Հայերեն   English   Русский  

ԱՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել «Միստիկ երկիր Առան» ֆիլմի ստեղծագործական կազմին և հովանավորին


  
դիտումներ: 345

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Գանձասարի վանական համալիրի միաբանական շենքում Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի ստեղծագործական կազմին և հովանավորին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահը «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրել է ֆիլմի հովանավոր Արթուր Ջալալովին, «Երախտագիտություն» մեդալներով՝ ռեժիսոր՝ Հրանտ Մովսիսյանին, սցենարիստ՝ Լևոն Գալստյանին և ձայնային ռեժիսոր՝ Տաթևիկ Հարությունյանին:

Հ. Մովսիսյանն իր շնորհակալությունն է հայտնել ԱՀ նախագահին, իրենց աշխատանքն արժևորելու համար:

Ըստ Հ. Մովսիսյանի, իրենց թիմը ջանք ու եռանդ չի խնայել բարձր մակարդակով Արցախի մասին պատմող վավերագրական-խաղարկային ֆիլմի ստեղծման համար: Նա նշել է, որ հանուն Արցախի իրենց թիմը պատրաստ է իրականցնել հայրենանվեր շատ այլ գործեր:

Լ. Գալստյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Բ. Սահակյանին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է աշխատել Արցախի համար:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից ազգային բարերար Հրաչյա Պողոսյանին է հանձնել գիր երախտիքի, որտեղ գրված է.

«Մեր խորին երախտագիտությունն ու բարձր գնահատանքն ենք հայտնում Ձեզ՝ որպես Արցախի թեմի բարերար և ի մասնավորի՝ թեմի գրքերի լույս ընծայման գործում Ձեր ցուցաբերած մեծ աջակցության համար, այն ընծայելով մեր՝ Արցախի հերոսական ու հավատավոր ժողովրդին, մեր հավատքի պայծառացման և ազգային դիմգիծն ու ավանդական արժեքներն ամուր պահելու համար: Թող Ամենակալն Աստված պահի ու պահպանի Ձեզ և Ձեր հարազատներին, պարգևելով քաջակորով առողջություն և կարողություն՝ շարունկելու Ձեր ազգանվեր եկեղեցասեր վսեմ առաքելությունը»:

Պարգևատրման արարողությանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այլ այրեր, հոգևորականներ և այլք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: