Հայերեն   English   Русский  

​Փաշինյանի փաստաբանը՝ ընդդեմ Փաշինյանի


«Իմ Ձայնը» ծրագրի ֆեյսբուքյան էջում հրապարակված Արման Պետրոսյանի նյութը դատական համակարգի վերաբերյալ՝ ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի հարցազրույցի


  
դիտումներ: 85

Նիկոլ Փաշինյանի երբեմնի փաստաբանը ծանր գնահատականներ է տալիս այսօրվա դատաիրավական համակարգին: Խոսքը Լուսինե Սահակյանի մասին է, որը մարտի 1-ի գործով Փաշինյանի պաշտպանն էր և անհավասար պայքար էր մղում մեղադրողների ու դատավորների դեմ, պայքարում էր օրինականության վերականգնման համար:

Սա այն Լուսինե Սահակյանն է, որն իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն և սկզբունքային փաստաբաններից մեկը և Նիկոլ Փաշինյանի համար ժամանակին արել է գրեթե անհնարինը։

Այսօր դժվար է չկիսել Լուսինե Սահակյանի գնահատականները դատական համակարգի վերաբերյալ: Փաստաբանն իրավամբ արձանագրում է , որ դատական համակարգը հիմա հետընթաց է արձանագրում: Դատական համակարգին վերաբերող պրոցեսները մեկ գործի շուրջ են պտտվում, և ոչ ոք չի ուզում գնահատել, թե դրանք իրավական, թե ոչ իրավական գործընթացներ են:

Գործընթացները շատ արագ տեղի են ունենում, երբ այդ գործի շրջանակներում իշխանությունների համար ոչ հաճո որոշում է կայացվում: Այս դեպքում մարդիկ, ովքեր նույնիսկ իրավաբանական կրթություն չունեն, սկսում են գնահատել դատավորի որոշումը՝ օրինական է, թե ոչ: Դատավորների նկատմամբ վերաբերմունքը ևս պայմանավորված է այդ որոշմամբ, եթե դատավորը կալանքի մասին որոշում է կայացնում, անկախ նրանից, որ փաստաբանների գնահատմամբ ամենացածր ռեյտինգ ունեցողն է, ապա նա նույնիսկ առաջխաղացման հնարավորություն ունի, հակառակ դեպքում կարող է քրեական գործ հարուցվել հենց դատավորի նկատմամբ:

«Նախկին իշխանությունները չէին փորձում բոլոր դատավորներին ենթարկեցնել, իշխանափոխությունից հետո կարծես թե անկախ դատավորների թիվը պետք է ավելանար: Բայց տեղի ունեցավ հակառակը, իշխանությունները փորձեցին, առանձին դատավորներից բացի, ենթարկեցնել ամբողջ դատական համակարգը»,-հարցազրույցներից մեկում նշում է Լուսինե Սահակյանը:

Հաջորդ թիրախը ՍԴ դատավորներն էին, որովհետև գործը, որի շուրջ ընթանում են բոլոր գործընթացները, հասավ Սահմանադրական դատարան:

Դատական համակարգի բարեփոխման փոխարեն գործադիր իշխանությունը մխրճվել է դատական իշխանության մեջ:

Կալանքը կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ աղմկահարույց գործերով: Փրկօղակ են դառնում այն դատավորները, որոնք շարունակում են պայքարել անկախության համար:

Ավելացել են ապօրինի քրեական գործերը, հարուցվում են քրեական գործեր, որոնց հարուցման համար նույնիսկ բավարար հիմքեր չկան:

Սա է մեր դատաիրավական համակարգը, որի բարեփոխման փոխարեն գնում են կցորդ դարձնելու ճանապարհով: Եվ երբ համակարգի բացթողումները մատնանշվում են փաստաբանների կողմից, որոնք գիտեն դատաիրավական համակարգը ներսից, գիտեն, թե ինչպիսին էր այն նախկինում, և ցավոք տեսնում են հետընթացը, սա իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս: Համակարգերի կազմալուծումը սպառնալիք է հատկապես պետության համար:

Հ. Գ. Կյանքը միայն գրված օրենքները չեն։ Կան նաև չգրված օրենքներ, որոնք երբեմն ավելի ազդեցիկ են։ Երբ անձի նախկին փաստաբանը հետո բուռն քննադատության է ենթարկում նախկին պաշտպանյալի գործունեությունը, ապա դա շատ ծանր բարոյական հարված է։ Ընդ որում քննադատում է նրա գործունեութունը հենց դատաիրավական ոլորտում։ Սա ապտակ է...

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: