Հայերեն   English   Русский  

Առաջիկա տարիներին փորձ կարվի օգտագործել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-հնդկական մեծ ներուժը


  
դիտումներ: 114

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:

Նախարար Ա. Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում պաշտոնավարելու ընթացքում: Նա արձանագրել է, որ թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, իսկ գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում:

Իր հերթին դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպումների շարքն սկսում է ԿԳՄՍ նախարարից : Նրա խոսքերով, այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ու նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Խոսելով մշակութային համագործակցության և փոխանակման ծրագրերի մասին՝ պարոն Դեվալը բարձրացրել է Հայաստանի տարածքում հնդկական ֆիլմերի նկարահանումների հնարավորության հարցը: Դեսպանը նաև հանդես է եկել առաջարկություններով՝ հայ արվեստագետներին հրավիրելով Հնդկաստանում մասնակցելու ազգային երգուպարի, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների ներկայացման փառատոններին:

Նախարար Ա.Հարությունյանը հնարավոր է համարել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ առաջարկելով գալիք տարիներին երկու երկրներում մշակույթի օրեր կազմակերպել: Տեղեկացնելով, որ անցած տարի հայկական բուհերում սովորող հնդիկ ուսանողների թիվն անցել է 1200-ից, իսկ այս տարի ստացվել է շուրջ 600 դիմում, և հաշվի առնելով առողջապահության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հնդիկ ուսանողների մեծ հետաքրքրությունը, նախարարը կարևորել է Հնդկաստանի բուհերից որևէ մեկի հետ համագործակցելու հարցը:

Կողմերն անդրադարձել են նաև գիտության, պատմամշակութային ժառանգության պահպանման և հնագիտության բնագավառներում համագործակցության հնարավորությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: