Հայերեն   English   Русский  

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը Թբիլիսիում նշանավորվեց հոբելյանական միջոցառմամբ


  
դիտումներ: 515

Հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Թբիլիսիում նշանավորվեց Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացած հոբելյանական միջոցառմամբ:

Ինչպես հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմից, Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյանների համայնքային հանձնաժողովի ծրագրային միջոցառումն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և անհատ բարերարներ Սերգեյ Սիմոնյանի ու Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի հովանավորությամբ:

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի հոգեշնորհ վարդապետները, հոգևոր դասը, հայ և վրացի պաշտոնյաներ՝ ի դեմս Վրաստանում Կրոնի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի, Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանի Անդրեաս նախավկայի անվան համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սերգո Վարդոսանիձեի, երաժիշտների ու Կոմիտասյան երգարվեստի երկրպագուների:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, պաշտոնական այցով Թբիլիսիում հյուրընկալվող հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի անդամները՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ, ՀՀ Սփյուռքի հետ կապի հանձնախմբի աշխատակից Տարոն Շագոյանը, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից և Վրաստանի տարբեր քաղաքներից:

Օրհնության և ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի ու Գումբուրդոյի միտրոպոլիտ գերաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին:

Կոմիտասի անզուգական կատարմամբ «Անտունի» երգից հետո, դահլիճում տարածվեցին Կոմիտասյան մեղեդիները Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակի կատարմամբ (ղեկավար՝ պրոֆեսոր Էռնստ Առաքելով): Հնչեցին շարականներ ու տաղեր, Կոմիտասի աղոթակիր ստեղծագործությունները՝ կլարնետիստ Դիմիտրի Բոքոլիշվիի, Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան երգչախմբի (խմբավար՝ Սվետլանա Տատոևա, դաշնակահար Կարեն Միրզոյան) կատարմամբ: Հընթացս երեկոյի ցուցադրվեցին պատառիկներ Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից: Համերգավարներ Եվգենյա Մարկոսյանի և Սուրեն Աբրամյանի ընթերցմամբ հնչեցին աշխարհահռչակ այրերի գնահատականները Կոմիտաս վարդապետի հանճարին:

Համերգն ավարտվեց համայն հայության կարոտի խորհրդանիշ «Կռունկ» երգով, որ կատարեց Մարինա Շահդինարովան (սոպրանո) կլարնետի նվագակցությամբ:

Ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր Հովհաննես Համբարձումյանը:

Կոմիտասյան չքնաղ երգն ու երաժշտությունը հանդիսատեսով լեցուն դահլիճում ստեղծեցին հիրավի անկրկնելի տպավորություն, որը իրավամբ հարիր է 150-ամյա Կոմիտաս վարդապետ մեծությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: