Հայերեն   English   Русский  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին


  
դիտումներ: 35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ մեր երկրում առաքելությունն ավարտող տնօրեն Շեյն Ռոզենտալին, նրան փոխարինող Պաոլո Սպանտիգատիին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին:

Ողջունելով հյուրերին նախարարությունում՝ տիկին Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և այն շարունակական աջակցության համար, որ ԱԶԲ-ն ցուցաբերում է մեր երկրին ու, մասնավորապես, կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Նոր նշանակված տնօրեն Պ. Սպանտիգատիին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր կարիերայի ընթացքում աշխատել է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելյան Եվրոպայի և ասիական երկրներում և պատրաստ է շարունակել ջանքերը Հայաստանում՝ օժանդակելու արդեն իրականացվող ծրագրերին: Նա արձանագրել է, որ կրթական բարեփոխումները երբեք չավարտվող գործընթաց են, և աշխարհի բոլոր երկրներում էլ դրանք մշտապես գտնվում են քաղաքացիների ու հասարակական հատվածի ուշադրության կենտրոնում:

Մեր երկրում առաքելությունն ավարտող և Վրաստանում գործունեությունը շարունակող Շ.Ռոզենտալին հիշեցրել է նախարարի տեղակալի մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած հանդիպումը, երբ կրթական բարեփոխումները նոր էին ուրվագծվում՝ արձանագրելով, որ այդ ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է տարվել: Նա փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը ռազմավարության ընդունումից հետո աջակցել դրանից բխող կրթական բարեփոխումների հետագա ընթացքին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու կոնկրետ ծրագրերի իրագործմանը, ինչպիսիք են ուսուցիչների վերապատրաստումը, պիլոտային նախագծերի իրականացումը և այլն։

Փոխնախարար Ա.Անափիոսյանը նույնպես արձանագրել է, որ կրթական չափորոշիչների վերանայման գործընթացը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, և այսօր ընդունվող որոշումների արդյունքները տեսանելի են լինելու ապագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: