով՝ գիտությանը վերաբերող հասկացություններն աղքատիկ են, բացակայում է, օրինակ, ակադեմիական ազնվությունը և այլ կարևոր հասկացություններ:

«Որոշ հոդվածներ, որոնք վերաբերում են բուհի ներքին կյանքին, անհրաժեշտ է հանել, դրանք տեղադրելբուհի կանոնադրության մեջ: Բացի այդ, բուհի գործունեության հիմնական ուղղություններում բացակայում է միջազգայնացումը: Իսկ գիտական հիմնարկի գործունեության հիմնական ուղղություններն ընդհարապես շարադրված չեն»:

Մտահոգություններից ու դիտողություններից բացի հանձնաժողովի անդամները նաև առաջարկներ են ներկայացրել, որոնք կուղարկվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ փաստաթղթի վերջնական տարբերակը քննարկման կդրվի արդեն Հանրային խորհրդում:

Նշենք, որ նախարարությունը նախագծի աշխատանքային տարբերակն ուղարկել է նաև բուհերին և գիտահետազոտական կառույցներին, որպեսզի այն դրվի քննարկման և մինչև առաջիկա երկուշաբթի օրը ներկայացվեն առաջարկներ ու դիտողություններ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: