Հայերեն   English   Русский  

Բորիս Ջոնսոնն ուզում է, որ իրեն անվստահություն հայտնեն, բայց ընդդիմությունը մերժում է


  
դիտումներ: 616

Դեռ մի քանի տարի առաջ Մեծ Բրիտանիայում, եթե վարչապետը Համայնքների պալատում կորցներ մեծամասնությունը,

վրա-վրա նրա կարևորագույն առաջարկները քվեարկությամբ մերժվեին խորհրդարանում և դրան գումարած՝ դատարանը նրան փաստացի մեղադրեր իշխանության չարաշահման մեջ, ապա նա, բնականաբար, հրաժարական կտար կամ նրան անվստահություն կհայտնեին։ Սակայն Brexit-ի ստեղծած քաղաքական ճգնաժամում այդ ամենը կարծես բնականոն երևույթ է դարձել Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում։

Որքան մոտենում է հոկտեմբերի 31-ը՝ ԵՄ կազմից դուրս գալու հերթական վերջնաժամկետը, այնքան Մեծ Բրիտանիայում քաղաքական կրքերն ավելի են բորբոքվում։ Բանն հասել է նրան, որ երկրի վարչապետը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համաժողովին և շտապ Մեծ Բրիտանիա վերադառնալ։

Պատճառը երկրի գերագույն դատարանի որոշումն է, որով խորհրդարանի գործունեությունը 5 շաբաթով դադարեցնելու նախաձեռնությունն անօրինական է համարվել։ Նշենք, որ Ջոնսոնն առաջարկել էր թագուհուն սովորաբար մեկ շաբաթ տևող դադարն այս անգամ երկարաձգել՝ դարձնելով հինգ շաբաթ։ Պատճառաբանությունը հետևյալն էր՝ նոր կառավարությանը ժամանակ է հարկավոր աշխատելու և խորհրդարանին Brexit-ի նոր ծրագիր ներկայացնելու համար։ Մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները կարծում էին, որ այսպիսով Ջոնսոնը ցանկանում է խորհրդարանին դուրս թողնել Brexit-ի վերաբերյալ որոշումների կայացումից։

Դատարանը հայտարարել է, որ Ջոնսոնը գուցե թագուհուն ապակողմնորոշել է, եթե նրան էլ խորհրդարանի հինգշաբաթյա դադարն այնպես է ներկայացրել, ինչպես հանրային կերպով։

«Գերագույն դատարանին պատմության մեջ առաջին անգամ առաջարկել են խառնվել խորհրդարանի աշխատանքի ընդհատման գործընթացին։ Հարգելով դատական իշխանությունը՝ կցանկանայի նշել, որ սխալ եմ համարում այն, որ դատարանը որոշում է կայացրել խնդրի վերաբերյալ, որն, ըստ էության քաղաքական է»,- հայտարարել է Ջոնսոնը։

Նա չի բացառել, որ առաջիկայում խորհրդարանի աշխատանքը կարող է նորից ընդհատվել՝ պայմանավորված հոկտեմբերի 14-ին խորհրդարանում թագուհու ելույթի նախապատրաստական աշխատանքներով։

Ավելին, նա վերահաստատել է իր նախկին հայտարարությունը, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս է գալու ԵՄ կազմից՝ լինի համաձայնագրով, թե առանց համաձայնագրի։ Սա այն պարագայում, երբ խորհրդարանը հարկադիր դադարից առաջ հասցրել է օրինագիծ ընդունել, որը պարտադրում է Ջոնսոնին հոկտեմբերի 19-ին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ի երկարաձգման համար, եթե մինչ այդ Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր ընդունված չլինի։ Իսկ այս պահին դեռ որևէ համաձայնագիր չկա և շատ քիչ հավանական է, որ հոկտեմբերի 17-18-ին սպասվող համաժողովից հետո էլ լինի․ ԵՄ-ից հնչող ազդակները հուշում են, որ պատրաստ են երկարաձգել Brexit-ի վերջնաժամկետը, սակայն համաձայնագրի հարցում զիջումների պատրաստ չեն։

Ինչևէ, սեպտեմբերի 25-ին համայնքների պալատը վերսկսել է իր աշխատանքները։ Ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Կորբինը Ջոնսոնին վարչապետի պաշտոնը թողնելու կոչ է արել։ Նրա առաջարկը սատարել են Լիբերալ-դեմոկրատական և Շոտլանդիայի ազգային կուսակցությունները։

Ի պատասխան, սակայն, Ջոնսոնը կոչ է արել իրեն անվստահության քվե հայտնել, եթե կարող են։ Ի դեպ, Ջոնսոնը կողմ է արտահերթ ընտրություններին, սակայն նրա առաջարկը խորհրդարանը մերժել է։ Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու պարագայում, բնականապար, նոր արտահերթ ընտրություններ տեղի կունենան։

Ջերեմի Կորբինը, սակայն, հայտարարել է, որ անվստահության քվեի հարցն առաջ կքաշեն միայն այն բանից հետո, երբ Ջոնսոնը դիմի ԵՄ-ին՝ երկարաձգելու Brexit-ի ժամկետը։

«Եթե նա այդքան շատ է ուզում, որ ընտրություններ տեղի ունենան, ապա թող ԵՄ-ից Brexit-ի երկարաձգում խնդրի։ Այդ դեպքում նա կստանա ընտրություններ»,- հայտարարել է Կորբինը։

Ջոնսոնին ներկայում պաշտոնից չհեռացնելու ընդդիմության քայլը մի քանի հիմնավորում ունի։ Նախ, չնայած իրողությանը, որ խորհրդարանում Ջոնսոնի նկատմամբ վստահություն չունեն, միևնույն է, պարզ չէ, թե ստեղծված իրավիճակում ինչպես կքվեարկեն խորհրդարանականները։ Վստահության քվեի հարց նախաձեռնելու և տապալվելու դեպքում ընդդիմությունը կզրկվի խոսքի իրավունքից Brexit-ի հարցում, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 31-ին։

Բացի այդ, ԵՄ-ից դուրս գալու շարունակ ձգձգվող գործընթացը չափազանց լարել է հասարակությանը՝ ընդլայնելով եվրասկեպտիկների բանակը։ Արդյունքում, մինչև հոկտեմբերի 31-ը նոր ընտրությունների պարագայում հավանականություն կա, որ կհաղթեն պահպանողականները Ջոնսոնի գլխավորությամբ։ Ներկայում սոցհարցումները վկայում են, որ Ջոնսոնի վարկանիշը շուրջ 10 տոկոսով բարձր է Կորբինի վարկանիշից։ Միչնչդեռ, եթե Ջոնսոնը չկարողանա կատարել որպես վարչապետ իր միակ ու գլխավոր խոստումը, այն է՝ մինչև հոկտեմբերի 31-ը երկիրը դուրս բերել ԵՄ-ից, և ստիպված լինի ԵՄ-ից Brexiti-ի ժամկետի երկարաձգում խնդրել, ապա նրա վարկանիշն անկում կապրի։ Նման իրավիճակում ընտրություններում Լեյբորիստների և Պահպանողականների հաղթանակի շանսերը կհավասարվեն։

Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ իրենց կուսակցության՝ իշխանության գալու պարագայում իրենք 6 ամսում կլուծեն Brexit-ի հարցը։ Երեք ամսում ԵՄ-ից դուրս գալու նոր համաձայնագիր կմշակեն, որից հետո էլ հանրաքվե կիրականացնեն՝ հանրությանը թույլ տալով ընտրել՝ դուրս գալ ԵՄ-ից, թե մնալ ԵՄ կազմում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: