Հայերեն   English   Русский  

​«Ես կարող եմ դաժան լինել, բայց ոչ այդքան». Դոնալդ Թրամփ


  
դիտումներ: 132

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, The New York Times թերթը տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մարտին իր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կրակել այն ներգաղթյալների ոտքերին, որոնք փորձում են անօրինական հատել Մեքսիկայի հետ սահմանը:

Թերթի աղբյուրները նշում են, որ մասնավոր զրույցներում Թրամփը գաղթականների նկատմամբ շատ ավելի արտառոց միջոցների մասին է խոսել:

Սպիտակ տան ղեկավարն առաջարկել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատին էլեկտրականություն անցկացնել, նաև պատել այն փշալարերով: Այդ տեղեկությունները զետեղված են նոր գրքում, որի հեղինակը The New York Times-ի երկու թղթակից են:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Միացյալ Նահանգների առաջնորդը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ կտրականապես հերքել է այդ գրքի բովանդակած տեղեկությունների արժանահավատությունը, երբ լրագրողներն անդրադարձել են այդ թեմային: Ընդ որում, նա The New York Times-ը շփոթել է մի ուրիշ ամերիկյան թերթի՝ The Washington Post-ի հետ և վերջինիս խիստ քննադատության ենթարկել:

«Դա կեղծ թերթ է՝ գնված հարուստի կողմից, որպեսզի կշիռ ունենա Վաշինգտոնում: Դա լոբբիստական թերթ է: Ես այն անվանում եմ Amazon-ի լոբբիստական The Washington Post: Եվ նա [Amazo-ի և The Washington Post սեփականատեր Ջեֆ Բեզոսը] պետք է ամաչի»,- հայտարարել է Թրամփը:

Երեկ էլ Թրամթը հերքել է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե առաջարկել է սահմանին խրամ փորել, լցնել այն ալիգատորներով և հետաքրքրվել է նման նախագծի մոտավոր գնով: Այդ մասին նա գրել է իր թվիթերում:

«Այժմ մամուլը փորձում է ամեն ինչ այնպես ներկայացնել, որ ցանկացել եմ մեր հարավային սահմանին խրամատ՝ լցված ալիգատորներով ու օձերով և պատնեշով՝ էլեկտրական լարման տակ ու սուր փշերով: Ես կարող եմ դաժան լինել սահմանին անվտանգության ապահովման հարցում, բայց ոչ այդքան: Մամուլը խելքը թռցրել է: Սուտ նորություններ»,- գրել է նա:

Անհերքելի փաստն այն է, սակայն, որ Թրամփի օրոք անօրինական միգրանտների դեմ պայքարը սաստկացել է: Դեռ 2016 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել է իր կողմնակիցներին ավելի կոպիտ իմիգրացիոն քաղաքականություն վարել և ուժեղացնել սահմանապահ հսկողությունը: Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ անօրինական ներգաղթյալները հանցագործ են:

Անցած տարվա հոկտեմբերին նա սպառնաց, որ կփակի հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չդադարեցնեն Կենտրոնական Ամերիկայից իրենց երկրով անցնող և Միացյալ Նահանգներ ձգտող գաղթականների հոսքը: Բացի այդ, նա կարգադրել է սահմանապահներին օգնություն ուղարկել՝ մի քանի հազար զինծառայող: Փետրվարի 15-ին նա հռչակագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: