Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 848

Անհանգիստ շաբաթ էր՝ հագեցած հատկապես աղմկահարույց իրադարձություններով: Հենց երկուշաբթի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց և հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի, որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Այս հրաժարականն ու հայտարարությունը ցույց տվեցին, որ կառավարությունում առաջացած ճգնաժամը շատ ավելի խորն է, քան կարծում էինք: Սա ոչ միայն հեռացում էր խորտակվող նավից, այլև ահազանգ և նավը փրկելու կոչ, ինչը, բնականաբար, հակասական արձագանքների արժանացավ: Ցավալին այն է, որ հայտարարությունում նշված վտանգներին անդրադառնալու փոխարեն իշխանամետ գործիչներն ու լրատվամիջոցները սկսեցին փորփրել, թե ում օգնությամբ է այն գրվել, իսկ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր կարևոր համարեցին նշել, որ Վանեցյանը տարիուկես մասնակից է եղել այն ամենին, ինչը հեռանալիս մատնանշում է, և վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու: Սակայն ամենից մտահոգիչը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքն էր, ըստ որի՝ Վանեցյանը քաղաքական կարիերա է սկսում: Փաստորեն ներկայիս ընդդիմություն ներկայացող խմբակցության համար շատ ավելի կարևոր է Վանեցյանի հետագա կարիերան, քան Հայաստանի ճակատագիրը:

Ուշագրավ էր, սակայն. կառավարության արձագանքը: Այն պահին, երբ հրապարակվեց հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում իր հերթական մեծ ասուլսն էր տալիս, ուստի նրա հայտարարությանը ծանոթ չէր։ Նա հայտնեց, որ Վանեցյանի ազատման միջնորդագիր է ստորագրել, ընդ որում, նրա հեռնալու մասին որոշումը կայացվել է մի քանի քննարկումների և փոխադարձ համաձայնության հիման վրա: Երկու օր անց, երբ ազատման դիմում ենրկայացրեց մյուս ուժային կառույցի՝ ոստիկանության ղեկավար Վալերի Օսիպյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Վանեցյանը և Օսիպյանը ոչ թե հրաժարական են տվել, այլ հեռացվել են, քանի որ վարչապետը գոհ չէր նրանց աշխատանքից: Իսկ շաբաթվա վերջին արդեն Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի հայտարարության մասին ասաց. «Սպան էդպիսի բան անի՞: Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»:

Նշենք, որ իր տարբերություն Վանեցյանի, Օսիպյանը իր հեռացման պատճառները չմեկնաբանեց՝ խոստանալով դա անել առաջիկայում: Բայց կասկած չկա արդեն, որ երբևէ այդ խոստումը չի կատարվի, քանի որ Օսիպյանը, որի աշխատանքից վարչապետը դժգոհ է, նշանակվեց վարչապետի խորհրդական:

Ի դեպ, անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի հրաժարականների համատեքստում կասկածներ էին հնչում նաև պաշտպանության նախարարի հրաժարականի մասին, սակայն Դավիթ Տոնոյանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարեց, որ նման մտադրություն չունի, սկսած աշխատանքը կիսատ չի թողնի և իր պատասխանատվությունը չի նվազեցնի։ Այսուհանդերձ նախարարը չբացառեց պաշտոնը թողնելու պահանջի հավանականությունը:

Ինչ վերաբերում է վարչապետի վանաձորյան ասուլիսին, որը նվիրված էր նոր իշխանությունների 100 ձեռքբերումներին և նախորդի պես լի էր զավեշտալի տվյալներով, առանձնապես արձագանքների չարժանացավ, ավելի ճիշտ կլինի ասել՝ անուշադրության մատնվեց: Եվ պատճառը, անշուշտ, ոչ միայն այն էր, որ հասարակությունն արդեն ընտելացել է վարչապետի ինքնագովազդող գործելաոճին, այլև այն, որ օրակարգում իսկապես աղմկահարույց և մտահոգող խնդիրներ կային՝ բանկային գաղտնիքը մատչելի դարձնելու որոշումը, Ամուլսարի հանքի շահագործումը, իշխող կուսակցության հնարավոր պառակտումը և մանավանդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը դեռ Վանաձորից ողջունեց ԱԺ նախագահի ելույթը՝ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանը ապօրինի որոշում է կայացրել: Իսկ երեկոյան խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ հրավիրեց և հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց են սկսելու։

Այս իրադարձությունների համատեքստում բնավ անսպասելի չէր հաջորդ օրվա աղմկոտ իրադարձությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ՍԴ որոշման հիմքով վերացնելու միջնորդությունը:

Փաստաբանները համապատասխան հիմնավորումներով միջնորդեցին կիրառել գրավ կամ ազատությանը չառնչվող խափանման այլ միջոց, երկու անգամ ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ բացառելով քննության վրա ազդելու և դրանից խուսափելու հնարավորությունը:

Սեպտեմբերի 20-ին դատարանը մերժեց նաև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Պաշտպանական կողմը դատավոր Դանիեբյանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն: Իսկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակից երթով գնացին դեպի ԱԱԾ շենք։

Երեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և բացման խոսքում հայտարարեց, որ ըստ էության՝ իրենք ադեկվատ են գնահատում իրավիճակը։ Բուն օրակարգի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ, իհարկե, ոչինչ չասող ընդհանուր ձևակերպումներ էին, սակայն տեղեկատվության արտահոսք եղավ այն մասին, որ հիմնականում քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետք է ճնշվի Ամուլսարի հանքի գործարկման դեմ շարժումը:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հետ գրեթե միաժամանակ հայտնի դարձավ, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Հայտնի դարձավ նաև, որ ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանին ու ևս 2 անձի:

Անցնող շաբաթվա մտահգություն հարուցող իրադարձությունների շարքում չի կարելի չնշել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ուշացած արձագանքը Հայաստանի վարչապետի «Արցախը Հայաստան է» հայտարարությանը. «Մենք մեր խոսքը կասենք մարտադաշտում, և մենք երազում ենք այդ մասին։ Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս»:

Անցնող շաբաթվա ընթացքում էլ հանգուցալուծում չստացավ քաղաքապետարան-«Սանիթեք» հակամարտությունը, և շարունակվեցին «Սանիթեքի» աշխատակիցների ցույցերը աշխատավարձ չստանալու կապակցությամբ: Քաղաքապետարանը փաստաթղթեր ցույց տվեց ընկերությանը փոխանցված գումարների վերաբերյալ, իսկ ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ քաղաքապետարանը թերի է փոխանցել գումարները։ «Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել և գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ»,- հայտարարեց ընկերությունը:

Ինչպես միշտ աղմկոտ էր կառավարության շենքի առաջ կառավարության հերթական նիստի օրը՝ հինգշաբթի: Այստեղ հավաքվել էին զոհված զինծառայողների մայրեր և այրիներ՝ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը որոշում կայացնի և բոլոր զոհվածների ընտանիքներին հատկացնի նույնքան դրամ, որքան ստանալու են Մարտի 1-ի զոհերի հարազատները: Մարգարիտա Խաչատրյանը այդ պահանջով անժամկետ նստացույց ու հացադուլ սկսեց: Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինծառայողների հարազատների հետ։ Նա ասաց, որ 1000 դրամների հիմնադրամից վճարվողների ցանկը մտադիր են ընդլայնել, բայց դրա համար ժամանակ է պետք: Զոհված զինծառայողների հարազատները վարչապետի հետ հանդիպումից դժգոհ էին, բայց Մարգարիտա Խաչատրյանը որոշեց ժամանավորապես դադարեցնել նստացույցն ու հացադուլը:

Ընդլայնվեց «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրալների թիվը՝ հասնելով 15-ի, որոնց շարքում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որ Գագիկ Ծառուկյանի մտերմներից է, իսկ նրա դուստրը՝ Նորա Առուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Ձերբակալվեց նաև ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը այսպես կոչված կեղծ մեդալների գործով (նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ):

Շաբաթվա վերջում՝ ուրբաթ, նոր թափով շարունակվեց Ջերմուկում և շրջակա գյուղերում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը. դասադուլ և գործադուլ, քայլերթ և ավտոերթ: Հայտարարվեց, որ եթե «Լիդիանի» գործունեությունը չկասցվի, ցույցերը կշարունակվեն: Իսկ Երևանում բնապահպանները և Ամուլսարով մտահոգ քաղաքացիները երթով անցան կենտրոնական փողոցներով և երթն ավարտեցին Հանրապետության հրապարակում։

Ավելի քան աղմկահարույց էր Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների միջև ծեծկռտուքի միջադեպը, որի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացավ և կոմայի մեջ ընկավ, ձերբակալվեց Վայոց ձորի մարզպետի օգնականը:

Երևանում էլ ՎԵՏՕ-ն բացեց Ջորջ Սորոսի արձանը նրա ֆինանսավորմամբ գործող «Բաց հասարակություններ» հիմնադրամի գրասենյակի առջև:

Հայաստանի անկախության օրն էլ՝ սեպտեմբերի 21-ին, հանդիսությունները տեղի ունեցան Գյումրի քաղաքում: Սակայն Գյումրիից շատերը վերադարձան հիասթափված: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը մասնավորապես գրեց. «Ամեն ինչից զատ, սա անճաշակ, անիմաստ, ոչինչ չասող, Անկախության տոնի և մասնավորապես Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր: Խնդրեմ անհեթեթությունը նորարարության հետ չշփոթել»:

Իսկ երեկ՝ կիրակի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Միացյալ Նահանգներում էր՝ Լոս Անջելեսում, ուր հանդիպեց լրագրողների հետ և բոցաշունչ ելույթ ունեցավ հանրահավաքում:

Շաբաթն ավարտվեց պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի ներխուժման ձախողված փորձով, որի հետևանքով ադրբեջանցի զինվոր սպանվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: