Հայերեն   English   Русский  

ՀՀ տարածքում նախատեսվում է ներդնել բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգ


  
դիտումներ: 95

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը:

Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր: Ինչպես նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանի նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով։

«Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն ու արդյունավետ դարձնելու միտումով։ Մասնավորապես, նախատեսվում է, որ 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվանմամբ։ Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, և 2021 թվականի դրությամբ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները»,- ասել է նախարարը:

Ռուստամ Բադասյանը նշել է նաև, որ սահմանվել է երեք տարվա անցումային շրջան, որի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը կամ Քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը։

«Այստեղ ուզում եմ շեշտել, որ հաստիքների փոխանցման գործընթացը, մասնավորապես, Հակակառուպցիոն կոմիտեի մասով, մեխանիկական բնույթ չի կրելու: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նախ անցնելու են ստուգման գործընթաց՝ բարեվարքության և այլ շրջանակներում, ինչպես նաև քննչական կոմիտեների աշխատակիցներին տրամադրվելու են սոցիալական լուրջ երաշխիքներ»,-ասել է նախարարը:

Նախատեսվում է նաև Գլխավոր դատախազության կազմում ստեղծել ստորաբաժանում՝ հակոկոռուպցիոն գործերով քննությունների նկատմամբ վերահսկողության նպատակով։ Նախարարի խոսքով՝ կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը։ Ըստ նրա՝ նախատեսվում է ամբողջությամբ բարեփոխել նաև հայտարարագրման համակարգը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն կարծիքներին, թե ռազմավարությունը թուլացնելու է Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, նշել է, որ դրա արդյունքում այդ ուժային կառույցներն ավելի են ուժեղանալու. «Մենք հասկացանք, որ մեծ «ալերգիաներ» է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Տրամաբանությունն այն է, որ մենք ասում ենք՝ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն և դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք:

Ինձ համար հաջորդ հարցը հետևյալն էր, թե ինչ ազդեցություն կունենա այս ռազմավարությունը Ազգային անվտանգության ծառայության գործունեության վրա որպես կառույց և որպես մարմին, ինչքանով նա կուժեղանա և ինչքանով կթուլանա: Այն օրվա մեր քննարկման արդյունքում իմ եզրակացությունը միանշանակ էր, որ այս փոփոխություններով ԱԱԾ-ն միանաշանակ դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ շատ ավելի լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով և, ըստ էության, պիտի դառնա մեր պետության անվտանգության, ժողովրդի, պետության անվտանգության ողնաշարը: Նույն էլ վերաբերում է Ոստիկանությանը»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կարևոր իրադարձություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրաևս մեկ անգամ ներկայացնելու համար. վարչապետ

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից ելնելով. անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ 2019 թ. գործող բյուջետային ծրագրերի մեջ, իրականացնելով միջծրագրային վերաբաշխումներ: Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գրությունը և նախարարության ու վերջինիս միջև կնքված համաձայնագիրը առ այն, որ 1043 ծրագրի միջոցառման համար նախատեսված գումարի մնացած մասը` 1,211,585,4 հազար դրամը այլևս անհրաժեշտ չէ ՏՏ համաժողովը կազմակերպելու համար:

Որոշմամբ առաջարկվում է այն վերաբաշխել հետևյալ ուղղություններով. 984,1 մլն դրամն ուղղել «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմանը, 117,7 մլն դրամը՝ «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» ծրագրին: Վերջինիս շրջանակում նախատեսվում են ՏՏ համաշխարհային համաժողովի նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպում, միջազգային ցուցահանդեսներին հայկական տաղավարներով մասնակցություն, մասնավորապես՝ Սինգապուրում կայանալիք Singapore Week of Innovation and TeCHnology (SWITH) ցուցահանդեսում, Ուզբեկստանում կայանալիք «InnoWeek.uz» 2019 համաժողովին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև ԴիջիԹեքը ցուցահանդեսին, որը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։

Անդրադառնալով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Սա մեծամասշտաբ իրադարձություն է, ունենալու ենք 2000-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանըխթանելու համար: Իհարկե, միջոցառումն իսկապես մեծամասշտաբ է, և ես համոզված եմ, որ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, համապատասխան միջոցներ են ձեռնարկել՝միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»:

Միջազգային համագործակցություն. Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագիր

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝

- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

- «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

- «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

- Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,

- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը շատ կարևոր է, և հույս ունենք, որ իսկապես դա կօգնի մեր գյուղացիական տնտեսություններին բոլորիս հայտնի ռիսկերը կառավարելու առումով: Եվ մենք առաջին արդյունքները, ըստ էության, մյուս տարվա աշնանը կարող ենք տեսնել, թե ինչպես է աշխատում համակարգը: Իսկ ժամկետի սահմանափակում չկա, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից սկսած արդեն բաց ժամկետով, երբ գյուղացիները կուզենան, կարող են ձեռք բերել փաթեթները, որոնց արժեքի ուղիղ կեսը վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փաթեթով բոլոր 3 ծառայությունները ձեռքբերելու դեպքում նաև կստանան հավելյալ 10 տոկոս զեղչ»:

Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Սահմանվում է նաև ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները:

Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է նաև նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները: Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում է գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի:

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ 40 օր ժամկետով կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք պլանային իրադարձություններ են. «Այո, ասել ենք՝ այն զորավարժությունները և բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են, աննախադեպ ծավալի են: Բայց դա կապված չէ արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ, դա կապված է որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որը գիտենք բոլորս, որևէ բան չի փոխվել, և սա պետք է մեր հանրությունը շատ հստակ իմանա»:

Կհստակեցվի և կկանոնակարգվի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Ըստ այդմ՝ փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները, ՄՈԳ-ի շեմը սահմանել ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:

Նախատեսվում է նաև հանել դիմորդի՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ գնահատելու հարցազրույցի արդյունքները: Հաշվի առնելով նշվածը՝ պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեկ այլ փոփոխությամբ հնարավորություն է տրվում այս պայմաններին համապատասխանող արդեն 17 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին ստանալ տարկետում:

Կառավարության ղեկավարն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել.«Տարկետում տալու համար մենք ընդհանրապես հարցազրույցի ինստիտուտը հանում ենք և, ըստ էության, գրավոր ընթացակարգերով է տեղի ունենալու այդ ամենը, ինչը ենթադրում է, որ սուբյեկտիվիզմի գործոնը կամ վերանում է, կամ նվազագույնի է հասցվում: Այսինքն՝ մարդն օբյեկտիվորեն ունի այդ տվյալները, որոնք հաշվելի են, շոշափելի են, տեսանելի են, չափելի են, եթե չունի՝ չունի»:

ՀՀ տարածքում նախատեսվում է ներդնել բազային և շարժական ռադիոմոնիթորինգիհամակարգ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին: Հիմնավորման համաձայն՝ համակարգի ներդրման ավարտից և արտադրական շահագործման հանձնումից հետո ակնկալվում է ՀՀ ողջ տարածքի ռադիոմոնիթորինգ և տեղորոշում, որը կբացառի հանրապետության տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրների գործունեությունը, ի հայտ կբերի բոլոր շեղումները և հատկացված ռադիոհաճախականությունների ոչ նպատակային օգտագործողներին: Ռադիոհսկման հիմնական նպատակներն են՝ տեղական, տարածաշրջանային կամ գլոբալ մաշտաբներով էլեկտրամագնիսական ռադիոհաճախականային խանգարումներին առնչվող խնդիրների լուծում, որպեսզի ապահովվի ռադիոծառայությունների և ռադիոկայանների միաժամանակյա աշխատանք՝ փոքրացնելով կամ նվազեցնելով ռեսուրսի օգտագործումը: Բացի այդ, այն կնպաստի և կապահովի բնակչության կողմից ձայնային և հեռուստատեսային արձակման ազդանշանների թույլատրելի որակով ընդունում: Ինչպես նաև, այն կնպաստի արտակարգ իրավիճակներում միջոցառումների իրականացման ժամանակ ռադիոտեխնիկական միջոցների արդյունավետ կիրառման հնարավորության ստեղծմանը: Ծրագրի համաձայն՝ ամբողջական ցանցը պետք է կազմված լինի սպասարկվող, ոչ սպասարկվող և շարժական կայաններից, որոնք պետք է կառավարվեն հիմնական կայանից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 8,1 մլրդ ՀՀ դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է սահմանել ՀՀ պետական 10 մրցանակ

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները: Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական 10 մրցանակ հետևյալ ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ: Նախատեսվել է ՀՀ պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը, սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումն իրականացնելու է կառավարությունը, կարգավորվել են ՀՀ պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

Հավանության է արժանացել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ներում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման, դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպման և իրականացման համար լիազոր մարմին սահմանելու հետ կապված հարցերը: Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք մտահոգություններ և առաջարկություններ: Վարչապետը հանձնարարել է քննարկել ներկայացված առաջարկությունները և օրինագիծը լրամշակել մինչև ԱԺ-ում քննարկումները:

Հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով նաև պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար։ Օրինագծերի փաթեթի ընդունմամբ լրատվական գործունեություն իրականացնողներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում են վերաբաշխումներ անել պետբյուջեում՝ պայմանավորված այս և հաջորդ տարի հանրապետությունում իրականացվող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներով: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել Թալին-Լանջիկի, շինարարության ֆինանսավորման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է նաև, որ որոշ դեպքերում նախատեսվել է մեկ աղբյուրից գնման գործընթաց՝ ժամանակին և պատշաճ աշխատանքներն իրականացնելու համար:

Անդրադառնալով մեկ անձից գնման ընթացակարգերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցին պետք է ուշադիր լինել:

«Ճիշտ է՝ այս տարի մենք մեկ անձից գնման ընթացակարգերի նկատմամբ ավելի հանդուրժող դարձանք, քանի որ ճանապարհաշինության պլանից հետ էինք ընկել և կար որոշակի սպառնալիք, որ կարող ենք խնդիրներ ունենալ: Բայց հիմա կա տեղեկատվություն, որ մեկ անձից գնման փոխարեն այն կարելի էր կազմակերպել սովորական մրցութային ընթացակարգով: Իհարկե, սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց ես ձեր ուշարությունը ուզում եմ հրավիրել այս խնդրի վրա. եթե կա ժամանակ, պետք է անել սովորական մրցույթով, ինչու ենք գնում մեկ անձից գնման ընթացակարգով՝ այս հարցերին պետք է ուշադիր լինել: Այսինքն՝ բոլոր դեպքերում, երբ ես անընդհատ խնդիր եմ դնում, որ աշխատանքները պետք է անել արագ, արդյունավետ, ժամանակին ու որակով, սա չի նշանակում, որ դա պետք է անել այլ կարգավորումները շրջանցելու ճանապարհով կամ միջոցով: Այսինքն՝ երբ մենք բոլոր դեպքերում հարց ենք դնում, որ պետք է լուծվի, ակնհայտ է, որ պետք չէ ամեն անգամ ասել, որ դա պետք է լինի օրենքին համապատասխան ձևով: Ընդհանրապես, եթե դա ամեն անգամ ասենք ու եթե մի անգամ մոռանանք ասել, դա կնշանակի, որ այդ մեկը նկատի ունենք, որ կարելի է օրենքը շրջանցելով անել: Ես խնդրում եմ սա հաշվի առնել, որպեսզի մենք հետագա խնդիրների և բարդությունների առաջ չկանգնենք»:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով «Սաթենկար» ՍՊԸ-ին տրվել էր ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ժամկետի երկարաձգման փոփոխությունը պայմանավորված է ներմուծվող ապրանքների ցանկում նոր հումաքտեսակների ավելացմամբ, որոնք նախատեսվում է ներմուծվել երկու տարվա ընթացքում: Ընկերությունը գործում է 2002 թ.-ից. ՀՀ Արագածոտնի մարզում զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Առաջին փուլով ներմուծվել է մոտ 286.5 մլն դրամի հումք: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 300 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ և իրականացվել 181.2 մլն դրամի ներդրում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 95 հազար դրամ միջին աշխատավարձով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: