Հայերեն   English   Русский  

​Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական քաղաքականության. Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 409

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը Գյումրիում խոսել է Արցախի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների շուրջ:

Նա պատասխանել է պատերազմով սպառնացող Ադրբեջանին և նշել, մեր հակառակորդից պետք է սպասել ամեն տեսակի քայլ:

- Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին՝օրինակ վերցնենք Հիտլերը, ինչքան էր հրճվում, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ինչքան էին հրճվում, իրենք գիտեին, թե պատերազմը լավ բան է, տեսանք ինչի դա բերեց: Այսպիսի հայտարարությունները, այնուամենայնիվ, մենք շատ լուրջ պետք է ընդունենք, որովհետև չի բացառվում, որ հիմա Ադրբեջանն անցնի մի այլ ահաբեկչական քաղաքականության, փորձի առևանգել հայերին` արտասահմանում, երգիչներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, հետո փորձի փոխանակման այդ այլասերված տարբերակն առաջարկի՝ որ ահաբեկիչներին ու հանցագործներին փոխանակի մեր հայրենակիցների հետ: Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ հարցերին:

Բաբայանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից պատերազմում երեխաներին օգտագործելու մասին, իսկ հարևան երկրում ստեղծված պատանի մահապարտների ջոկատը անվանեց պատերազմի հրճվանքներից մեկը:
Այսօր Արցախն անկախ պետություն է, որի հետ պետք է հաշտվել: Հայաստանի հետ միավորվելու մասին Դավիթ Բաբայանը նույնպես համաձայն է, ավելին, դա է համարում լավագույն լուծումը, բայց այդ ամենին պետք է հասնել ճիշտ քաղաքականության արդյունքում և փուլ առ փուլ:

- Իսկ ո՞վ չի ուզում պաշտոնապես Հայաստանն ու Արցախը դարձնել մեկ միասնական պետություն, բայց դրա համար ձև կա, ժամանակ կա: Եվ միայն մարդկանց գոռալով չէ, էսօր էլ մեկը գոռում էր, որ Արցախը մարզ է: Մենք չենք ընտրել այս վիճակը, այն պարտադրված էր ինչ-որ ձևով, միջազգային, աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներով, ունենք երկու պետություն, բայց մենք ընդհանուր հայրենիք ենք: Մենք պետք է լինենք մեկ ընդհանուր հայրենիք և մեկ պետություն, դրան հասնելու ենք, բայց դրա համար պետք է միասնական լինել: Եթե մենք խոսում և ասում ենք, որ Արցախը Հայաստանի մաս է, մենք Հայաստանին դնում ենք ծանր վիճակի մեջ, թիրախավորում ենք: Այո, Արցախն էլ Հայաստան է, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ դեռևս: Ես կարծում եմ, որ մեր միասնական դրոշը պետք է լինի Արցախի դրոշը, որովհետև այն խորհրդանշական է: Այն խորհրդանշում է հայրենիքն ու սփյուռքը: Նման բաների մասին կարելի մտածել, բայց խոսել անպատասխանատու բաներ, ինչ-որ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Արցախին, որևէ մեկին թույլատրելի չէ:

Բաբայանը հատկապես զարմանում է, երբ Արցախի ու արցախցիների շահերին հակառակ են խոսում նույն հայերը. ՛՛Հախվերդյանն ասում է ղարաբաղցիները թուրք են, Թադևոսյանն ասում է էդ տարածքները մերը չեն: Բա ովքե՞ր են էդ մարդիկ, ադրբեջանցի՞ են: Հայ են չէ՞՛՛: Արցախի նախագահի մամլո խոսնակը պատասխանում է նաև Արցախի ու Հայաստանի ղեկավարների միջև անհամաձանությունը տարածողներին. նախ հստակեցնում՝ անհամաձայնությունը թշնամանք չէ, այլ տարբեր կարծիքներ ունենալը. ՛՛Ցանկացած նորմալ երկրում պիտի լինեն տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ մեկս մյուսիս պետք է լինենք թշնամի: Ով ուզում է լինի, իրավունք չունի: Պետք է այնպես անել, որ միասնականություն լինի. պաշտոնական Երևանը պարտավոր է պաշտոնական Սեփանակերտի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, և հակառակը: Մենք կարծում ենք՝ հակամարտությունը պետք է այնպես լուծվի, որ նախ և առաջ մեր անվտանգությունն ապահովվի, երկրորդ, որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի նորից վերադառնալու այդ լուծմանը, և դա լինի երկարատև ու հավիտյան՛՛:

Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադառնալու Հայաստանի իշխանության տեսակետը Արցախում նույնպես կիսում են, բայց և գիտեն դա բարդ, աշխատատար ու ժամանակ պահանջող գործընթաց է, որին խոչընդոտելու համար Ադրբեջանն ամեն ինչ անում է:

- Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության շնորհիվ, եթե Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, իր որոշումն է, բայց առանց դրա էլ չի լինելու հակամարտության կարգավորումը, - ասում է ԴավիթԲաբայանը:
Անդրադառնալով Մեյթու Բրայզայի վերջերս կատարած հայտարարությանը, թե բանակցային գործընթացը Հայաստանը տանում է նահանջի, Բաբայանն ասում է՝ Բրայզան մարգարե չէ, նրա ասածները վերջնականը չեն: Բնականաբար, նա խոսելու էր Ադրբեջանի շահերից, քանի որ կապեր ունի այդ երկրի հետ, կինն էլ թուրք է.

- Ի՞նչ նահանջի մասին է խոսքը, եթե Ադրբեջանն ասում է եկեք մեր ահաբեկիչներին տվեք մեզ, մենք էլ բաց թողնենք ձեր էն մարդկանց, որոնց պարտավոր ենք բաց թողնել: Երբ նա հերոսացնում է Սաֆարովին, որ կացնահարել է Գուրգեն Մարգարյանին, երբ ասում է թեյ են խմելու Արցախում, Երևանն իրենցն է, ի՞նչ նահանջի մասին է խոսքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: