Հայերեն   English   Русский  

​2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ անկախության մի նոր հանրաքվե. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 415

ՀՀ անկախակության 28-ամյակի միջոցառումները ծրագրվեցին ու անցկացվեցին Գյումրիում: Խոսելով անկախության անհրաժեշտության և այն ձեռք բերելու դժվարին ճանապարհի մասին,

վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե անկախությունից անմիջապես հետո հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը կանգնեցին մեջ փորձության առջև. դեռևս մի քանի տարի առաջ սկսված կոնֆլիկտը վերաճեց լիարժեք պատերազմի որում հայ ժողովուրդը՝ միասնության, կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել:

- Այդ հաղթանակը բերեցին առաջին հերթին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի, և որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը: Եվ մենք, անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություններ, տեսանք արտագաղթ, տեսանք տնտեսական և քաղաքական դժվարություններ, տեսանք բավականին տխուր ընթացք: Եկավ մի ժամանակ, որ գրեթե ամեն օր մամուլում հարց էր հնչում՝ ինչպիսին կլինեն արդյունքները, եթե այսօր, այսինքն 91 թվականից հինգ տարի անց, 10, 15 ու 20 տարի անց լիներ հանրաքվե: Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ այս բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական <այո> կասեր:
Ես երբեք դրանում չեմ կասկածել: Բայց պետք է արձանագրեմ, որ նաև այս ընթացքում շատ կասկածողներ են եղել, և ի վերջո, նաև տրվել է այդ հարցի պատասխանը, որովհետև ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե, և 100-հազարավոր հայ քաղաքացիներ, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ, ՀՀ-ում և սփյուռքում՝ նրանք դուրս եկան ևս մեկ անգամ նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ <այո> ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը: Դա մի նոր անկախության հանրաքվե էր, որը ասեց՝ հայ ժողովուրդը 27-28 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ, և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա: Եվ ուրեմն, այսօր, սեպտեմբերի 21-ին, հավաքվել ենք ահա այստեղ, ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը Երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը, որպես մի մեծ հավաքականություն, ունի բավարար կամք, բավարար իմաստություն, գիտելիք, տաղանդ և վճռականություն, իր ուսերին կերտելու ու տանելու պետականության պատասխանատվությունը, և ապրել ազատ ու երջանիկ այս պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի:
Attachments area




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: