Հայերեն   English   Русский  

Հովհաննես Գաբրիելյան. «2020-ին Հայաստանում է անցկացվելու Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովը»


  
դիտումներ: 782

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համար տարին հոբելյանական է:

ՀՈՒՄՖ-ը նշում է հիմնադրման 25 և համալսարանական խաղերի անցկացման 20-ամյա հոբելյանը: Այս առիթով սեպտեմբերի 13-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում կայացավ ֆեդերացիայի 25 ամյակին նվիրված մեծ գիտաժողով ու ընդհանուր ժողով:

Տարիներ շարունակ ՀՈՒՄՖ-ը մարզական իրադարձությունների շուրջը համախմբելով հայաստանյան բուհերի ուսանողությանը` նպաստում է համալսարանական սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի քարոզմանը:

Անկախի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՈՒՄՖ-ի նորընտիր նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, պատմական ակնարկ կատարելով, խոսում է ուսանողական մարզական ֆեդերացիայի ընդհանուր գործունեության, տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր միջոցառումների և ունեցած ձեռքբերումների մասին:

Ուսանողական մարզական ֆեդերացիա

-Պարո՛ն Գաբրիելյան, ՀՈՒՄՖ-ի 25 ամյակին նվիրված համաժողովն ու ընդհանուր ժողովն առանձնացավ իր ընդգրկվածությամբ և բազմաբովանդակությամբ:

-Ուսանողական մարզական ֆեդերացիան հիմնադրվել է 1994 թվականին, հաջորդ տարվանից իսկ անդամակցել է նաև Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիային` սկսելով իրականացնել ուսանողական մարզական միջոցառումներ, ներգրավելով բոլոր ակտիվ բուհերին, որոնք ունեն ֆիզիկական դաստիարակության ամբիոններ կամ սպորտային ակումբներ: Այս տարի արդեն 20-րդ անգամ անցկացվում են հանրապետական մարզական խաղերը:

Տարին կրկնակի հոբելյանական է, որովհետև նշվում է, թե՛ հիմնադրման 25 ամյակը, թե՛ անցկացվում են 20-րդ հանրապետական մարզական խաղերը:

Սեպտեմբերի 13-ին անցկացրինք համաժողով՝ նվիրված Հայաստանում համալսարանական սպորտի 25 ամյակին. միջոցառումը համընկավ ուսանողական ֆեդերացիայի նախկին նախագահ, բազմավաստակ Ռազմիկ Ստեփանյանի հրաժարականի դիմումի ներկայացմամբ և միաժամանակ անցկացվեց ընդհանուր ժողով, որի ընթացքում քննարկվեցին 3 հարցեր` հրաժարականի դիմումի քննարկում և ընդունում, նոր նախագահի ընտրություն, կանոնադրական փոփոխություններ` ֆեդերացիայի աշխատանքները հետագայում ավելի դյուրին դարձնելու, նաև աշխատանքի բաշխումը ճիշտ կատարելու համար:

Կոնֆերանսի ժամանակ հնչեցին ելույթներ, ինչպես նաև շնորհավորանքի խոսքեր և ուղերձներ Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Նաև ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Կոնֆերանսի ավարտին Հայաստանում համալսարանական սպորտի հիմնադրման, կայացման, զարգացման գործում ավանդ ունեցող ֆեդերացիաներին, կազմակերպություններին, անհատներին շնորհվեցին հատուկ մրցանակներ, նվերներ, շնորհակալագրեր` թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում համալսարանական սպորտին աջակցելու համար:

Այդ օրերը համընկան համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի նախագահի Ադամ Ռոշեկի և գլխավոր քարտուղարի Մաթիաս Պեչովնիկի Հայաստան այցով: Նրանք եկել էին նաև 2020 թվականի հոկտեմբերի 8-11-ը Հայաստանում կայանալիք Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովի կապակցությամբ:

-Տարին հոբելյանական է. այդ առիթով հատուկ մարզական միջոցառումներ կազմակերպվե՞լ են:

-Այս տարի մեծ շուքով նշեցինք 20-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի մրցանակաբաշխությունը: Միջոցառումն անցկացվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մեծ դահլիճում. ներկա էին տարբեր մարզաձևերից մրցանակակիր մարզիկներ, դասախոսներ, տարբեր ֆեդերացիաների, նախարարությունների ներկայացուցիչներ: Նվերներով, գավաթներով, մեդալներով պարգևատրվեցին մեր լավագույն մարզիկները: Մրցանակաբաշխությունն այդ ֆորմատով երբեք չէինք կազմակերպել: Նմանատիպ միջոցառում նախատեսում ենք անցկացնել նաև տարեվերջին` աշնանային փուլի ավարտից հետո:

-Վերջերս Վարդավառի այգում մեծ շուքով նշվեց նաև ավանդական դարձած համալսարանական սպորտի միջազգային օրը:

-Համալսարանական սպորտի միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 20-ին: Միջոցառումը համընկավ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին: Վարդավառի այգում մեծ միջոցառում անցկացրինք 20 բուհերի 200 ուսանողների մասնակցությամբ, որը ֆինանսավորվել էր ուսանողական միջազգային ֆեդերացիայի

Ուսանողական մարզական ֆեդերացիա

զարգացման հիմնադրամի կողմից: Հանդիսավոր արարողությամբ նշվեց համալսարանական սպորտի միջազգային օրը. մասնակիցներին տրվեցին շապիկներ, նվերներ, մեդալներ, գավաթներ:

-Գաղտնիք չէ, որ սպորտի մասսայականացման, միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար ֆինանսական հնարավորոություններ են հարկավոր: Ֆեդերացիան ինչպե՞ս է լուծում ֆինանսական հարցերը:

-Ավանդաբար Հայաստանի ուսանողական ֆեդերացիան սերտ համագործակցում է այժմ արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, որը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ, և հիմնականում, որպես ոլորտում առաջատար կազմակերպություն, հենց մեր ֆեդերացիան է հաղթում դրամաշնորհները, ինչի շնորհիվ անցկացնում ենք հանրապետական ուսանողական մարզական խաղերը: 14-15 մարզաձևերից կազմակերպվում են 18 առաջնություններ, շուրջ 25 բուհերի 3000 մարզիկներ են մասնակցում: Նշեմ, որ մենք ունեցել ենք տարբեր միջոցառումներ, որոնք ֆեդերացիան իր միջոցներով է իրականացնում: Նախարարության կողմից տրամադրվող գումարն իրականում այդքան էլ մեծ չէ՝ 4.000.000 դրամ: Նախկինում ուսանողական մարզական ֆեդերացիան, ըստ կանոնադրության, բուհերից հավաքագրում էր մուտքի վճարներ. դրանք սիմվոլիկ գումարներ էին, որոնք թույլ էին տալիս ֆեդերացիային կազմակերպչական ծախսեր հոգալ, հավելավճարներ տրամադրել, մրցանակաբաշխություններ կազմակերպել, որոշ գործուղման ծախսեր հոգալ: Այս տարի կառավարության պահանջով կանոնադրության միջից այդ կետը դուրս է եկել և այժմ ֆեդերացիան փորձելու է փնտրել նոր աղբյուրներ ֆինանսավորման համար, որովհետև ուսանողական ֆեդերացիան չի ֆինանսավորվում մյուս ֆեդերացիաների պես. մենք ֆինանսավորվում ենք կոնկրետ միջոցառման համար: Ունենք 2 ուղղություն. առաջինը` հանրապետական մարզական խաղերն են, երկրորդը` միջազգային մրցաշարերը: Պետությունը հիմնականում ֆինանսավորում է համաշխարհային ունիվերսիադաները, որոնք 2 տարին մեկ են անցկացվում` ամառային և ձմեռային ֆորմատով: Ամառային խաղերի համար միշտ եղել է ֆինանսավորում, մի պահ բյուջեից ֆինանսավորումը դադարեցվեց, սակայն մեր հորդորով ու խնդրանքով կառավարության որոշմամբ կրկին գումար հատկացվեց: Այժմ նախարարության հետ աշխատում ենք 2021թ. ձմեռային և ամառային ունիվերսիադաների միջնաժամկետ բյուջետային ծրագրի հաստատման շուրջ:

Խնդիրները շատ են, ֆեդերացիան իր աշխատունակությունը պահպանելու համար պետք է գտնի հովանավորներ, ֆինանսական արտոնություններից օգտվի:

Հայաստանում համագործակցում ենք բոլոր ազգային մարզական ֆեդերացիաների հետ, որոնք կազմակերպում են թե՛ տեղական ուսանողական մարզական միջոցառումներ, թե՛ ցանկություն են հայտնում միջազգային տարբեր հարթակներում ներկայացնել իրենց մարզիկներին: Ամբողջ թղթաբանության, հայտերի ներկայացման հարցերով զբաղվում է ուսանողական մարզական ֆեդերացիան: Պետք է նաև նշեմ, որ ուսանողական մարզական ֆեդերացիայում բոլոր աշխատողները կամավորներ են: Շատ հարցեր կան, որոնց շուրջ ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է ազգային ֆեդերացիաների հետ խնդրի արդունավետ լուծմանը հասնելու համար: Ֆինանսը կարևոր է, բայց դա չէ հիմնական դրդող ուժը, որ ֆեդերացիան լիարժեք աշխատանք իրականացնի:

-Հանրապետությունում գործող բուհերը բավարար չափով համագործակցու՞մ են ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ մարզական միջոցառումներ կազմակերպելու, առաջնություններին մասնակցելու տեսանկյունից:

-Մեր աշխատանքի հիմնական նպատակն է լինելու բուհերի հետ սերտ համագործակցությունը: Մինչև տարեվերջ ուսանողական մարզական ֆեդերացիան նախաձեռնելու է սեմինարների կազմակերպում բուհերում, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու բուհերի ղեկավարների, համապատասխան ամբիոնների ղեկավարների, ուսանողական խորհուրդների հետ, որովհետև նրանք մեծ աշխատանք են կատարում բուհերում սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ: փորձելու ենք մաքսիմալ ակտիվացնել բուհերի ներգրավվածությունը՝ ներբուհական միջոցառումների կազմակերպմամբ, ինչու չէ նաև ֆիզիկական դաստիարակության գործընթացի բարելավման և ղեկավարության կողմից «Ֆիզիկական դաստիարակություն» առարկան ու սպորտը բուհում կարևորելու տեսանկյունից:

-Տեղյակ եմ, որ ուսանողական մարզական ֆեդերացիան ակտիվ համագործակցում է միջազգային կառույցների հետ:

- Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկեր միջազգային կառույցների հետ, եվրոպական և միջազգային ֆեդերացիաների հետ, զարգացման ծրագրերի ակտիվ մասնակից ենք:

Այս տարի համագործակցության տեսանկյունից բավական ակտիվ տարի է: Սեպտեմբերի 25-28-ը Պորտուգալիայում մասնակցելու եմ համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հիմնադրման 20 ամյակին, որտեղ մեծ կոնֆերանս է տեղի ունենալու:

Ուսանողական մարզական ֆեդերացիա

Հոկտոմբերի 14-17-ն իտալական Թուրին քաղաքում կայանալու է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որտեղ ընտրվելու է նոր ղեկավար կազմ: Միջազգային գործուղումների հետ կապված ունենք խնդիրներ. տոմսերի ձեռքբերման ու մասնակցության հարցերը հիմնականում մասնակից կազմակերպություններն են լուծում: Այս փուլում դեռևս ինքս եմ հոգում ծախսերը, բայց հույս ունենք որ հետագայում ինչ-որ ինստիտուցիոնալ լուծում կգտնենք և նմանատիպ հարցերն ավելի դյուրին կլուծվեն: Չնայած այդ հանգամանքին՝ ուսանողական մարզական ֆեդերացիան իր գործառույթները լիարժեքորեն կատարում է:

Այս տարի ունեցել ենք հաջողություններ. Նեապոլում ունիվերրսիադայում Արթուր Ավետիսյանն օղակների վրա վարժությունում դարձավ չեմպիոն, Սերգեյ Վարդազարյանը թաեքվոնդոյում բրոնզե մեդալակիր: Եվրոպական ասպարեզում հաջողություն գրանցեցինք շախմատի համալսարանական Եվրոպայի առաջնությունում. տնտեսագիտական համալսարանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը, իսկ անհատական պայքարում գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը զբաղեցրեց 1-ին տեղը: Այս հաջողությունները միջազգային հարթակներում բարձրացնում են մեր վարկանիշը: Դրա վառ ապացույցը մեր ճանաչվածությունն է. արդեն նշեցի, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելու է Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողով. ղեկավար կազմի ընտրություն է լինելու: Ժողովին մասնակցելու են եվրոպական 45 երկրների շուրջ 150 պավիակներ ոչ միայն եվրոպական երկրներից, այլև տարբեր միջազգային կազմակերպություններից: Տարբեր մայրցամաքների ֆեդերացիաների ասոցիացիաների, համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի, եվրոպական օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ, ռեկտորներ են մասնակցելու ժողովին: Շատ կարևոր ներկայացուցչական միջացառում է սպասվում: Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկն ու գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկը Հայաստանում գտնվելիս հանդիպեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարությունն իր ֆինանսական և կազմակերպչական աջակցությունը կցուցաբերի միջոցառման անցկացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: